27 12 2018

Մեր պարտքերը աճում են․ «Հայոց աշխարհ»

Մեր պարտքերը աճում են․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Իշխանությունները մտադիր են մյուս տարի ավելացնել երկրի պետական պարտքը, եւ 2019 թվականի ավարտին Հայաստանի քաղաքացիները կունենան մոտ 7,5 միլիարդ դոլար պետական պարտք:  

Ըստ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի, այդ թիվը ներառում է կառավարության ու Կենտրոնական բանկի արտաքին ու ներքին պարտքերը:  

«Եթե տեղի ունենան բոլոր այն ենթադրությունները, որ մենք կատարել ենք՝ դնելով հաշվարկի հիմքում, հատկապես զուտ փոխառումների ճանապարհով պարտքի ավելացման հաշվին, պետական պարտքը 2019 թվականի վերջին կկազմի մոտավորապես 7,5 միլիարդ դոլար, որից 6,913-ը կառավարության պարտքն է»,- նշել է Մարգարյանը:   

Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 միլիարդ 765 միլիոն 500 հազար դոլար։  

Արշալույս Մարգարյանը նշել է, որ «2019 թվականի փոխառությունների տարեկան ծրագրի» համաձայն, միայն կառավարությունը մտադիր է գալիք տարի վերցնել շուրջ 490 միլիոն դոլարի պարտք եւ մյուս տարի էլ մտադիր է մարել 175 միլիոն դոլարի պարտքը: Ստացվում է, որ մյուս տարի միայն կառավարությունը պետպարտքը ավելացնելու է մոտ 315 միլիոն դոլարով. «Նույն աղյուսակում ներկայացրել էինք տարվա փոխառությունները, որն իրոք 490 միլիոն դոլարին մոտ թիվ է, եւ տակը գրված էր մարումների թիվը:   

Իհարկե, պարտքը ավելանալու է «ներգրավում հանած մարում» մեծության չափով, եւ այդտեղ խոսքը վերաբերում է բացառապես կառավարության պարտքին, Կենտրոնական բանկը առանձին է հաշվառում իր պարտքը: Այդ 315 միլիոն դոլարի մեջ ներառված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից ներգրաված գումարները»:   

Ըստ պաշտոնյայի, պետական պարտքի մարման առումով առանձնանալու են 2020 եւ 2025 թվականները: 2020-ին Հայաստանի քաղաքացները պետք է մարեն մոտ 800 միլիոն դոլար, շուրջ 730 միլիոն դոլար էլ՝ 2025-ին. «Այդպիսի պիկերը համընկնում են մեր թողարկած եվրոբոնդերի մարումների հետ... Եվ դրանից 500 միլիոնը եվրոբոնդերի մարման մայր գումարն է:   

Ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա ֆիքսվել այդ թվերի վրա ու շատ անհանգստանալ դրա համար, որովհետեւ եթե Հայաստանը արդեն հայտնվել է միջազգային ֆինանսական շուկաներում, նա մշտական ներկայություն է ունենալու այդ շուկաներում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ