09  10  2017

Ունենք կայացած և հաջողված միասնական քննչական մարմին. Նախագահը շնորհավորել է Քննչական կոմիտեի ծառայողներին

Ունենք կայացած և հաջողված միասնական քննչական մարմին. Նախագահը շնորհավորել է Քննչական կոմիտեի ծառայողներին

Նախագահ Սերժ Սարգսյանն հոկտեմբերի 9-ին ներկա է գտնվել Քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստին՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին:

Հանդիսավոր նիստի ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն իր ելույթում ներկայացրել է մինչդատական վարույթի ընթացքում քննիչների անկախությունը, քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված և իրականացվող քայլերը, կոմիտեի ձեռքբերումները, խնդիրներն ու մարտահրավերները։

Հանրապետության Նախագահը բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների պարգևատրել է պետական բարձր պարգևներով, խրախուսել շնորհակալագրով:


 

«Կարծում եմ, որ քննչական մարմնի գործունեության հաջողության գրավականը դատավարական ինքնուրույնություն ունեցող քննիչն է՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավապարտականություններով: Ինքնուրույնությունը չափազանց կարևոր երաշխիք է ոչ միայն քննիչի, այլև բոլոր նրանց համար, ովքեր հայտնվում են նրա իրականացրած վարույթի ազդեցության տիրույթում:

Անշուշտ, այստեղ մեծ է դատախազների և դատավորների դերակատարումը: Բայց քննիչները և նրանց վերադասները պետք է հստակ գիտակցեն պատասխանատվության սեփական բաժինը: Դատախազական հսկողությունը կամ դատական վերահսկողությունը քննիչները չպետք է դիտարկեն, այսպես ասած, որպես «փրկության օղակ», որպես պատասխանատվությունը նվազեցնող հանգամանք:

Հարգելի՛ գործընկերներ,

Քննչական մարմինները մինչդատական վարույթի շարժիչ ուժն են, իսկ Քննչական կոմիտեի դերակատարումն այստեղ առաջնայիններից մեկն է: Վստահ եմ, որ այդպես է լինելու նաև վաղը, պետական մարմինների փոփոխված հարաբերակցության պայմաններում: Ձեր գործունեությունից ապագայում ակնկալիքներն այսօրվանից պակաս չեն լինելու:

Իմ հորդորն է ձեզ, որ ծառայության մեջ միշտ լինեք անաչառ, սկզբունքային և հաստատակամ: Միայն այդ դեպքում կարող եք վստահ լինել, որ ձեր գործն արդար է, քանի որ միտված է երկրում իրավակարգի պահպանությանը: Միաժամանակ հիշե՛ք, որ դուք նպաստում եք նաև իրավունքի գերակայության ամրապնդմանը:

 

Անշուշտ, իրավապահ համակարգում առկա անարդարության պատճառները չպետք է փնտրել միայն քննչական մարմիններում: Բայց չեմ կարող դրանց գոնե մի մասը չտեսնել հենց այստեղ: Անարդար քննիչն անարդար դատախազից պակաս վնասաբեր չէ, քանի որ նրա կանխակալ կամ անփույթ գործողություններն ու որոշումները հաճախ կարող են հանգեցնել ծանր, երբեմն նաև՝ անդառնալի հետևանքների:

Մեր քննիչի հավաքական կերպարը պետք է լինի ազնիվ, բարեխիղճ և պատասխանատու պրոֆեսիոնալը, ով գիտակցում է իր առաքելության իմաստը: Երկրորդ. մեր քննչական մարմինները պետք է կոռուպցիոն դրսևորումների և տնավարության դեմ պայքարում լինեն անողոք: Ընդ որում, կոռուպցիոն դրսևորումներ՝ չի նշանակում միայն դրամական շահ հետապնդել. ծանոթ, բարեկամ, քավորի միջնորդությունները, միգուցե, ավելի վատ դրսևորումներ են, քան, երբ մարդն ունի կոնկրետ շահ: Խնդրում եմ, սա հաշվի առնել:

 

Քննչական կոմիտեի հարգելի՛ ծառայողներ,

Անշուշտ, դատախազության հետ համագործակցության արդյունավետությունը չի նշանակում մասնագիտական հարթությունում տարակարծությունների կամ անհամաձայնությունների բացառում: Հատկապես անթույլատրելի է, երբ դա արվում է նեղ գերատեսչական շահերից ելնելով: Ես շատ լավ հասկանում եմ, որ լինում են գործեր, որոնցով դատախազները տալիս են ցուցումներ, որոնք առաջին հայացքից թվում են անտեղի կամ ավելորդ, բայց հավատացեք, իսկ ես վստահ եմ, որ դուք ինձնից ավելի լավ եք դա գիտակցում, քրեական գործով ցանկացած մանրուք, նույնիսկ եթե դա անտեղի է՝ անհրաժեշտ է հաշվի առնել: Համագործակցության կարևոր ուղղություններից մյուսը ոստիկանության հետ իրականացվող աշխատանքներն են: Գաղտնիք չէ, որ ոստիկանության օպերատիվ գործունեությունն էապես կարող է օժանդակել հանցագործության բացահայտմանը: Սակայն դրա նախադրյալները, անշուշտ, պետք է ստեղծի քննիչը: Մենք այս ճանապարհին ենք, բայց վերջնականապես պիտի ջարդենք այն մտայնությունը, որ հանցագործության բացահայտումը հատկապես Ոստիկանության գործն է: Երբ մենք դրան ամբողջովին հասնենք՝ ես կհամարեմ, որ քննչական մարմինները, միասնական քննչական մարմինը ամբողջովին կայացել են: Իհարկե, իրավապահ ոլորտում անելիքները շատ են: Վերջին ամիսներին տարբեր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերը վկայում են դրա մասին:

Ի վերջո, երկրում օրինականության վիճակը որոշվում է ոչ միայն հանցագործությունների քանակով, այլև դրանք իրավասու մարմինների կողմից բացահայտելու կարողությամբ: Հանրությունը պետք է վստահ լինի, որ Հայաստանում անօրինականության և անկարգության ցանկացած դրսևորում արագ բացահայտվելու և օրենքի ողջ ուժով անխուսափելիորեն պատժվելու է:

Խոսքս ամփոփելով` նշեմ, որ ընդամենը երեք տարի է անցել այն օրից, երբ ստեղծվեց Քննչական կոմիտեն: Արդեն կարող ենք փաստել, որ ունենք կայացած և հաջողված միասնական քննչական մարմին: Այս մարմինն ի վիճակի է լավագույնս լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները: Ուզում եմ վստահ լինել, որ կառույցի հաջողությունները տեսանելի են լինելու նաև վաղը՝ պետական կառավարման նոր ձևի պայմաններում»,- ասել է Հանրապետության Նախագահը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ