11  01  2019

2018թ. «գազային» կոնֆլիկտների տարի էր. 168.am

2018թ. «գազային» կոնֆլիկտների տարի էր. 168.am

168.am-ը գրել է. «Ամանորյա գինովցած սեղանների շուրջ ամենաքննարկվող թեմաները նոր խորհրդարանն  ու գազի գինն էին: Ովքեր ինչ պաշտոններ կստանան նոր ԱԺ-ում հարցը, որպես կանոն, շատ արագ փակվում էր: Նոր պատգամավորների մեծ մասը անծանոթ է: Հետևաբար՝ խորհրդարանական ու կառավարության կազմ անցնողների (որպես պաշտոնակատար գործող ու ապագա) անունների շուրջ քննարկումները պակաս առարկայական էին:

Փոխարենը՝ բոլորին հետաքրքիր էր 2019-ի համար գործող գազի սակագնի «մետաֆիզիկան»: Բոլորի մոտ թարմ են հիշողություններն այն մասին, որ նախկին կառավարություններն իրենց ժամանակին ևս փորձել են գազի գինը սուբսիդավորել ու կանխել սպառողների (թե բնակչության, թե տնտեսվարողների) համար գնաճը: Բայց համեստ տնտեսություն ունենալու պարագային՝ նման մոտեցումը, ի վերջո, հանգեցրել է պետական պարտքի կուտակմանը, որի հաջորդ քայլը եղել է նույն գազի համակարգի պետական բաժնեմասի «փոխանցումը» ՌԴ «Գազպրոմին»:

2018թ. Արևմուտքի համար «գազային» կոնֆլիկտների տարի էր: ՌԴ-ն ու ԱՄՆ-ը մրցակցում էին եվրոպական գազային շուկան իրենցով անելու համար: Բայց դա մեր հետ համարյա աղերս չուներ, որովհետև այս անգամ էլ «Մերն ուրիշ էր»: Իսկ այդ ուրիշ կոչվածը սկսվել էր մոտ հինգ տարի առաջ: 2013թ. դեկտեմբերին «Գազպրոմի» հետ կնքված պայմանագրի համաձայն, Հայաստանը պարտավորվում էր տարեկան 2,5 մլրդ խորանարդ մետր գազ գնել 2014-2018թթ. ընթացքում: Հայաստանը, ըստ այդ պայմանագրի, 1000 խորանարդ մետր գազը պիտի գներ 189 դոլարով: Հետո տեղի ունեցան տնտեսական իմաստով անհասկանալի գործընթացներ: Նախ՝ պարզվեց, որ ներքին շուկայում 2,5 մլրդ խորանարդ մետր սպառումն իրատեսական չէ:

Մեր սպառումը շատ ավելի նվազ է կամ համեստ (օրինակ, 2015թ. պաշտոնական տվյալներով, մեր սպառումը կազմել է ընդամենը 1,92 մլրդ խորանարդ մետր): Պարզ տնտեսական տրամաբանությամբ, եթե  պակաս ես սպառում, ապա մատակարարվող գազի գինը պիտի թանկանար: Սակայն թանկանալու փոխարեն՝ 2015թ. սեպտեմբերի մատակարարման սակագինը վերանայվեց: 189 դոլարի փոխարեն՝ մենք սկսեցինք վճարել 165 դոլար: Տնտեսական նմանատիպ «հրաշք» տեղի ունեցավ նաև 2016թ. ապրիլին: Այդ ժամանակվանից հետո «Գազպրոմը» համաձայնեց հազար խորանարդ մետրը 165-ի փոխարեն վաճառել 150 դոլարով:

Հիշեցնեմ, որ այս ամենը տեղի էր ունենում 2014-18թթ. ընդգրկող պայմանագրի շրջանակում: Հետևաբար՝ պարզ էր, որ 2019-ից նոր պայմանագիր է կնքվելու:

Անցած տարվա ընթացքում մեր իշխանությունները համոզում էին, որ նոր ժամանակաշրջանի համար պայմանագիրը, եթե չբարելավվի, ապա գոնե կմնա նույնը: Գնային իմաստով` կմնա նույնը: Բայց միայն տարվա վերջին օրը պաշտոնապես հայտարարվեց, որ «Գազպրոմը»՝ ի դեմս վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի, գնային իմաստով այլ պայմանագիր են ստորագրել (հնարավոր թանկացման մասին մեզ նախապես տեղեկացրել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը):

Եվ այսպես, գների երկու նվազեցնող պայմանագրից հետո ներմուծման արժեքը թանկացավ՝ վերադառնալով 2016թ. ապրիլից առաջ գործող 165 դոլար չափաբաժնին: Հիմա ամենատարբեր փորձագիտական կարծիքներ են հնչում այն մասին, թե սա ինչ ազդեցություն կունենա մեր տնտեսության ու բարեկեցության վրա:

Վերլուծություններ կատարելիս չէր խանգարի իմանալ գազի սպառման կառուցվածքը: 2015թ. տվյալներով՝ ներմուծված գազի 11 տոկոսն օգտագործվել է էլեկտրաէներգիայի արտադրության մեջ:

13 տոկոսը սպառել է արդյունաբերությունը, 32 տոկոսը իրացվել է ավտոգազալցակայանների կողմից, իսկ 44 տոկոսի սպառողը տնային տնտեսություններն են եղել: Այսինքն՝ գազի հնարավոր թանկացումը բնակչությունը «կզգա» ոչ թե՝ որպես միջնորդավորված տնտեսական գործոն, այլ՝ ուղղակի: Չնայած փորձագիտական վերլուծություններում հիմնականում խոսվում է տնտեսության վրա անմիջական բացասական ազդեցությունների ու գնաճին նոր թափ հաղորդելու հնարավորությունների մասին:

Բոլոր դեպքերում պաշտոնապես հայտարարվել է, որ պետությունը մտադիր չէ ո՛չ սուբսիդավորել, ո՛չ էլ հնարավորություն տալ «Գազպրոմ Արմենիա» դուստր ձեռնարկությանը՝ օրենսդրական գործընթաց սկսել սակագնի բարձրացման նպատակով:

Պաշտոնապես մեր կառավարությունը «Գազպրոմ Արմենիայի» հետ հունվարի 8-ից բանակցությունների փուլ է սկսել: Վերջին տարիներին միայն ամենաալարկոտ մարդիկ չեն խոսել ու դատապարտել սահմանի վրա 150 դոլար վճարող ու հետո ներքին շուկայում համարյա կրկնակի թանկ` 290 դոլարով վաճառող «Գազպրոմ Արմենիային»: Հիման հերթը հասավ մեր կառավարությանը:

Ինչ ընթացք կունենան բանակցությունները, բնականաբար, ժամանակը ցույց կտա:

Հասկանալի է, որ Կառավարությունը փորձելու է համոզել կրճատել գնային այս տարբերություն-մարժան, որ հունվարի 1-ից 140 դոլարից նվազեց՝ դառնալով 125 դոլար: Ռուսական մամուլի փորձագետների կարծիքով, մարժայի նվազման դեպքում թե՛ «Գազպրոմը», թե՛ նրա դուստր ձեռնարկությունը ստիպված կլինի կրճատել իր ներդրումային ծրագրերը: Պարզ մարդկային լեզվով ասած՝ տնտեսական այս համակարգը կսկսի աշխատել մաշվածքի հաշվին:

Սա դժվար թե կարելի կլինի դրական փաստ համարել: Հատկապես, որ խոսքը գնում է ՀՀ խոշորագույն հարկատու ձեռնարկության մասին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ