26 12 2018

Անասնագողերի բանդային ոստիկանությունը չի ցանկանում բռնել․ «Ժողովուրդ»

Անասնագողերի բանդային ոստիկանությունը չի ցանկանում բռնել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են ահազանգել Վարդենիսի բնակիչները` հայտնելով, որ արդեն մի քանի ամիս է, ինչ իրենց քաղաքում գործում է անասնագողերի բանդա, սակայն իրավապահները չեն ցանկանում բացահայտել, թե ովքեր են պարագլուխները: 

Եվ այսպես, Վարդենիս քաղաքի բնակիչ Վարդան Ասլանյանը հայտնեց, թե ինչպես է անասնագողերի բանդան մտել տարբեր քաղաքացիների անասնագոմեր եւ գողացել նրանց ցուլերն ու կովերը.

«Դեկտեմբերի 18-ին գողացել են երկու ցուլիկներս, այդ օրը գիշերը` մինչեւ ժամը երկուսը, հեռուստացույց եմ նայել, գնացել եմ գոմ, նայել եմ ցլերին, հետ եմ վերադարձել: Երեւի դրանք հետեւել են ինձ, իմ գնալուց հետո եկել են, մտել են գոմ ու տարել են: Վարդենիսում այսպիսի համատարած գողություններ չեն եղել, այս վերջին երեք ամիսը սարսափելի է. ոնց որ ոստիկանությունը չցանկանա բացահայտել, կառավարությանը սաբոտաժ է անում: Սա բանդա է, որ չեն ցանկանում բռնել, կրկնում եմ` ոչ թե չեն կարողանում բռնել, այլ չեն ցանկանում: Վարդենիսում բոլորն էլ լավ գիտեն` ով ոնց է ապրում, ու եթե իրավապահները ցանկանան, ապա կարող են իմանալ` ով է: Դա այնպես չէ, որ գցեցին գրպանները ու գնացին տուն, դա անասուն է, պետք է տանեն, իրացնեն , առերեւույթ հետքեր կան, ոտնահետքեր կան, մարդիկ կան` ոստիկանությանը գողության հետքերն են ցույց տվել: Եղել են մարդիկ, որ գնացել են, դիմում են գրել, ասել են` մի՛ բողոքի, մենք կհայտնաբերենք, ու ոչ մի բան էլ չեն հայտնաբերել»:

Արդյունքում Վարդան Ասլանյանը ներկայացրեց այն քաղաքացիների անունները, որոնք դարձել են անասնագողերի բանդայի զոհերը. «Սեպտեմբերի 30-ին գողացել են Վարդենիս քաղաքի բնակիչ Արկադի Գրիգորյանի 6 ոչխարը, Կամո Ասլանյանից գողացել են նրա մեկ ձին: Դեպքը եղել է հուլիս ամսին , ինքը եւս դիմել է ոստիկանություն, ոչ մի բան չի բացահայտվել: Հոկտենբերի 28-ին Ատոմ Անտոնյանից տարել են մեկ ցուլ, այս մարդուն ասել են` դիմում մի՛ տուր, մենք կհայտնաբերենք, ու ոչինչ չեն արել: Հակոբ Մելքումյանի հորթն են գողացել, դիմում է տվել ոստիկանությանը, ասել են` արի՛, դիմումը հե՛տ վերցրու, գողի անունն էլ պետք է տաս: Ստիպված այդ մարդը գնացել է, հետ է վերցրել իր դիմումը: Նոյեմբերի 17-ին գողացել են Արմեն Հակոբյանի մեկ ցուլիկը, կրկին դիմումը կա ոստիկանությանը: էլի գյուղերից էլ են գողություններ արել:

Հոկտեբերի 2-ին Մեծ Մասրիկի բնակիչ Շիրվանյան Մակիչից տարել են 4 գառ, մեկ ցուլ, նոյեմբերի 28-ին թալանել են Մեծ Մասրիկի բնակիչ Պետրոսյան Սերգեյի խանութը. 4-5 միլիոն ապրանք են տարել: Ծովակից` Նվերի տանից, տարել են 500 կգ սխտոր, մեկ հատ երինջ, մեկ հատ էլ կով: Մեկ-երկու անգամ գնացել ենք ոստիկանություն, մեզ ասեցին` արխային եղե՛ք, կբացահայտվի. ոչ մի բան չի բացահայտվում, մեր հանքից երկու բուռ հողի համար բռնում դատում են, իսկ սրա համար ո՞վ պետք է պատասխան տա: Միլիցիան ինչի՞ համար է. մեզ ասում են` ձեր ապրանքը լավ պահե՛ք` չգողանան, այսինքն` այս ժողովուրդը մի գիշերվա քուն ունի, դա էլ չանի, չքնե՞նք»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ