24 04 2019

Ծառայողական մեքենաների կրճատման «բլեֆը» թաքցվում է․ «168 Ժամ»

Ծառայողական մեքենաների կրճատման «բլեֆը» թաքցվում է․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Նոր Հայաստանում շատ է խոսվում բաց ու թափանցիկ կառավարման մասին, մինչդեռ վարչապետի հռչակած սկզբունքներին լավագույնս կազմակերպված դավաճանում են իր իսկ նշանակած նախարարները:

Բացի այն, որ լրավամիջոցների հետ աշխատանքը սկսեցին անհիմն դարձնել գրավոր հարց ու պատասխանի ռիժիմով, հիմա էլ փակ աշխատաոճը տարածվում է նաև նախարարությունների պաշտոնական կայքերի վրա:

Ոչ վաղ անցյալում որոշ պաշտոնյաներ ակտիվ PR էին իրականացնում պետական ծառայողական մեքենաների կրճատումների թեմայով, ընդ որում՝ այս փորձն արվեց նաև նախկին իշխանությունների՝ Կարեն Կարապետյանի օրոք: Քննարկման այլ հարց է, թե ինչու էին մինչ այդ նախարարությունների հաշվեկշռին պահվում անպիտան, ժեշտի կտորների վերածված անթիվ-անհամար ավտոմեքենաներ, որոնց համար տասնյակ տարիներ ոչ միայն պահպանման ծախս է դուրս գրվել, այլ նաև բենզինի կտրոններ:

Փորձեցինք հետհեղափոխական Հայաստանի ծառայողական մեքենաների քանակն ու ծախսը հաշվել ու ստուգայց անել՝ հենց նախարարությունների հաշվեկշռից ելնելով. Պարզվեց՝ նախարարություններն իրենց մոտ փակել են այդ էջը:

Նկատենք, առաջինը թափանցիկ լինելը մերժում են ծառայողական մեքենաների կրճատումների ֆոնին ինքնադրսևորված Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

ՀՀ Օրենսդիր և գործադիր մարմինների պաշտոնական կայքէջերում բացակայում է ծառայողական մեքենաների քանակի մասին տեղեկատվությունը:

Բնապահպանության նախարարությունն էլ է որոշել հետևել կառավարության աշխատակազմի օրինակին:

Նշենք, որ մինչ հեղափոխությունը նախարարությունների կայքերում բաց և հրապարակային էր այս տեղեկատվությունը:

Նոր Հայաստանի դեռևս առաջին ամիսներին Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ի դեմս այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանի, հրապարակել էր նախարարության ծառայողական մեքենաների քանակը՝ դրանք 21-ն էին։

Ավելին, Տոնոյանի՝ Պաշտպանության նախարարություն տեղափոխվելուց հետո, երբ ԲՀԿ-ի քվոտայով 2017 թ. հունիսին ԱԻ նախարար նշանակվեց Հրաչյա Ռոստոմյանը, իր բրիֆինգներից մեկի ժամանակ հայտարարեց, որ ԱԻՆ-ում ծառայողական ավտոմեքենաներն օգտագործում են անձնական նպատակներով։

Մինչդեռ Նոր Հայաստանում այս նախարարություն եկած երրորդ ղեկավարը՝ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, կտրականապես մերժեց այդ մասին տեղեկատվության տարածումը և փակել է ծառայողական մեքենաների մասին նախարարության պաշտոնական կայքէջի այս հատվածը։

Եվ Ցոլակյանի փակ, ոչ հրապարակային «ձիրքին» հաջողությամբ հետևում է նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Այս նախարարությունը չի հրապարակում ոչ միայն ծառայողական ավտոմեքենաների քանակը, այլ նաև Հայաստանի համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքները (վերջին անգամ հրապարակվել է 2015 թ.), Հայաստանի համայնքների աշխատավարձերի պարտքերի մարման վերաբերյալ տեղեկությունը (վերջին անգամ հրապարակվել է 2016 թ.), չի հրապարակում նաև համայնքային ծառայության ոլորտում ծառայողական քննությունների մասին տեղեկություններ (վերջին անգամ հրապարակվել է 2016 թ.), և այլն։

Ստացվում է՝ սուպերվարչապետական համակարգը գնալով դառնում է նաև սուպերփակ համակարգ, տեղեկություններ չհրապարակող համակարգ։ Վկան՝ պետական կառավարչական մարմինների պաշտոնական կայքերն ու լրագրողների հետ ընտրողաբար շփումները:

Մինչդեռ կառավարության գրեթե բոլոր նիստերին լսում ենք վարչապետի հանձնարարականները՝ ուղղված «բաց ու թափանցիկ» աշխատող նախարարներին, ՏԻՄ-երին, և խոստումներ, որ շատ հարցեր պետք լուծել տեղական հանրաքվեների միջոցով՝ Հայաստանի քաղաքացիների կարծիքն անպայման նկատի առնելով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ