24 07 2018

Նման հանգիստ իրավիճակ շփման գծում չի եղել, բայց հնարավոր է լարվածության աճ սեպտեմբեր-հոկտեմբերին. Լևոն Մնացականյան

Նման հանգիստ իրավիճակ շփման գծում չի եղել, բայց հնարավոր է լարվածության աճ սեպտեմբեր-հոկտեմբերին. Լևոն Մնացականյան

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի մոտ գտնված ավտոմեքենաները Արցախի պաշտպանության բանակինը չեն: Այս մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

 «Որտեղի՞ց վստահություն, որ Պաշտպանության բանակի մեքենաներն են հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ։ Այդպիսի բան չկա, համացանցում եղել է նյութ, որտեղ Աստրախանի համայնքի բարերարները հայտարարել են, որ այդ մեքենաները տալիս են ԵԿՄ-ին, որ օգտվեն այդ մեքենաներից։

Պաշտպանության բանակին նվիրաբերած մեքենաները գտնվում են ՊԲ հաշվեկշռում, դա ձեզ վստահեցնում եմ»,-հայտարարեց Լևոն Մնացականյանը:

Արցախի պաշտպանության նախարարն անդրադարձավ նաև առաջնագծում տիրող իրավիճակին: Նրա խոսքով, հրադադարի ռեժիմի խախտման կտրուկ նվազում է նկատվել.

«Իրադրությունը կայուն հանգիստ կարելի է գնահատել, բայց լարվածության միտումներով։ Նման հանգիստ իրավիճակ չի եղել, հնարավոր է սակայն լարվածության աճ սեպտեմբեր-հոկտեմբերին»,-ընդգծեց նախարարը:

Խոսելով առաջնագծում զինծառայողների հիգիենիկ պայմանների մասին՝ Լևոն Մնացականյանը նշեց, որ առաջնագծում զինծառայողը ջրի խնդիր չունի, կրկնակի ջուր է տարվում, իսկ լողանալն էլ շաբաթը մեկ անգամ կազմակերպվում է հենց առաջնագծում։ Նրա խոսքով, զինվորները ընդամենը 100 կամ 200 մետր են գնում ջրի համար. Ինչ վերաբերում է 14-օրյա մարտական հերթապահության մասին հարցին, նա նշեց որ ուսումնասիրություններ են կատարվում և այս պահի դրությամբ ճիշտը 14 օրն է:

 Շարունակելով թեման՝ Մնացականյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները, առհասարակ բոլոր նորակոչիկները, երջանիկ են, որ ծառայում են Արցախում։

«Փաշինյանի ու Տոնոյանի որդիները ֆիզիկապես պատրաստ են, շատ բան չենք կարող ասել, բնականաբար։ Արցախի նախագահի որդին, իմ որդին, Արշավիր Ղարամյանի որդին ծառայել են Պաշտպանության բանակում։ Այսօր ծառայում են բանակում դատախազի, քաղաքապետների, հրամանատարների որդիներ: Չեք կարող նշել Արցախում մի դեպք, որ այսինչի որդին չի ծառայել, որովհետև պաշտոնյայի որդի է»,- ասաց նա:

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ