19 01 2019

Ինչպե՞ս արմատախիլ անել կոռուպցիան գերեզմանատնային բիզնեսում․ «Հրապարակ»

Ինչպե՞ս արմատախիլ անել կոռուպցիան գերեզմանատնային բիզնեսում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը, ժողովրդի լեզվով ասած՝  «Թաղման բյուրոն», նոր տնօրեն ունի՝ Արման Իսկանդարյան։ Հիշեցնենք, որ այս ոլորտը համարվում է ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը, որը տարիներ շարունակ եղել է Թոխմախի Մհերի՝ Մհեր Սեդրակյանի վերահսկողության ներքո։ Մենք զրուցեցինք Արման Իսկանդարյանի հետ։

- Պատկերացում ունե՞ք՝ ինչպես արմատախիլ անել գերեզմանատնային բիզնեսում կոռուպցիան․ գերեզման ծախել, անտեր ննջեցյալների գերեզմանները յուրացնել, գները՝ 4-10 հազար դոլար։

- Լսելը՝ ես էլ եմ լսել, Ձեզ սենց ասեմ՝ այդ ամենն ուղղելու համար շատ  համակարգային մոտեցումներ են պետք։ Առաջին հերթին՝ բնակչությանն ագիտացիա իրականացնել, որ գերեզմանատեղին տրամադրվում է անվճար։ Գումարած՝ պետք են համակարգային փոփոխություններ, որոնց սկիզբը դրված է, ու մոտակա ժամանակներում ամենը հասանելի է։

- Հայտնի է, որ անվճար է, բայց իրականությունն այլ է։

- Եթե ինչ-որ մեկը կփորձի գերեզման գնել կամ վաճառել… չեմ կարծում, որ հիմա ըտենց մարդ կլինի։ Կլինի, խնդրում եմ աչալուրջ լինել, դուք էլ՝ լրագրողներդ, մեզ էլ օգնած կլինեք, մենք էլ դրա հանդեպ շատ ուշադիր ենք լինելու։

- Գերեզմանատների տնօրեններին փոխելո՞ւ եք։

- Ինձ համար կարեւորը մարդու աշխատանքն է։ Ես կտեսնեմ՝ ով ոնց է աշխատում, ըստ այդմ՝ կորոշեմ։ Դեռ ոչ մի բան չեմ կարող ասել, բացի այն, որ աշխատանքի մեջ չափանիշները արդյունքներն են։

- ՔՊ անդա՞մ եք, թե՞ անկուսակցական։

- Այո, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ եմ։

- Հեղափոխությունից առա՞ջ եք դարձել, թե՞ հետո։

- Ընթացքում։

- Նախկինում որտե՞ղ եք աշխատել։

- Աշխատել եմ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանի Դաշնությունում՝ որպես վաճառքի թիմի ղեկավար։ Առհասարակ, մարքետինգի ոլորտում։

- Մրցույթ է եղել, մասնակցե՞լ եք, ունե՞ք այդ սպեցիֆիկ գիտելիքները։

- Մրցույթն իր հստակ կանոնադրությունն ունի, հստակ կարգերը, մրցույթի բոլոր պահանջներին համապատասխանել եմ եւ այն բարեհաջող հաղթահարել, նշանակվել եմ քաղաքապետի կողմից։ Ինչ մնում է համապատասխան հմտություններին, չեմ կարծում, որ համապատասխան հմտություններ կարող էի ձեռք բերած լինել՝ տվյալ բնագավառի, հիմա ձեռք կբերեմ։ Ու ասեմ՝ իմանաք, ընենց չի, որ սպեցիֆիկ եսիմինչ գործառույթ է, որ մարդը չի կարող անել։

- Դուք, լինելով ավագանու անդամ, ավելի արտոնյալ վիճակում չէի՞ք, երբ հաղթող ճանաչվեցիք։

- Արտոնյալը ո՞րն է, եթե անցկացվում է բաց մրցույթ, մամուլի ներկայությամբ, կարող եք վերցնել իմ տեքստը եւ իմ հարցազրույցի արդյունքները, ամեն ինչ բաց տեղադրված է կայքում։ Եթե չեմ սխալվում։ Իսկ արտոնյալ պայմանները ո՞րն է։ Մի խոսքով, չգիտեմ, ոնց Դուք, մրցույթներին մասնակցել եք, թե ոչ, ես մրցույթը նորմալ հաղթահարել եմ։

- Մենք նայեցինք Ձեր ֆեյսբուքյան էջը, Ձեր բոլոր հետնանկարներում ամերիկյան դրոշներ են։

- Տենց բան չկա… երեւի խառնում եք։

- Ինչպե՞ս թե չկա, Դո՞ւք չեք (նկարը, անունի ճշտումներ)։

- Դա Քեյվին Սպեյսին ա, ֆիլմն էլ «Կարտոչնի դոմիկն» ա, եթե նկատել եք։ Եթե այդ ֆիլմը չեք տեսել, խորհուրդ կտամ նայեք, շատ լավն է։ Ու կներեք, էլի, որ «Վ բոյ իդուտ ադնի ստարիկին» չեմ դրել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ