19 12 2018

Գործարք՝ ժողովրդի թիկունքում․ Yerkir.am

Գործարք՝ ժողովրդի թիկունքում․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ «Առնվազն տարօրինակ է,  որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ընթացող բանակցությունների և դրանց արդյունքում սպասելի փաստաթղթի մասին մենք իմանում ենք ՌԴ արտգործնախարարից և ոչ թե ՀՀ ԱԳՆ-ից: Զոհրապ Մնացականյանը տեղյակ չէ՞ր այդ բանակցություններից, թե՞ իրավունք չուներ այդ մասին խոսել առաջինը: Իսկ ո՞ւր մնացին ՀՀ իշխանությունների խոստումները, թե այսուհետ ժողովուրդն է իշխանություն և ժողովուրդն է որոշում ինչ անել:

Եթե այլ բան չասենք, սա ընդամենը գործարք է ժողովրդի թիկունքում, որով Ռուսաստանը իրավունք է ստանում ստուգել ՀՀ ցանկացած ձեռնարկություն ու ՍՊԸ, եթե հանկարծ Մոսկվայում կասկածներ առաջանան, որ այդ ձեռնարկություններում օտարերկրյա զինծառայողներ են աշխատում:

Կարծում ենք՝ լրացուցիչ բացատրությունների անհրաժեշտություն կա այստեղ: Նախ՝ անհասկանալի է, թե ինչու է Սերգեյ Լավրովն այդ մասին հայտարարում մի այնպիսի տոնով, որ, կարծես, Հայաստանը չթույլատրված բան է արել և, ահա, իրենք բռնացրել են Հայաստանին ու այլևս նման բան չանելու մասին պայմանագիր են պարտադրում: Ո՞ւմ է հանգստացնում Լավրովը՝ երաշխավորելով, որ Հայաստանում օտարերկրյա զինվորականներ չեն կարող լինել: Մյուս կողմից էլ՝ տակավին պարզաբանում չի տրվել, թե ինչ պետք է հասկանալ «օտարերկրյա զինծառայող» ասելով: Ռուս զինծառայողներն, արդյոք, չե՞ն համարվում օտարերկրյա:

Համադրելով Լավրովի և ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունները, կարելի է մտածել, որ նշված լաբորատորիաներում աշխատում են ազգությամբ հայեր, որոնք, հնարավոր է, օտար երկրների քաղաքացիներ են: Ի՞նչ է ստացվում՝ մենք այսուհետ պետք է զգուշանանք ՀՀ տնտեսության մեջ սփյուռքահայ մասնագետներ ներգրավելո՞ւց:

ՀՀ կառավարությունը, մեր կարծիքով, պարտավոր է հանդես գալ համապատասխան մեկնաբանությամբ և պարզաբանել Սերգեյ Լավրովի ու ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունների տողատակերը: Առնվազն պետք է բացատրել, թե խոսքն ինչ լաբորատորիաների մասին է: Այլապես անհասկանալի է, թե ինչու պետք է մեր ռազմավարական դաշնակիցն այդպես կենտրոնանար այդ հարցի վրա, ասես Հայաստանում դավադրություն է եղել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Yerkir.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ