17 01 2019

Հանրությունը հոգնել է, պարո՛ն վարչապետ. Голос Армении

Հանրությունը հոգնել է, պարո՛ն վարչապետ. Голос Армении

Ռուբեն Գրդզելյանը «Голос Армении» թերթում իր հոդվածով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հոդվածի հեղինակն ահազանգում է պետության առջև ծառացած կարևորագույն խնդրի մասին։

«Եկել է ատելության տեսքով հասարակությունում անիմաստ էմոցիաներ հրահրելու քաղաքականությունից հեռանալու  և ստեղծարար աշխատանքին անցնելու ժամանակը։ Ատելությունն ինքն իրեն արդեն իսկ ծնվում է, իսկ եթե փորձեն այն ավելի թեժացնել, ապա այն կխժռի ինքն իրեն, չնայած ոստիկանական ուժը և բանտախուցերը ոչ ոք չի չեղարկել։ Ոչ մի բացասական էմոցիա երբեք և ոչ մեկի, այդ թվում՝ հանրությանը, չի հանգեցրել զարգացման կամ հանրության համար նշանակալի դրական արդյունքի։

Ձեր նկատողություններն այն մասին, որ բազմոցին նստելով՝ հասարակությունը երկիր չի կառուցի, կամ «Փարոսի», 800 000 չաշխատող քաղաքացիների մասին հայտարարությունները հասարակությունն ինքնաոչնչացումից դեպի արդյունավետ ուղի բերելու անհաջող փորձեր էին։ Այդ իդեալիստական հորդորները պետք է իրագործվեն կառավարության համակարգային հայեցակարգերում։ Եվ երբ դուք խոսում եք տնտեսական ոլորտում ձևափոխման (ո՛չ հեղափոխության) մասին, անհրաժեշտ է առաջին հերթին հանրությանն էներգիա տալ, որը բավականին ցամաքել է բացասական դրսևորումների արդյունքում։ Այլապես տնտեսական տրանսֆորմացիան կավարտվի ձեր անձնական ձախողմամբ։ Եվ այստեղ ՀԴՄ կտրոններ տրամադրելու և կամ պահանջելու՝ տնտեսվարողներին և քաղաքացիներին ուղղված  հորդորներով «լայվերը» ևս հասարակական և սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ ձեր իդեալիստական պատկերացումների շարքից են։

Պարոն վարչապետ, այս պահին դուք կանգնած եք սահմանագծին, երբ պետք է որոշեք և անցնեք հասարակության հետագա զարգացման ուղու իրագործմանը։ Մենք գնում ենք կա՛մ միմյանց հանդեպ ատելության, կա՛մ կառուցողական աշխատանքի ճանապարհով։ Եվ «լայվերի» միջոցով հասարակությանն ինչ-որ կառուցողական նորմեր հասցնելու իդեալիստական փորձերը ձախողման են դատապարտված։ Ձախողումը ոչ միայն ձերն է, այլև երկրինը և հասարակությանը, որն այս պահին դժվարին ժամանակաշրջանում է, երբ հայկական պետականության համար բացասական իրադարձությունները տարածաշրջանում գնալով ավելի կետրոնացված են դառնում։ Մենք հետ կշպրտվենք մեր զարգացման գծից՝ զրկվելով սեփական ճակատագիրը ինքնուրույն որոշելու հնարավորություններից։

Պարոն վարչապետ, հասարակությանը կառուցողական ճանապարհին դնելու գործում մեզ և ձեզ, բոլորին կխանգարի անցյալը, երբ այն գնահատելու՝ ձեր կողմից նախաձեռնված փորձերը, մեղմ ասած, ապակառուցողական են։ Չի՛ կարելի սեփական էմոցիաները և արդարադատության և իրավունքի մասին պատկերացումները փաթաթել ողջ ժողովրդին։ Դրա համար գոյություն ունեն կոլեգիալ, ինստիտուցիոնալ համակարգեր, որոնք որոշումներ կայացնելու գործում, դժբախտաբար, շարունակում են զիջել անհատի անձնական պատկերացումներին։ 

Դուք անհատապես պետք է ճիշտ որոշում կայացնեք այս հարցով, և այդ որոշումը պետք է կայացնեք սուպերվարչապետական, այլ ո՛չ կոլեգիալ և ո՛չ էլ ինստիտուցիոնալ համակարգում։ Պետք է որոշեք դադարել հանրության, պետության ռեսուրսները ծախսել ատելություն տարածելու վրա և սկսեք ձևավորել այդ էներգիան կառուցողական ուղղությամբ վերափոխելու մեխանիզմը։

Այդ գործում դուք պետք է լուծեք ընդամենը մեկ, բայց շատ մեծ մի հարց, որը ոչ միայն կարող է ի չիք դարձնել նոր իշխանություններից բոլոր ակնկալիքները, այլև կազմաքանդել ամեն բան, ինչ ստեղծվել է նախորդ տարիներին։ Եվ դա ղարաբաղյան կամ տնտեսական խնդիրները չեն, այլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը։ Այդ խնդիրը Դուք եք ստեղծել, և դրա լուծումը ծայրահեղ բարդ է լինելու։ Սակայն իր գոյությամբ այն արդեն իսկ մեծ խնդիր է։ Կարևոր չէ՝ այն ինչ տեսքով է։ Դա կարող է լինել և մեղադրյալ Քոչարյանը, կարող է լինել մեկուսարանում փակված կամ տնային կալանքի տակ գտնվող Քոչարյանը, դա կարող է լինել ազատազրկված և բանտում գտնվող Քոչարյանը։ Ցանկացած պարագայում այն Ձեր ամենածանր խնդիրն է։ Որպես երկրի ղեկավար, որպես լայն լիազորություններով օժտված վարչապետ՝ ինստիտուցիոնալ որոշումներ կայացնելու հնարավորությունների բացակայության պայմաններում Դո՛ւք պետք է պատասխան տաք հասարակությանը։ Այդ խնդրի լուծման ձգձգումը  ոչ միայն Ձեր, այլև հանրության տակ դրված ռումբ է։ Եվ երբ այն պայթի, առաջին հերթին Ձեզ կվնասի և Ձեր իշխանությանը՝ հանրության կողքով անցնելով։

Մյուս կողմից՝ կարելի է դեռ երկար այդ ռումբը ծոցում պահել։ Օրինակ՝ գործընթացը տարիներով երկարաձգել  կամ Քոչարյանին ցմահ դատապարտել։ Սակայն դրա համար Դուք պետք է Հայաստանում սեփական բռնապետական կառավարման համակարգ ստեղծեք։ Դա հանրության, երկրի և անձամբ Ձեզ համար կայուն ներքաղաքական կյանք կապահովի մինչև․․․

Կախված է անձամբ Ձեզնից, թե որքան երկար կպահպանվի բռնապետությունը Հայաստանում։ Սակայն այն կպահպանվի ընդամենը մինչև հաջորդ «Նիկոլը», ով պարզապես Ձեզ չի նստեցնի, ինչպես Դուք Քոչարյանին։ Մենք կհայտնվենք մի շրջապտույտում, երբ հաջորդ իշխանությունները կպատժեն նախորդներին, իսկ իրենք սեփական բռնապետությունը կկառուցեն, քանի դեռ նրանցից վրեժ չեն լուծի հաջորդները (վառ օրինակ է Ռումինիան և այսօրվա դատն ընդդեմ Իոն Իլիեսկուի)։ Թե ինչ կլինի Հայաստանի հետ, և ինչ տարածաշրջանային իրադարձություններ տեղի կունենան, մինչ մենք իրար կնստեցնենք և կկրակենք իրար վրա, դժվար չէ պատկերացնել։ Մենք կկորցնենք անգամ այսօրվա խորհրդանշական ինքնիշխանությունը և դարձյալ կսկսենք երազել մեր դրոշի, զինանշանի, սեփական դրամի մասին, ինչպես արել ենք դարերով։

Պարոն վարչապետ, դե՛ն նետեք Ձեր իդեալիստական, պատանեկան և զգացմունքային պատկերացումները Ձեզ շրջապատող աշխարհի մասին։ Շնորհիվ Ձեր էմոցիաների՝ մինչ այժմ ամեն ինչ ստացվել է։ Սակայն Դուք այլևս լրագրող չեք, և ոչ էլ արտախորհրդարանական ընդդիմություն կամ ոչինչ չորոշող կուսակցության ղեկավար։ Դուք ոչ լեգիտիմ վարչապետ չեք, ինչպես նախորդ կես տարում։ Դուք արդեն 5-րդ տասնամյակը բոլորող և երկրի ու այս հողում և դրանից դուրս ապրող միլիոնավոր մարդկանց ղեկավարն եք, մի ժողովրդի, ով հազարավոր տարիների պատմություն ունի։ Դուք չափազանց մեծ պատասխանատվություն եք կրում, որպեսզի էմոցիաներով գործեք։ Դուք այլևս Ձեզ չեք կարող թույլ տալ էմոցիոնալ որոշումներ կայացնելու ճոխությունը։ Մեզ բոլորիս պատառ-պատառ կանեն»,- գրում է հեղինակը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ