04  11  2017

Ձեր մարդասիրության կարիքն ունի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդը. Արտեմ Ասատրյանը՝ սոցիալական աշխատողներին

Ձեր մարդասիրության կարիքն ունի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդը. Արտեմ Ասատրյանը՝ սոցիալական աշխատողներին

Հայաստանում նոյեմբերի 4-ին նշվում է Սոցիալական աշխատողի օրը։ Այն նշվում է 2009 թվականից:

Մասնագիտական տոնի առիթով ուղերձ է հղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը.

«Հարգելի գործընկերներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ: Նոյեմբերի 4-ը Սոցիալական աշխատողի մասնագիտական օրն է, ինչն իսկապես լավ առիթ է անդրադառնալու սոցիալական աշխատողի առաքելությանն ու նրա կարևոր դերակատարությանը մեր հասարակությունում:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում լայն թափով ընթանում են Սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման աշխատանքները, որտեղ փորձում ենք սոցիալական աշխատանքը տարանջատել սոցիալ-վարչարարական աշխատանքից: Այս գործընթացի կարևորագույն մաս է կազմում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը, որը ենթադրում է, որ մենք ստեղծում ենք միջավայր՝ ինտեգրելով տարբեր ծառայություններ, հնարավորություն տալով ծառայությունների մատուցումն ապահովել մեկ պատուհանից կամ չկա «սխալ դուռ» սկզբունքով: Այստեղ է, որ մենք պետք է ստեղծենք ու ձևավորենք այնպիսի միջավայր, որտեղ սոցիալական աշխատանքի միջոցով, գնահատված կարիքի հիման վրա, մեր քաղաքացիներին տրվեն համապատասխան սոցիալական ծառայություններ:

Սոցիալական աշխատողի դերի բարձրացմանն ու գործունեության կանոնակարգմանն ուղղված մշակվել է նաև «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ  օրենքի նախագիծը, որը միտված է սոցիալական աշխատողի գործունեությունը խթանելուն, նրա անվանը համապատասխան նախադրյալներ ստեղծելուն և սոցիալական աշխատանքի միջոցով մեր քաղաքացիների խնդիրներին համալիր լուծումներ տալուն:

Հարգելի սոցիալական աշխատողներ, ցանկանում եմ, որ երբևէ չկորցնեք հավատը Ձեր կարևոր աշխատանքի նկատմամբ, միշտ լինեք դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների կողքին՝ նրանց մեջ հույս և վստահություն արթնացնելով սեփական ուժերի և վաղվա օրվա նկատմամբ:

Պահպանեք Ձեր մարդասիրությունն ու գթասրտությունը, որի կարիքն այնքան շատ ունի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ Ձեր պատվաբեր աշխատանքում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ