07  12  2018

Նոր Հայաստանում լիառատ ծաղկում է քաղաքական մարդակերությունը․ «Հայոց աշխարհ»

Նոր Հայաստանում լիառատ ծաղկում է քաղաքական մարդակերությունը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Բարմալեյ 66-ը այնքան էլ իրավացի չէր. նորմալ հերոսները միշտ չէ, որ գնում են շրջանցիկ ճանապարհով։ Նոր Հայաստանի իշխանությունները, օրինակ, ընտրություններից առաջ վերջին օրերին նախընտրում են առճակատ գրոհները ընդդեմ քաղաքական մրցակիցների՝ ի դեմս հանրապետականների։  

Մեզանում այժմ գրեթե այնպես է, ինչպես Չինաստանում։ Այնտեղ կարելի է քննարկել քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական բնույթի ուզածդ խնդիր, բայց չի կարելի կասկածի ենթարկել «չորս հիմնական սկզբունքները». սոցիալիստական ուղին, ժողովրդի դեմոկրատական դիկտատուրան, կուսակցության ղեկավար դերն ու մարքսիզմ-լենինիզմը, Մաո Ցզեդունի գաղափարները եւ Դեն Սյաոպինի տեսությունը։ Դրանցից որեւէ շեղում համարվում է պետական դավաճանություն։   

Նոր Հայաստանում նույնպես շատ բան կարելի է քննարկել, բայց պետական դավաճանություն է համարվում վարչապետի պաշտոնակատարի կողմից անցկացվող քաղաքականության անսխալությունն ու իմաստնությունը կասկածի ենթարկելը։ Դրա համար էլ ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող գործիչները մեկը մյուսի հետեւից ծանուցումներ են ստանում ԱԱԾ, ոստիկանություն եւ համանման այլ աստվածահաճո հաստատություններ ներկայանալու մասին։  

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ներկա իշխանավորների սիրելի գիրքը «Ոսկե բանալին» է։ Երկու պատճառով։   Նախ՝ դա ստեղծագործություն է իրական գունավոր հեղափոխության մասին։ Ատելի Բարաբասի հեքիաթային ու անարյուն տապալման եւ նոր արդար իշխանության գալուստի։  

Չարի լծից ազատագրման։ Տիկնիկների՛ ազատագրման։ Եվ մասամբ էլ՝ շների, ի դեմս հեղափոխականներին միացած Արտեմոնի։    Երկրորդ, թեեւ բուն գունավոր հեղափոխությունը տեղի ունեցավ անարյուն, բայց «Ոսկե բանալին» բովանդակում է բռնության բազմաթիվ տեսարաններ, իսկ նման բաներն այսօրվա իշխանավորները պարզապես պաշտում են։ Մեջբերենք հեքիաթից մի քանի հատված:  

«Այդ ժամանակ Բուրատինոն ցատկեց աթոռին, աթոռից՝ սեղանին, վերցրեց մուրճն ու հարվածեց դրանով Խոսող Ծղրիդի գլխին»։   «Եվ ահա սեղանի վրա առնետը ճանկեց Բուրատինոյի կոկորդից, ցած տապալեց՝ ատամներով սեղմած, ցատկեց հատակին ու քարշ տվեց աստիճանի տակ, նկուղ»։  

«Դրանից հետո շրջվեց Պիեռոյի կողմն ու երկու ապտակ հասցրեց նրան, այնքան զրնգուն, որ այտերից թափվեց դիմափոշին»։   «Գլխիվայր շրջելով Բուրատինոյին, ավազակները հարվածում էին նրա գլուխը գետնին... Ավազակներից մեկը՝ ցածրահասակը, սկսեց լայն ներբանով բացել նրա սեղմած ատամները»։   

Համաձայնեք, սա արդեն հիշեցնում է դրվագներ սարսափի ֆիլմերից։ Հիշեցնենք, որ խոսքը նախադպրոցական տարիքի երեխաներին հասցեագրված մանկական գրքի մասին է։ Իսկ այնտեղ բռնության տեսարաններ կան գործնականում յուրաքանչյուր գլխում։   

Ըստ որում՝ կռվում են բոլորը բոլորի դեմ։ Առաջին իսկ տողերում պատկերվում է ծեծկռտուքը Կապտաքիթ մականունով ատաղձագործ Ջուզեպեի եւ երգեհոնիկ նվագող Կառլոյի միջեւ։  

«Ծերունիները երկուսն էլ փքվեցին ու սկսեցին վրա տալ իրար։ Կառլոն բռնեց Ջուզեպեի կապտագորշ քիթը։ Ջուզեպեն ճանկեց Կառլոյի ականջների մոտ աճող ալեհեր մազերը։ Դրանից հետո նրանք սկսեցին մի լավ դնգստել իրար»։  

Իսկ ինչպե՜ս է ներկայացված գրքում տզրուկային թեման։ «Հիվանդ պուդել շնիկին, սինյոր Կարաբաս-Բարաբաս, տվեք ինձ. ես կգցեմ նրան լճափոսը՝ տզրուկների մոտ, որպեսզի իմ տզրուկները չաղանան»։  

Եվ դա դեռ ամենը չէ.   «...Բայց սկզբում լավ կլինի տզրուկներ կպցնել նրան, որպեսզի ծծեն ողջ արյունը»։  

Ինչպես ասում են, մարկիզ դե Սադը հանգստանում է։ Սարսափելի է պատկերացնել, թե ինչե՜ր կարելի է այդտեղից սովորել։   

Փոխարենը՝ անչափ հեշտ է պատկերացնել, թե ինչպես են ձմեռային այս երկար երեկոներին շրջան կազմած նստում վարչապետի պաշտոնակատարը, բոլոր այդ ԱԱԾ, ՀՔԾ եւ այլ համանման կառույցների ղեկավարները, բարձրաձայն կարդում «Ոսկե բանալին» ու բարձրաձայն հրճվում։ Շա՛տ հոգեհարազատ գիրք է, որքա՜ն բան կարելի է սովորել։  

Եվ ինչ ամոթի մասին կարող է այստեղ խոսք լինել, եթե, ըստ Արթուր Շոպենհաուերի, մարդու խիղճը 1/5-ով բաղկացած է մարդկանց հանդեպ վախից, 1/5-ով՝ երկնային ուժերի հանդեպ վախից, 1/5-ով՝ նախապաշարմունքից, 1/5-ով՝ սնապարծությունից եւ 1/5-ով՝ սովորությունից։ Այնպես որ՝ մարդկանց մեծ մասը այն անգլիացուց ավելի լավը չէ, որն ուղղակիորեն հայտարարեց. «Խիղճ պահելը իմ միջոցներից վեր է»։   

Հարկ է մատնանշել, որ իշխանափոխությունից հետո Նոր Հայաստանում լիառատ ծաղկում է քաղաքական մարդակերությունը։ Իշխանության եկածները այդ առումով առանձնապես չեն տարբերվում վայրենի յանոմամիներից, որոնք ապրում են Բրազիլիայի եւ Վենեսուելայի արեւադարձային անտառներում։  

Բայց կա այդ ամենի մեջ մի չափազանց կարեւոր հանգամանք։ Այդօրինակ վարքագծով իշխանությունը միայն չարացնում է իր քաղաքական հակառակորդներին եւ ընդհանրապես մարդկանց, դրդում պատասխան գործողությունների։ Պատմությանը հայտնի են դրա վերաբերյալ փայլուն օրինակներ։  

XV դարասկզբին Հնդկաստանում առաջացավ նոր դավանանք՝ սիկհիզմ։ Հիմքում դրված էր ահիմսայի քարոզչությունը՝ չարին չդիմադրելու, խոնարհության ու համբերատարության մասին։ Հալածանքներին հորդորվում էր պատասխանել համբերությամբ, իսկ եթե համբերությունը չի բավականացնում, խորհուրդ էր տրվում պարզապես հեռանալ՝ չպատասխանելով ագրեսիայով։  

Գոյություն ունի պատմություն, թե ինչպես էին մի բնակավայրում սիկհերը ջուր կրում աղբյուրից, բայց հարեւան գյուղի չար մահմեդականները զինվեցին պարսատիկներով, քարկոծեցին գյուղացիներին ու կոտրեցին կավե անոթները։   

Սիկհերը դիմեցին գուրուին. նա խորհուրդ տվեց ջուրը կրել տիկերով։ Բայց չար մահմեդականները ծակեցին տիկերը նետերով, եւ ջուրը դարձյալ թափվեց։ Գուրուն խորհուրդ տվեց անցնել պղնձե անոթների։ Բայց մահմեդականները սկսեցին քար շպրտել սիկհերի վրա։   Հավատացյալները հարցրին գուրուին. մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժենք բռնությունը։ Պատասխանը հետեւյալն էր. ողջ կյանքում, քանզի չկա ավելի լավ զենք, քան համբերությունը։  

Երկու դար անց տասներորդ գուրու Գոբինդ Սինգհը փոխեց կրոնի գաղափարախոսությունը. չարիքին պետք է պատասխանել չարիքով, ակն ընդ ական։ Խոնարհ ու խաղաղ սիկհերը վերածվեցին ռազմատենչ ժողովրդի, որը ձեռքից վայր չէր դնում զենքը, եւ ճանաչվեցին ողջ աշխարհում որպես ամենաքաջ ու հմուտ ռազմիկներ։  

Մի՞թե իրադարձությունների նման զարգացում է ցանկանում ու ամեն կերպ սադրում իշխանությունը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ