20  12  2017

2017թ. ԱԱԾ մարմինները թույլ չտվեցին, որ ինչ-ինչ զարգացումներ վնասակար հետևանքներ առաջացնեն Հայաստանի պետականության համար. Սերժ Սարգսյան

2017թ. ԱԱԾ մարմինները թույլ չտվեցին, որ ինչ-ինչ զարգացումներ վնասակար հետևանքներ առաջացնեն Հայաստանի պետականության համար. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ.

«Ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ, Շնորհավորում եմ ձեզ և համակարգի վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ:  Մեր հասարակության և պետության անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ անձնվեր աշխատանքի, մեր երկիրն աղետաբեր չարագործություններից զերծ պահելու գործում ձեր դերակատարության և ցուցաբերվող պրոֆեսիոնալիզմի համար:

Ցավոք, վերջին տասնամյակներում տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակը շարունակաբար ուղեկցվում է զազրելի ոտնձգություններով, հատկապես ահաբեկչական բնույթի դաժան հանցագործություններով: Նման պայմաններում դուք կարողանում եք բարձր պահել մեր պետականության հիմքերի, սահմանադրական կարգի և անվտանգության պահապանի կոչումը: Դուք ժամանակին համահունչ զարգացնում եք ձեր աշխատանքը՝ զսպելով վտանգավոր զարգացումները:

2017 թվականի ընթացքում ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումներն իրենց գործառույթներն իրականացնելիս դրսևորեցին պահանջվող պատրաստվածություն: Ավելին՝ ԱԱԾ մարմինները, վերահսկելով օպերատիվ իրավիճակը, թույլ չտվեցին, որ ինչ-ինչ զարգացումներ վնասակար հետևանքներ առաջացնեն Հայաստանի պետականության և սահմանադրական կարգի համար: Միևնույն ժամանակ, ազգային անվտանգության մարմինների ղեկավարությունն ու անձնակազմը ամենօրյա շարունակական աշխատանք են իրականացրել սահմանադրական բարեփոխումների իրագործման անվտանգ ու բնականոն ընթացքն ապահովելու համար: Այդ աշխատանքների շրջանակում առաջիկա տարում կհստակեցվի նաև Ազգային անվտանգության ծառայության կարգավիճակը:

Հարգելի՛ պարոնաք գեներալներ և սպաներ,  Հարգարժա՛ն վետերաններ, Մենք լի ենք վճռականությամբ՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության հետագա զարգացումը: Ավելին՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի բոլոր ուղղություններով իրականացվող այդ աշխատանքները համապատասխանեն ժամանակակից առաջատար հատուկ ծառայությունների չափանիշներին: Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ ի շահ մեր ժողովրդի և հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու վեհ գործի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ