14  05  2018

Հիմա արդեն նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում պաշտպանված է լինելու. վարչապետի կոչը Սոչիի հայ համայնքին



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13 մեկնել է Սոչի: Մայիսի 14-ին Սոչիում կայանալու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը:

Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՀՀ վարչապետին դիմավորել են Սբ.Սարգիս եկեղեցու բակում, որտեղ նա ելույթ է ունեցել հայ համայնքի առջև և կոչ է արել վերադառնալ և ներդրումներ անել Հայաստանում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից: Դիմելով հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Բոլորիդ ողջունում եմ եղբայրական Ռուսաստանի Սոչի քաղաքում և ցանկանում ասել, որ հպարտ եմ ձեզնով: Ողջ քաղաքական մեր գործընթացի ընթացքում զգացել եմ ձեզնից յուրաքանչյուրի շունչը, աջակցությունը, և այս հաղթանակը ձեզնից յուրաքանչյուրի հաղթանակն է, սրանից հետո հայ ժողովուրդը լինելու է հաղթող, հայ ժողովուրդն ի վերջո վերադառնալու է իր հայրենիք: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եղբայրական Ռուսաստանին, որ նման պայմաններ են ստեղծվել հայ ժողովրդի համար, բայց ուզում եմ նաև ասել, որ մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է, մեր նպատակը հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, հոգևոր, գիտական ներուժը կամ նրա զգալի մասը Հայաստանի Հանրապետությունում կենտրոնացնելն է և նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը:

Ես Ռուսաստանի հայ և ռուս գործարարներին կոչ եմ անում գալ Հայաստան և անել ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, որովհետև հիմա արդեն նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում պաշտպանված է լինելու, և որևէ ներդրում չի լինելու սպառնալիքի ներքո: Այսօր մեր երկրի, հայ ժողովրդի հեղինակությունը բարձր է ավելի քան երբևէ, և ստեղծված են բոլոր պայմանները, որ մենք ապրենք ու երջանիկ լինենք մեր հայրենիքում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ