07  12  2018

Թեկնածուների համեստ ու անհամեստ ունեցվածքը․ «Ժողովուրդ»

Թեկնածուների համեստ ու անհամեստ ունեցվածքը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ինչպես եւ ակնկալվում էր, ԱԺ այս ընտրություններին մասնակից թեկնածուներից ամենահարուստը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է, որը եւ գլխավորում է իրենց կուսակցության ցուցակը: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ԿԸՀ թեկնածուների ներկայացրած հայտարարագրերից: Փոխարենը, բավական համեստ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցվածքը:

«Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Փաշինյանը հայտարարագրել է 2012 թվականի արտադրության Հունդայի մակնիշի ավտոմեքենա, դրամական միջոցներն էլ կազմում են 1800 դոլար: Նրա եկամուտը կազմել է մոտ 10 մլն դրամ` պատգամավորի եւ վարչապետի աշխատավարձերից եւ իր գրքի հրատարակությունից ստացված գումարներից:

Նա հայտարարագրել է երկու բնակարան եւ Կիա մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմում են 7 մլն դրամից ավելի, իսկ եկամուտն էլ գոյացել է աշխատավարձերից, գույքը օտարելուց եւ փոխառությունից: Նա 13 մլն դրամից ավել գումար է ստացել գույքի օտարումից: Ցուցակի երրորդ համար Լենա Նազարյանը հայտարարագրել է 500 հազար դրամ, մեկ բնակելի տուն, հողամաս եւ բնակարան: Եկամտի միակ աղբյուրն էլ աշխատավարձն է եղել:

Ըստ այդ հայտարարագրի` Գագիկ Ծառուկյանն ունի 13 միավոր ավտոմեքենա, 5 շենք-շինություն, 6 հողամաս, 2 հողամաս էլ տնօրինում է վարձակալական հիմունքներով: Սակայն սա ամենը չէ. նա հայտարարագրել է 22 միավոր թանկարժեք գույք: Սրանք այն գույքերն են, որոնց արժեքը գերազանցում է 8 մլն դրամը: Օրինակ, միայն մետաքսե վարագույրների արժեքը 251 հազար 799 եվրո է: Թանկարժեք գույքի մեջ են մտնում նաեւ ոսկյա զարդերը, օրինակ` ունի 3 մլն դոլար արժողությամբ ադամանդե քարերով մատանի: Ըստ հայտարարագրի էլ` նրա եկամուտները կազմում են 4 մլրդ 208 մլն դրամ, 333 դոլար եւ 1 մլն 800 հազար 166 եվրո:

Կուսակցության երկրորդ համարը Միքայել Մելքումյանն է, ով իր հայտարարագրում նշել է երեք անշարժ գույք, որից երկուսը համատեղ սեփականության են: Նրա դրամական միջոցները կազմել են 4 մլն դրամ և 362 հազար դոլար, իսկ նա եկամուտ է ստանում աշխատավարձերից, վարձակալության դիմաց գումարներից, փոխառություններից ստացված տոկոսներից:

Օրինակ, «Անետ» ՍՊԸ-ի կողմից նա 1 մլն դրամից ավել գումար է ստանում վարձակալության դիմաց, իսկ Տնտեսագիտական համալսարանում նրա աշխատավարձի հանրագումարը 10 մլն դրամից ավել է: Ցուցակի երրորդ համարը Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանն է: Նա հայտարարագրել է միայն իր եկամուտն ու դրամական միջոցները:

Ըստ այդմ, պատգամավորի թեկնածուն ունի 120 մլն դրամ, 150 հազար դոլար եւ 130 հազար եվրո, իսկ եկամուտն էլ գոյանում է աշխատավարձերից` «Մուլտի Գրուպ» կոնցեռնից եւ նախարար եղած ժամանակից:

Նախկին իշխող կուսակցության` ՀՀԿ ներկայացուցիչները բավական հարուստ են: Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորում է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Նա հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 2 բնակարան Կենտրոնում եւ 2 ավտոտնակ: Նա նաեւ հայտարարագրել է 2017թ. արտադրության Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա: Իսկ որպես եկամուտ` Վիգեն Սարգսյանը հայտարարագրել է մոտ 9 մլն 425 հազար դրամ եւ 85.000 դոլար եւ վերջինը նա որպես նվիրատվություն է ստացել: ՀՀԿ ցուցակի երկրորդ համարն Արփինե Հովհաննիսյանն է, ում դրամական միջոցները կազմում են 2 մլն դրամ, իսկ եկամուտներն էլ գոյանում են աշխատավարձերից` 9 մլն դրամից ավել որպես պատգամավոր, եւ 1 մլն դրամից ավել որպես դասախոս:

Ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը որեւէ անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել: Որպես դրամական միջոց նա հայտարարագրել է 2800 դոլար եւ 1600 եվրո, իսկ որպես եկամուտ էլ 2 մլն դրամ միջազգային կազմակերպությունից:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հայտարարագրել է մեկ բնակարան Վանաձոր քաղաքում եւ 2012 թվականի արտադրության Toyota Camry մակնիշի ավտոմեքենա: Նա ունի 2 մլն 509 հազար դրամ, 1331 դոլար եւ 440 եվրո: Ցուցակի երկրորդ համար Մանե Թանդիլյանը հայտարարագրել է մեկ բնակարան, 500 հազար դրամ եւ 200 դոլար: Իսկ եկամուտն էլ գոյացել է բացառապես աշխատավարձերից` որպես պատգամավոր եւ նախարար:

Ցուցակի երրորդ համար, 1in.am լրատվական կայքի հիմնադիր Արման Բաբաջանյանը հայտարարագրել է մեկ առանձնատուն, մեկ հողամաս, Տոյոտա մակնիշի երկու ավտոմեքենա` 2010 եւ 2014 թվականի արտադրության: Դրամական միջոցները կազմում են 1 մլն դրամ, իսկ եկամուտն էլ գոյանում է աշխատավարձից: 

«Մենք» դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արամ Սարգսյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է բնակելի տուն Արարատ գյուղում եւ տնամերձ հողամաս: Նա հայտարարագրել է նաեւ 2 ավտոմեքենա՝ Mercedes Benz G350 եւ Hyundai Tuscani 2.0: Նրա եկամուտները կազմում են 113 մլն 520 հազար դրամ, որից 108 մլն դրամը «Գալիք» ՍՊԸ-ից ստացած շահաբաժինն է, իսկ մնացածը՝ պատգամավորական աշխատավարձը: Իսկ նրա դրամական միջոցները կազմում են 30 մլն դրամ, 30 հազար դոլար եւ 10 հազար եվրո:

Արամ Սարգսյանը հայտարարագրել է նաեւ 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք իրեր: Մասնավորապես նա ունի CARTIER ապրանքանիշի ժամացույց, որի արժեքը տատանվում է 25-35 հազար դոլարի միջակայքում եւ գրիչների հավաքածու՝ 100-150 հազար դոլար:

Ցուցակի երկրորդ համար Խաչատուր Քոքոբելյանը, որ հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից, լուրջ հարստության տեր է. նա հայտարարագրել է Մերսեդես մակնիշի ավտոմեքենա, ունի 52 մլն դրամ, 50 հազար դոլար եւ ըստ հայտարարագրի` հանդիսանում է երեք ընկերությունների 100 տոկոս բաժնետեր:

ՕԵԿ ցուցակը գլխավորող ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանն ունի 30 մլն դրամ, 5000դոլար, ինչպես նաեւ մեկ բնակարան եւ մեկ ավտոտնակ:

Ցուցակի երկրորդ համար Մհեր Շահգելդյանը հայտարարագրել է բնակարան եւ ավտոմեքենա: Նա դրամական միջոցներ չի հայտարարագրել: Հեղինե Բիշարյանն էլ հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ ավտոմեքենա եւ եկամուտ աշխատավարձից, սակայն դրամական միջոցներ կրկին չի ներկայացրել:

Իսկապես ուշագրավ պատկեր»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ