07  12  2018

Հասարակությունը ոչինչ չշահեց․ «Հայոց աշխարհ»

Հասարակությունը ոչինչ չշահեց․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Այլևս պարզ է, որ իշխանափոխությունը չարդարացրեց հասարակության սպասելիքները։ Որքան էլ վարչապետի պաշտոնակատարը հայտարարի, թե կատարել են բոլոր խոստումները, դրանից ոչինչ չի փոխվում։   

Ժամանակին բարձրացված բազմաթիվ խնդիրներ այսօր էլ շարունակում են մնալ չլուծված, թեեւ ցանկության դեպքում դա կարելի էր անել ամենասեղմ ժամկետում։ Խոսքը նույն արագաչափերի կամ կարմիր գծերի վերացման մասին է, սակայն այդ գաղափարից իշխանությունն ընդհանրապես հրաժարվել է։ Պարզվում է, այժմ դրանք անհրաժեշտություն են։   

Սոցիալական վիճակը Հայաստանում շարունակում է մնալ նույնքան ծանր, որքան նախկինում։ Այս առումով դժվար է որեւէ առաջընթաց քայլ արձանագրել։   

Այդ պայմաններում պետական կառավարման համակարգում աշխատավարձերի բարձրացման հարցը կառավարությունը մտադիր է լուծել ոչ թե տնտեսության ստվերային հատվածում եղած ռեսուրսների, այլ աշխատողների կրճատման հաշվին։ Թե այս մոտեցումը որքանո՞վ կարող է նպաստել երկրում սոցիալական վիճակի բարելավմանը, դժվար չէ պատկերացնել։   

Եթե իրականանա այն, ինչ նախատեսվում է, ապա հազարավոր մարդիկ կհայտնվեն փողոցում՝ զրկվելով անգամ ցածր աշխատավարձի տեսքով ստացվող եկամուտներից։ Սա խնդրի լուծում չէ։   

Վարչապետի պաշտոնակատարը խոսում է հանրակրթության ոլորտում 10 հազար ուսուցչի կրճատման անհրաժեշտության մասին՝ մոռանալով, որ կառավարության խնդիրն է նրանց աշխատանքից ազատելուց առաջ այլընտրանք առաջարկելը։ Նման այլընտրանք Հայաստանում չկա։   

Ավելին՝ պաշտոնական տվյալներով, ավելի քան 200 հազար մարդ գործ չունի։ Իրականում այս թիվը անհամեմատ մեծ է։ Նրանց գործով ապահովելու փոխարեն՝ կառավարությունը պատրաստվում է համալրել գործազուրկների բանակը։   

Փոխանակ ստվերային տնտեսությունը դիտվի որպես բյուջեի եկամուտների համալրման եւ սոցիալական խնդիրների լուծման աղբյուր, կառավարությունը մտադիր է հարկել տրանսֆերտները։ Անկախ նրանից, թե տարբեր պաշտոնյաներ ինչպիսի ջանասիրությամբ են հերքում նման մտադրության գոյությունը, միեւնույն է, այն եղել է եւ կա։ Այդ մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է։ Կառավարությունն ամենեւին էլ հակված չէ հրաժարվել հասարակության եկամուտների հարկումից՝ դրանք ստացված կլինեն ներսում թե դրսում։ Այլ բան է, որ պահը հարմար չէր այդ մասին առավել բացահայտ ասելու համար։   

Կասկած չկա, որ եկամուտների համատարած հայտարարագրումը, որը մնում է կառավարության օրակարգում, անիմաստ է, եթե չունի հարկման նպատակ։ Դրան են միտված նաեւ հարկային բեռը աստիճանաբար սպառման վրա տեղափոխելուն ուղղված քայլերը, որոնք արդեն իսկ դրված են Հարկային օրենսգրքի նախագծում։  

Այնպես որ, անկեղծ չեն այն հայտարարությունները, թե այդպիսի մտադրություն չի եղել եւ չկա։ Եկամուտների համատարած հարկման մեջ կառավարությունը փնտրում է բյուջեի եկամուտների համալրման լրացուցիչ հնարավորություններ։   

Իրականում, դրա հետեւանքով բյուջեն լրացուցիչ եկամուտներ կունենա։ Բայց համատարած հայտարարագրման եւ հարկման անցնելուց առաջ անհրաժեշտ է մտածել մարդկանց աշխատանքով եւ մարդավայել վաստակով ապահովելու հնարավորություն ստեղծելու մասին։ Որքան էլ դա կարող է արդարացված լինել ստվերի դեմ պայքարի շրջանակներում, միեւնույն է, սոցիալական այն պայմաններում, երբ հասարակության մի ստվար հատված ի վիճակի չէ ապրել սեփական վաստակով եւ հույսը դրսից հարազատ-բարեկամների ուղարկած գումարների վրա է, այդ մոտեցումը չի կարող ընդունելի լինել։   

Ստվերը հարկելու, օլիգարխներին կամ մեծահարուստներին հարկային դաշտ բերելու եւ այդ ճանապարհով հասարակության սոցիալական խնդիրները լուծելու փոխարեն՝ կառավարությունն առաջարկում է հարկային բեռը տեղափոխել սպառման դաշտ։ Այլ կերպ ասած, դրա վճարման ծանրությունը դնել սպառողների վրա։   

Եթե սրանք են ապագային միտված քաղաքական իշխանության ծրագրերը, ապա դժվար չէ ենթադրել, թե ինչ է սպասում հասարակությանը, առավել եւս անապահով խավերին, ընտրություններից հետո։ Տնտեսության միջոցով սոցիալական խնդիրները լուծելու հիմքեր այս պահին չեն երեւում։ Մինչդեռ հասարակության եկամուտների ավելացման լավագույն տարբերակը աշխատատեղերի ստեղծումը եւ տնտեսության արտադրողականության բարձրացումն է։   

Այնպես որ, հարկային բեռը սպառողական հատված տեղափոխելուց առաջ լավ կլիներ մտածել նաեւ մարդկանց վճարունակության մասին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ