27  11  2017

Այս պաշտոնում ինձ ամենաշատը զարմացրել է այն, որ պոպուլիզմը դարձել է ուժեղ գործոն. Կարեն Կարապետյան

Այս պաշտոնում ինձ ամենաշատը զարմացրել է այն, որ պոպուլիզմը դարձել է ուժեղ գործոն. Կարեն Կարապետյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Մեդիամաքս գործակալությանը:

Ներկայացնում ենք մի քանի կտոր ծավալուն հարցազրույցից:

 

- Որո՞նք են նման պաշտոնում աշխատելու ամենամեծ դրական ու բացասական կողմերը Ձեր համար:

- Այսպես ձևակերպեմ՝ երբեմն դիսկոմֆորտի պատճառը ազատ ժամանակի բացակայությունն է: Դրա հետևանքով հիմա շատ քիչ եմ կարդում, չնայած միշտ փորձել եմ շատ կարդալ, համերգների չեմ գնում, սպորտով քիչ եմ զբաղվում, թոռնիկիս կարող է օրերով չտեսնում՝ գործի գնալուց նա դեռ չի հասցնում արթնանալ, իսկ երբ վերադառնում եմ աշխատանքից՝ հիմնականում արդեն քնած է լինում: (Զրույցը կայացել էր նոյեմբերի 18-ին, երբ վարչապետի զույգ թոռնիկները դեռ չէին ծնվել-հեղ.): Իհարկե, սա ոչ միայն ինձ է բնորոշ, այլև բոլոր նրանց, ովքեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում կառավարման համակարգում:

Սա չափազանց հետաքրքիր ու պատասխանատու աշխատանք է: Ասել եմ և կարող եմ կրկնել՝ ցանկացած կառավարչի համար գերագույն հաճույք է ծառայել սեփական ժողովրդին ու երկրին:

 

- Դուք հաջողակ մարդու համբավ ունեք: Մի մարդու, ում մոտ միշտ ամեն ինչ ստացվել է: Դժվարություններ երբևէ ունեցե՞լ եք:

- Իհարկե, բազմաթիվ նման պահեր են եղել իմ կյանքում: Ես ապրել եմ այնպես, ինչպես Խորհրդային Հայաստանում ապրում էին բոլորը: Ամեն ինչ սահուն ու հարթ չի կարող լինել, անգամ եթե կողքից նման տպավորություն կա:

 

- Իսկ հիմա փողը ի՞նչ դեր է խաղում ձեր կյանքում:

- Փողն ընկալում եմ որպես ֆինանսական անկախություն ապահովելու միջոց, որը բերում է մարդու անկախությանը: Երբ այն ապահովված է, նյութական բարիքների չափը ինձ համար նշանակություն չունի:

 

- Ոմանք պնդում են, որ Դուք այդ ֆինանսական անկախությունը ձեռք եք բերել տարբեր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում:

- Իրականությունն այն է, որ ես ֆինանսական անկախությունս ապահովել եմ պետական ոլորտում աշխատանքի անցնելուց շատ առաջ: Առհասարակ, նման պաշտոններ զբաղեցրել եմ երեք անգամ՝ 2001թ.-ին կես տարի եղել եմ էներգետիկայի փոխնախարար, 2010թ.-ից 11 ամիս աշխատել եմ որպես Երևանի քաղաքապետ, և մեկ տարուց ավելի է, ինչ զբաղեցնում եմ վարչապետի պաշտոնը:

Երբ ԽՍՀՄ-ում սկսվեց կոոպերատիվ շարժումը, մենք մի քանի մաթեմատիկոսներով ընկերություն հիմնեցինք, որն առաջիններից էր Հայաստանում: Իսկ 1988 թվականին չինացի գործընկերների հետ մեր ստեղծած համատեղ ձեռնարկությունը թվով 14-րդ էր ԽՍՀՄ-ում:

Սկսել էինք մաթեմատիկական խնդիրներ լուծելուց` հավաքել էինք մեր լավագույն ծրագրավորողներին: Երբ հաճախորդներին առաջարկում էինք մեր լուծումները, շատերը ասում էին, որ ավելի լավ է իրենց համակարգիչ վաճառենք: Մենք էլ հպարտ կեցվածք էինք ընդունում և ասում, որ առևտրական չենք: Բայց հետո այնպես ստացվեց, որ համակարգիչ վաճառելը շատ ավելի շահութաբեր էր, քան ծրագրեր գրելը (ծիծաղում է-հեղ.):

Ժամանակի ընթացքում ընկերությունը մեծացավ և ծավալվեց: Գրասենյակներ ունեինք Մոսկվայում, Եկատերինբուրգում, Մինսկում, Աշխաբադում, Բեյրութում: Շատ դիվերսիֆիկացված բիզնես էր, ստեղծել էինք բանկ, ավիաընկերություն, զբաղվում էինք գունավոր մետաղներով, ավիափոխադրումներով, տուրիզմով, սեփական արտադրություններ ունեինք և այլն:

Այնպես որ, իմ եկամուտների աղբյուրները միշտ պարզ ու հստակ են եղել: Այդ առումով, ինքս ինձ հետ միշտ շատ ներդաշնակ եմ եղել:

 

- Ո՞րն է Ձեր ամենամեծ բացահայտումը վարչապետի պաշտոնում:

- Ես կցանկանայի, որ մեզանում պրագմատիզմն ու ռացիոնալ մտածողությունը ավելի լայն տարածում ունենան։ Թվում է, որ ելնելով այն դժվարություններից, որ տեսել է մեր ազգը պատմության ընթացքում՝ մենք պետք է չափազանց պրագմատիկ ազգ լինեինք: Որոշ հարցերում այդպես է, սակայն շատ հաճախ իլյուզիաներով ենք ապրում:

Այս պաշտոնում ինձ ամենաշատը զարմացրել է այն, որ պոպուլիզմը դարձել է ուժեղ գործոն: Շատ են մարդիկ, որոնք տեսախցիկի առջև մի բան են ասում, տեսախցիկից դուրս՝ այլ բան, իսկ իրականում մտածում՝ լրիվ այլ բան: Ինքս երբևէ տեսախցիկի առջև չեմ ասել որևէ բան, որին չեմ հավատացել: Չեմ փորձում որևէ մեկին արհեստական դուր գալ, սուտ խոսելը սկզբունքորեն չեմ ընդունում: Լինում են դեպքեր, երբ ճիշտն ասել չես կարող, բայց, կարծում եմ, չկան դեպքեր, երբ պետք է սուտ խոսել:

 

- Բայց ճիշտը չասելը սուտ խոսելուն հավասարազո՞ր չէ:

- Ոչ: Սուտ խոսելը վատ բան է, բայց, ցավոք, դրա հետ մեր առօրյա կյանքում մշտապես առնչվում ենք:

 

- Ի՞նչ եք ասում սուտ խոսող մարդկանց, երբ հանդիպում եք նրանց:

- Իրենց որևէ բան չեմ ասում, ինքս իմ համար համապատասխան եզրակացություններ եմ անում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ