20 12 2018

Սև կատվին պարկի մեջ չեք թաքցնի․ «Հայոց աշխարհ»

Սև կատվին պարկի մեջ չեք թաքցնի․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի հետ փոխըմբռնման հասնելու շուրջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի դեկտեմբերի 18-ի հայտարարությունը ռումբի պայթյունի էֆեկտ է ունեցել մեր երկրում։  

Ընդամենը մեկ օրվա՝ դեկտեմբերի 19-ի ընթացքում, քաղաքական շատ գործիչներ երկրի ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել, իսկ արտգործնախարարության մամլո խոսնակը ճգնել է ինչ-ինչ բացատրություն տալ, բայց որեւէ մեկին այդպես էլ չի համոզել։   

Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի հավաքի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունների պաշտոնական մասի երեկվա վերաշարադրանքը ԱԳՆ խոսնակ Ա.Նաղդալյանի կողմից, ծագած հարցերի պատասխանի հետ որեւէ աղերս չունի։ Հանդիպումները շարունակելու կամ համատեղ հայտարարությամբ հանդես գալու մասին միլանյան որոշման եւ դրա վերաբերյալ տեքստի համաձայնեցման շուրջ մանր-մունր լոլոներով ընդամենը մանուկներին կարելի է խաբել։  

Է.Մամեդյարովը խոսել է Ղարաբաղի հարցում փոխըմբռնման հասնելու մասին, որի բովանդակությունը բնականաբար չէր կարող տեղ գտնել երկու երկրների արտգործնախարարների հայտարարությունների մեջ։ Դա այնքան լուրջ հարց է, որ դեռ պետք է քննարկվի ամենաբարձր մակարդակով՝ յուրաքանչյուր երկրի ղեկավարության կողմից։  

Մինչդեռ Է. Մամեդյարովը շատ հստակ է հաստատագրել՝ «Կարծում եմ, Միլանում վերջին հանդիպման ժամանակ իմ հայ գործընկերոջ հետ առաջին անգամ փոխըմբռնման հասանք, ինչը մեզ երկար ժամանակ չէր հաջողվում»։  

Հետեւաբար կատարենք որոշակի հաստատագրումներ բացահայտելու գոյություն ունեցող լուրջ «եթե»-ները.  

ա) Եթե Ադրբեջանի արտգործնախարարն այսքան բացախոս է դարձել, ապա Միլանում նրան հաջողվել է ինչ-որ բան պոկել իր հայ գործընկերոջից, ուստի ասվածը հերքող «խոսքի իրավունքը» այժմ պատկանում է ոչ թե մեր արտգործնախարարության գրեթե մանկահասակ մամլո խոսնակին, այլ հենց իրեն՝ արտգործնախարար Զ.Մնացականյանին։  

բ) Եթե Ադրբեջանի արտգործնախարարն այսքան լավատես է դարձել, ապա փոխըմբռնումը ձեռք է բերվել միայն ու միայն հայկական կողմերի շահերի հաշվին, ինչը չի կարող չանհանգստեցնել մեր քաղաքական դասին եւ լայն հասարակայնությանը։  

գ) Եվ, վերջապես, առանց «եթե»-ների կարելի է պնդել, որ ինչպես նախքան խորհրդարանական ընտրությունները, այնպես էլ դրանցից հետո մեր երկրի նոր ղեկավարության արտաքին-քաղաքական կեցվածքում արդեն այնպիսի միտումներ են դրսեւորվել, որ Է.Մամեդյարովի հայտարարությունը լիովին տեղավորվում է դրանց շրջագծում։  

Վերջին հանգամանքի՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ նրանց որդեգրած հստակորեն «ցրողական» դիրքորոշումների կապակցությամբ շատ ենք անդրադարձել, բայց հիմա այն պահն է, երբ այլեւս երկար ժամանակ հնարավոր չէ կատվին պահել պարկի մեջ։  

Որովհետեւ նախքան փոխըմբռնման հասնելու շուրջ Է.Մամեդյարովի խոսքը լսելը, ունկնդրել ենք Զ.Մնացականյանի «փիլիսոփայական դատողությունն» առ այն, որ «Հայաստանի համար գլխավոր խնդիրը բնակչության անվտանգությունն է»։   

Հասկանալի է, որ այդ լայն հասկացության միջոցով դյուրին է քողարկել ուզածդ զիջում՝ «հո չե՞նք վտանգի մեր անվտանգությունը՝ հանուն ինչ-ինչ դատարկ տարածքների» տրամաբանությամբ։  

Առավել եւս, որ իշխանության թիկունքին գոյություն ունի այդ «տրամաբանությունը» ներարկող արտաքին հզոր գործոնը, որը Ջոն Բոլթոնի հայտնի այցի ընթացքում ի ցույց է դրել իր թելադրողական կեցվածքը։ Թերեւս սրանով է բացատրվում երեկ ՌԴ փոխարտգործնախարար Գ.Կարասինի հայտնած այն միտքը, որ «եթե այդպիսին է հայ-ամերիկյան հարաբերությունների հանրային կողմը, ապա կարելի է պատկերացնել, ինչպիսի «թեւերի ոլորում» է կատարվում կուլիսներում»։  

Իսկապես վերջին ամիսներին հաճախ մեզ այն զգացողությունն է համակում, որ Հայաստանի իշխանություններն իրենք չեն որոշողի դերում, այլ պարզապես փորձում են հնարավորինս լավ փաթեթավորել արդեն իսկ գոյություն ունեցող որոշումները։ Բայց որքան էլ փորձում են ինքնուրույն ձեւանալ, միեւնույն է, նախապես նրանց մատուցածը չարաճճի կատվի նման դուրս է սողոսկում պարկից։   

Այս անգամ էլ կարծես նույնն է կատարվում՝ Միլանում ինչ-որ կատու են մատուցել երկու երկրների արտգործնախարարներին, որն ակնհայտորեն դուր է եկել Ադրբեջանի արտգործնախարարին։ Դե, նա էլ գովերգում է «ապրանքը»։ Բայց ի՞նչ անի մեր արտգործնախարարը։ Հո չի՞ ասի, որ իշխանությանը տիրանալուց հաշված օրեր անց Հայաստանի ղեկավարությանը մատուցված կատուն սեւ գույն ունի, ինչը վատ նշան է նոր միայն ձեւավորվող ցանկացած ղեկավարության համար։  

Մենք, անշուշտ, սնահավատությամբ չենք տառապում, բայց չենք տառապում նաեւ դալտոնիզմով, ուստի պահանջում ենք իշխանություններից չթաքցնել իրականությունը՝ որքան էլ այն վատ կանխանշան լինի իրենց ապագայի համար։ Ճշմարտությունը, միեւնույն է, բացվելու է, քանզի շատ փոքր է հավանականությունը, որ Ադրբեջանի արտգործնախարարն իր նման հայտարարությամբ պարզապես ապատեղեկատվություն տարածելու հարցով զբաղվի։   

Հայաստանում ավարտված ընտրություններից հետո դա նրան ոչինչ չի խոստանում. ներքաղաքական պայքարի գնացքը հեռացել է կառամատույցից։ Եվ մի՞թե դեկտեմբերի 18-ին Է.Մամեդյարովի հայտնած մտքերը չեն ապացուցվում նաեւ Հայաստանի հյուսիսարեւմտյան սահմանագծին կանգնած ադրբեջանական զորքին սահմանապահներով փոխարինելու քայլով։  

Որովհետեւ եթե «Հայաստանի համար գլխավոր խնդիրը բնակչության անվտանգությունն է», ապա ռազմական շփման գծից հեռու նման վայրերում լրացուցիչ սպառնալիքներ ստեղծելու փոխարեն կարելի է նաեւ «կառուցողական մոտեցումների» պատրանք ստեղծել եւ լայնորեն փողահարել այդ մարդասիրական քայլը։ Իսկ Տավուշի մարզի սահմանագիծը ո՛չ Ղարաբաղ է, ո՛չ էլ Նախիջեւան՝ այստեղ կարելի է հայկական կողմին հանգստացնող եւ միջազգային հանրությանն ապակողմնորոշող «գեղեցիկ ժեստեր» անել։  

Եզրակացությունը պարզ է՝ Միլանում ինչ-որ բան է կատարվել, որը իշխանությունները ճգնում են թաքցնել հայ հասարակությունից, մոռանալով, որ սեւ կատվին պարկում պահելու սովորույթը վատ վերջաբան է ունենում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ