11  01  2019

Ինչո՞ւ է դանդաղել ՀՀ-ԵՄ գործընթացը․ «168 Ժամ»

Ինչո՞ւ է դանդաղել ՀՀ-ԵՄ գործընթացը․ «168 Ժամ»

«ՀՀ-ԵՄ հարաբերություններում մեծ անելիք կա»,- այս մասին «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է լեհ փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով կարծիքներին, թե նախորդ տարին կորսված էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար։

Կոնրադ Զաշտովտն ասել է, որ տեղեկություններ չունի, թե ԵՄ-ում ինչպես է ընդունվել Հայաստանի մշակած ճանապարհային քարտեզի նախագիծը։ Սակայն, նրա խոսքով, ՀՀ-ԵՄ հարաբերությունների ավանդական հունը խախտվել է, դանդաղել է, քանի որ նախկին իշխանության ներկայացուցիչներն են զբաղվել գործընթացով, նախորդ տարի անձեր են փոխվել, նոր նշանակված պաշտոնյաներն են փորձել ադապտացվել ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա իրողություններին և բովանդակությանը։

Նրա խոսքով, բնականաբար, դա ժամանակ է պահանջում, և ըստ ամենայնի բոլոր ուղղություններով իրավիճակն անհասկանալի է, քանի որ ներքաղաքական զարգացումներն են եղել իշխանությունների գլխավոր խնդիրը, և արտաքին քաղաքական անելիքներն անուշադրության են մատնվել։

«Այս դանդաղկոտության պատճառներից մեկը դա է։ Սակայն կան նաև կարծիքներ, որոնք գուցե ակնկալիքներ են, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, երբ իշխանությունները հայտարարում են բարեփոխումների, քաղաքակրթության մասին, տրամաբանորեն պետք է փոխված լինեն նրանց հավակնությունները ՀՀ-ԵՄ հարաբերություններում, պետք է է՛լ ավելի մեծ ասոցիացման ձգտի Հայաստանը՝ նկատի ունենալով իշխանությունների հայտարարությունները։

Սակայն այդ կարծիքները դեռ օդում են։ ՀՀ-ԵՄ հարաբերություններում իսկապես մեծ անելիք կա և համաձայնագրի ներդրման ուղղությամբ, և ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման, ՀՀ-ԵՄ վիզային ազատականացման բանակցությունների ուղղությամբ։

Եթե գործընթացը դանդաղ է առաջ շարժվում, դա Հայաստանի որոշումն է, քանի որ ԵՄ-ն թույլ է տալիս, որպեսզի իր արևելյան հարևանության երկրներն ընտրեն ասոցիացման այն խորությունը, որը ցանկանում են և կարող են։ Գնահատականները գործընթացի երկարաձգվածության վերաբերյալ կիսում եմ»,- նման կարծիք է հայտնել լեհ վերլուծաբանը։

Նրա խոսքով, այս տարի հատկապես ընտրություններից հետո ակնկալվում է, որ տեսանելի կդառնա իշխանությունների քաղաքական կամքը ԵՄ-ի հետ հարաբերություններում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ