08 12 2018

Ինչի՞ մասին է վկայում շոուի եզրափակիչ ակտը․ «Հայոց աշխարհ»

Ինչի՞ մասին է վկայում շոուի եզրափակիչ ակտը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի լուր աշխարհի, հազարավոր մարդկանց առաջ հանդես գալով, հայտարարեց, որ հայրենի դատական համակարգն իր բռի մեջ է՝ «ինչի, Հայաստանում դատավոր կա՞, որ կարա իմ ասածին ասի՝ չէ, էդ ո՞ւր ա էդ դատավորը, ուզում եմ տենամ», նույնիսկ քաղաքական դալտոնիկների համար ակնհայտ դարձավ այն, ինչը մինչ այդ էլ տեսանելի էր տեսողության հետ խնդիրներ չունեցող ամեն մեկի համար. Նոր Հայաստանում իշխանությունների տարանջատման եւ դատական իշխանության անկախության մասին այլեւս կարելի է մոռանալ։  

Երբ հայտնի դարձավ, որ Վերաքննիչ դատարանը նախընտրական այս թոհուբոհում «հրատապության կարգով» ձեռնամուխ է եղել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց վերացնելու օրինականության «վերաքննությանը» (հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ Վճռաբեկ դատարանը մասամբ բավարարել էր գլխավոր դատախազի բողոքը եւ գործը վերադարձրել Վերաքննիչ դատարան՝ լրացուցիչ քննության), դժվար չէր կռահել, որ Վերաքննիչն «ուզի-չուզի»՝ դակելու է առաջին դեմքի մակարդակով կայացված քաղաքական որոշումը։   

Այսինքն՝ սրբագրելու է հանրապետության երկրորդ նախագահին սահմանադրական անձեռնմխելիության հիմքով ազատ արձակելու դատական ակտը, որ ընդունել էր նույն Վերաքննիչ դատարանը՝ երեւի թե լուրջ ընդունելով ոմանց ճառերը զանգովի արդարադատության արատավոր պրակտիկան պատմության աղբանոց նետելու մասին։   

Գլխավոր դատախազը՝ Փաշինյանի թույլտվությամբ իր բարձր պաշտոնում վերահաստատված Արթուր Դավթյանը, մեղադրողների 6 հոգանոց «բրիգադով» իզուր չէր օրեր շարունակ կաշվից դուրս գալիս՝ «հիմնավորելով» ու «վերահիմնավորելով» Քոչարյանին անպայման «փակելու» կենսական անհրաժեշտությունը։ Անգամ այն պարագայում, երբ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ի՛նքն էր խոստովանել, որ երկրորդ նախագահը երբեք չի փորձել թաքնվել քննությունն իրականացնող մարմնից։  

Միակ փաստարկը, որ բերեց անպայման կալանավորելու հրահանգը սրբորեն ի կատար ածելու օգտին, այն էր, թե լրատվամիջոցներին հարցազրույցներ տալով՝ Քոչարյանն իբր խոչընդոտում է գործի «բացահայտմանը», ինչը առնվազն ծիծաղելի է։   

Նախընտրական լրահոսում հայտնված հերթական սկանդալային բացահայտումը՝ վարչապետ-ԱԱԾ ղեկավար-ՀՔԾ տրոյկայի շրջանակներում ընթացող «իրավական քննարկումների» երկրորդ մասը, ավելորդ անգամ ցույց տվեց, թե ում կողմից եւ ինչպես է կայացվել երկրորդ նախագահին փակի տակ առնելու որոշումը։ Սա այն դեպքն է, երբ մեկնաբանություններն իսկապես ավելորդ են։   

Եթե նախկին իշխանությունների օրոք ընդդիմադիրներն ընդամենը ենթադրությունների մակարդակով էին ծանրումեծ դատողություններ անում դատարանների ոչ ազատ եւ ոչ անկախ լինելու մասին, հիմա դա այլեւս անհերքելի փաստերով ապացուցված դառը իրականություն է։   

Վերաքննիչ դատարանում խաղարկված քաղաքական շոուի եզրափակիչ ակտը՝ երկրորդ նախագահին երկրորդ անգամ կալանավորելու որոշումը դեկտեմբերի 7-ին հրապարակելու փաստն ինքնին խոսում է իր փոխարեն։   

Մնում է երկրորդել ժողվարչապետին եւ ասել. ինչի, Հայաստանում դատավոր կա՞, որ էս «նեղ մաջալին»՝ քարոզարշավի վերջին օրը, չհաստատի առաջին ատյանի դատարանի «ազատ, արդար եւ թափանցիկ» որոշումը՝ Էդ ո՞վ է առյուծի սիրտ կերել, որ իր վրա նման պատասխանատվություն վերցնի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ