19  07  2017

Սկզբում Բյուրականի աստղադիտարան, ապա «Սևան» նորաբաց մարզադպրոց. ՀՀ նախագահը Արագածոտնի մարզում էր

Սկզբում Բյուրականի աստղադիտարան, ապա «Սևան» նորաբաց մարզադպրոց. ՀՀ նախագահը Արագածոտնի մարզում էր

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 19-ին աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ:

Հանրապետության Նախագահն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան՝ ծանոթացել աստղադիտարանի գիտակրթական դերի ամրապնդման և երիտասարդ կադրերի ներգրավման նպատակով աստղադիտարանի կողմից առաջարկվող նախագծերին, որոնք միտված են խթանելու նաև զբոսաշրջությունն այդ տարածաշրջանում:

Առաջարկներից մեկը վերաբերել է գիտակրթական կենտրոնի ստեղծմանը, որի գործունեությունը հիմնված կլինի հայկական վիրտուալ աստղադիտարանի միջոցով ժամանակակից եղանակներով աստղագիտության ուսուցման գաղափարի վրա։ Բյուրականի աստղադիտարանի ճանաչողական դերի ամրապնդման, ինչպես նաև դպրոցականներին, ուսանողներին և այլ այցելուների, այդ թվում՝ օտարերկրյա հյուրերին Հայաստանի գիտական արժեքները ցուցադրելու նպատակով աստղադիտարանը ծրագրում է ստեղծել նաև այցելությունների կենտրոն, որի կազմում կկառուցվի աստղագիտության պատմության թանգարան, աստղացուցարան, կբարեկարգվեն աստղադիտակ տանող ճանապարհը և հարակից տարածքները։ Հանրապետության Նախագահը աստղադիտարանի ղեկավարության և ՀՀ ԳԱԱ նախագահի հետ քննարկել է ներկայացված առաջարկների իրականացման հնարավորությունները, առաջնահերթությունները, խնդիրները, ինչպես նաև նախանշված նպատակներին հասնելու համար հնարավոր այլ տարբերակներ:

Հանրապետության Նախագահի այցի ժամանակ քննարկվել են նաև աստղադիտարանի կողմից Վ․ Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի և նրա կանոնակարգի փոփոխման մասին առաջարկությունները, որոնք նպատակ ունեն մրցանակը դարձնել Հայաստանի համար է՛լ ավելի օգտակար և արդյունավետ: Մրցանակի առաջարկվող ձևափոխությունը, ըստ այն ներկայացնողների, մեծապես կնպաստի Հայաստանում աստղագիտական հետազոտություններին, ինչպես նաև հայ գիտնականներին հնարավորություն կտա ավելի ակտիվորեն ինտեգրվել միջազգային աստղագիտական հանրությանը, ուսանողների և աշակերտների շրջանում կմեծացնի աստղագիտության նկատմամբ հետաքրքրությունը։

Բյուրականի աստղադիտարանից Հանրապետության Նախագահը մեկնել է Աշտարակ քաղաք, որտեղ ներկա է գտնվել վերակառուցված և հիմնանորոգված Հայաստանի «Սևան» մարզական հասարակական կազմակերպության մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությանը:

Նախագահ Սարգսյանը քաղաքային իշխանությունների, մարզաշխարհի ներկայացուցիչների, դպրոցի ղեկավարության և մարզիչների ու սաների ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզադպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, մարզումների համար ստեղծված պայմաններին և հնարավորություններին, զրուցել մարզաշխարհի ներկայացուցիչների ու դպրոցի սաների հետ:

Աշտարակի մարզադպրոցի վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են պետական բյուջեի միջոցների հաշվին: Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ մեկնարկած ծրագիրը ավարտվել է 2017թ. հուլիսին: Ծրագրի արժեքը շուրջ 463 մլն դրամ է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ