24  11  2017

Սերժ Սարգսյանի բրյուսելյան հանդիպումներն ու ելույթը. լուսանկարներ

Սերժ Սարգսյանի բրյուսելյան հանդիպումներն ու ելույթը. լուսանկարներ

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավոր Ֆիլիպի հետ:

Այս մասին հայտնում է նախագահի լրատվականը: Հանրապետության Նախագահը և Բելգիայի Թագավորը իրենց հանդիպումը և նախագահ Սարգսյանի բրյուսելյան այցը լավ հնարավորություն են համարել ամփոփելու Հայաստանի և Բելգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած քառորդդարյա ուղին, ինչպես նաև անդրադառնալու հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարին։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ այցի արդյունքում հայ-բելգիական բարեկամական հարաբերությունները կամրապնդվեն համագործակցության նոր նախաձեռնություններով։ 

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ այս տարիների ընթացքում երկու երկրների միջպետական հարաբերություններին բնորոշ է եղել փոխադարձ վստահությունը, բոլոր հարցերում փոխըմբռնման հասնելու և միմյանց սատարելու ցանկությունը, ինչը, Նախագահի համոզմամբ, մեծապես պայմանավորված է երկու ժողովուրդների պատմական անցյալով։ Նախագահը նշել է, որ Բելգիան Հայաստանի համար կարևոր գործընկեր է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, մասնավորապես` ԵՄ-ում։

Այդ համատեքստում Նախագահ Սարգսյանը և Բելգիայի Թագավոր Ֆիլիպն անդրադարձել են ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովում քննարկվելիք հարցերի օրակարգին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման դինամիկային, նաև ԵՄ աջակցությամբ Հայաստանում մինչ այժմ իրականացված և ընթացող բարեփոխումներին, Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված` Հայաստանի և ԵՄ հարաբերությունների նոր շրջանակային փաստաթղթին` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։

Նկատի առնելով, որ Բելգիան ԵՄ-ում Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է, երկկողմ քաղաքական հարաբերություններից բացի կողմերը քննարկել են նաև հայ-բելգիական առևտրատնտեսական կապերի հետագա խորացման հնարավորությունները:  Հանդիպման ժամանակ Հանրապետության նախագահը հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Բելգիային` ինչպես Ներկայացուցիչների պալատի, այնպես էլ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար:

 

Նախագահ Սերժ Սարգսյանի հաջորդ հանդիպումը եղել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության խորհրդի անդամների հետ:

Հանրապետության նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին և կարևորել նման շփումները Հայաստանի բարեկամների հետ, ովքեր, նախագահի գնահատմամբ, կարևոր և պատասխանատու առաքելություն են ստանձնել: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը Հայաստանի կողքին լինելու և մշտապես սատարելու համար, նշելով, որ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը, եվրոպական հարթակներում հնչեցնելով Հայաստանի ձայնը, համակողմանի ներկայացնելով երկրին վերաբերող հարցերն ու բարձրացնելով Հայաստանի մասին տեղեկացվածության մակարդակը Եվրոպայում և այդպիսով Հայաստանի մասին կարծիք ձևավորելով, արժեքավոր ու նշանակալի աշխատանք են կատարում` միաժամանակ նպաստելով եվրոպական երկրների ու կառույցների հետ համագործակցության ամրապնդմանը և համախմբելով Հայաստանի բարեկամներին:

Հանրապետության նախագահը ներկայացրել է Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում իր հանդիպումների ու քննարկումների հագեցած օրակարգը, խոսել ՀՀ-ԵՄ համագործակցության և հարաբերությունների զարգացման հեռանկարի, Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի ու տարածաշրջանային զարգացումների մասին: Նախագահը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

 

Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որը վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:

Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը և Ժան-Քլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:

Օրակարգի շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են համաեվրոպական նշանակության արդիական խնդիրներն ու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որի ժամանակ անդրադարձ կկատարվի 2015թ. Ռիգայում կայացած գագաթնաժողովում սահմանված առաջնային ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման հարցերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին և հարաբերությունների զարգացման դինամիկային, Հայաստանի համար ԵԺԿ և Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովներում քննարկվող հարցերի կարևորությանը, ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ինչպես նաև միջկուսակցական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքին: Նշելով, որ այս տարի լրանում է ԵԺԿ-ին ՀՀԿ անդամակցության 5-րդ տարեդարձը, Սերժ Սարգսյանը նկատել է, որ չնայած համեմատաբար կարճ ժամանակահատվածին՝ համատեղ աշխատանքի շնորհիվ ՀՀԿ-ն լիարժեքորեն ինտեգրվեց եվրոպական այս ընտանիքին: ԵԺԿ-ի հետ ՀՀԿ համագործակցությունը, Նախագահի գնահատմամբ, Հայաստանի համար դարձել է նաև եվրոպական քաղաքականությանը ներգրավման կարևորագույն հարթակներից մեկը:

Սերժ Սարգսյանը հատկանշական է համարել, որ Եվրոպական խորհրդարանի ս.թ. նոյեմբերի 15-ի բանաձևում Հայաստանը որակվում է որպես մի երկիր, որը հաջողությամբ համատեղում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին և մասնակցությունը ԵՄ հարևանության ռազմավարությանը: Նախագահը վստահեցրել է, որ ապագայում ևս Հայաստանը շարունակելու է առաջնորդվել համակեցության հենց այս բանաձևով:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վաղվա քննարկումներն արդյունավետ կլինեն, և կհաջողվի համատեղ ձեռնարկը դարձնել առավել նպատակային, իսկ արդյունքները՝ ավելի տեսանելի և շոշափելի հասարակությունների համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ