06  12  2018

Յոթմղոնանոց քայլերով՝ անհայտ ուղղությամբ․ «Հայոց աշխարհ»

Յոթմղոնանոց քայլերով՝ անհայտ ուղղությամբ․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ինչպե՞ս է ընթանում քաղաքական կյանքը, ասենք, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կամ, Աստված հեռու պահի, Անգլիայի կարգի ոչ այնքան զարգացած երկրներում, բարեկամներս։  

Տաղտկալի է ընթանում, առանց կայծի ու երեւակայության, գործնականում՝ ինքնաբերաբար։ Օրինակ, քարոզարշավի ընթացքում իշխանությունը հաշվետու է լինում ընտրողների առջեւ արված աշխատանքի համար, բացատրում, թե ինչու այս կամ այն խոստումը կատարված չէ, մանրամասնորեն պատմում, թե ինչ է մտադիր անել հետագայում եւ ինչի հասնել։ Նկատենք՝ ոչ մի ակնարկ «ասֆալտին պառկեցնելու», «պատերին ծեփելու», «վզից բռնելու», «աղբանոց նետելու» «պետական դավաճանների ու «դավադիրների» մասին։ Պարզունակ, գործնականում անկառավարելի ժողովրդավարություն։ Ինչ-որ Միջնադա՛ր, ազնիվ խոսք։  

Այլ բան է Նոր Հայաստանում, որտեղ իշխանությունը ձգտում է յոթմղոնանոց քայլերով առաջ գնալ անհայտ ուղղությամբ՝ մշտապես հաղթահարելով առողջ դատողությունն ու հաջողությամբ պայքարելով Նյուտոնի օրենքների դեմ։   

«Ես ուզում եմ ձեզ ասել, որ մենք երբեք նաեւ ինքներս մեզ չենք նվաստացնի եւ մեր սիրո եւ համերաշխության հեղափոխությունը չենք նվաստացնի՝ եղունգներով ու ատամներով իշխանությունը պահելու միջոցով»,- հայտարարեց պաշտոնակատար Փաշինյանը Ծաղկահովիտում։  

Ի՞նչ է նշանակում՝ «եղունգներով ու ատամներով իշխանություն չենք պահի»։ Ո՞ր դարում ենք ապրում, պարոնայք։ Իշխանությունը պահելու համար ներկայումս եղունգների ու ատամների կարիք ամենեւին էլ չի զգացվում։ Հպարտ քաղաքացիներն իրենք կաղաչեն ձեզ մնալ իշխանության ղեկին, իսկ եթե ձեւացնեք, թե՝ ոչ, հեռանում եք, ուժով կստիպեն ձեզ մնալ իշխանություն։  

Ժամանակին բոլոր թուրքմենների հայր եւ այլն, եւ այլն Սափարմուրատ Նիյազովը անհավասար մարտի բռնվեց սեփական անձի պաշտամունքի հետ։ Նա հրաժարվեց ընդունել Թուրքմենստանի հերոսի վեցերորդ աստղը, փորձեց երկրում նշանակել նախագահական ընտրություններ, ինչով սարսափահար արեց երախտապարտ բնակչությանը մինչեւ հոգու խորքը։ Թուրքմեն ժողովուրդը որոշեց ողջ չհանձնվել ժողովրդավարությանը։  

Ի պատասխան պետության ղեկավարի ընտրություններ անցկացնելու Սափարմուրատ Նիյազովի որոշման, Համազգային ժողովի նախագահությունում նստած պատվիրակները հրմշտելով նետվեցին դեպի ամբիոն եւ մնացյալ երկուսուկես հազար պատվիրակների աջակցությամբ հայտարարեցին իրենց կտրուկ անհամաձայնությունը Թուրքմենբաշու ծրագրերին։  

Ձեզ Աստված է ուղարկել, դուք ցմահ նախագահ եք, պիտի ղեկավարեք հավերժ. գոռում էր մեկը։ Ժողովուրդը թույլ չի տա ձեզ նախագահական ընտրություններ անցկացնել. սպառնում էր մյուսը։  

Պատգամավորները պատառոտում էին ազգային խորհրդանիշերով իրենց շապիկները, սպառնում խմբակային հրապարակային ինքնահրկիզմամբ։ Հեծեծանք ու ատամների կրճտյուն էր ողջ երկրում։ Այո՜... Ժողովրդի կամքը սուրբ բան է։ Այնպես չէ՞։ Մի խոսքով, պալատից ողջ-առողջ հեռանալ Նիյազովին այդպես էլ թույլ չտվեցին։   

Ինչպես տեսնում ենք, ոչ մի եղունգ ու ատամ։   Ոչ պակաս ուրախացրեց նաեւ Ծաղկահովիտում վարչապետի պաշտոնակատարի մյուս հայտարարությունը. «Մենք իրականացրել ենք քաղաքական հեղափոխություն, եկել է հերթը, որ միասին իրականացնենք տնտեսական հեղափոխություն»։  

Հաշվի առնելով այն, թե ինչ են սրանք արդեն արել երկրի տնտեսության հետ, նաեւ «տնտեսական հեղափոխություն» իրականացնելու խոստումը, համաձայնեք, չարագուշակ է հնչում։ Դա, ըստ երեւույթին, կհիշեցնի սարսափ-ֆիլմ։  

Թեեւ, մյուս կողմից, մի՞թե այդչափ անհրաժեշտ է «տնտեսական հեղափոխությունը»։ Չէ՞ որ, եթե հավատանք պաշտոնակատարի հայտարարություններին, տնտեսությունն առանց այդ էլ առաջ է շարժվում յոթմղոնանոց քայլերով։ Գրեթե ինչպես Բրեժնեւի ժամանակների խորհրդային տնտեսությունը, որը հասավ ապշեցուցիչ արդյունքների՝ ստիպելով զարմանալ Արեւմուտքի բազմաթիվ տնտեսագետների։ Ինչքան քիչ էին խանութներում մթերքն ու ժողովրդական սպառման ապրանքները, այնքան բարձրանում էր խորհրդային ժողովրդի բարօրությունը։   

Բայց այնուամենայնիվ խորհրդային առաջնորդներն ավելի խելացի ու հեռատես էին, քան ներկայիններս։ Օրինակ, Փաշինյանը ուրախացնում է հպարտ քաղաքացիներին տարբեր կարճաժամկետ խոստումներով, որոնք, որպես կանոն, չեն իրականանում ու հիասթափություն առաջացնում։ Իսկ այ, օրինակ, Ն.Ս.Խրուշչովը, ինչպես հայտնի է, աչքի էր ընկնում որքան լավատեսական, նույնքան էլ երկարաժամկետ խոստումների հանդեպ բացառիկ հակումով։   

Վերջինիս նախաձեռնությամբ 1961 թվականին ԽՄԿԿ XXII համագումարն ընդունեց ծրագիր, որտեղ տեղեկացվում էր, թե կոմունիզմը կառուցված կլինի 1980 թվականին, ըստ որում՝ կոմունիստական ապագայի լուսավոր պատկերը մանրամասնվում էր կոնկրետ թվային ցուցանիշներով։   

Հայոց աշխարհի իմաստուն Մեծ Փրկչի հայացքը պետք է կտրվի ճղճիմ իրականությունից եւ ի վիճակի լինի տեսնել, ասենք՝ 30 տարի անց կատարվելիքը։ Ինչը, ի դեպ, լիովին հավասարազոր կլինի այն պատմությանը, թե ինչպես Խոջա Նասրեդդինը խոստացավ ճիշտ նույնպիսի ժամանակահատվածում սովորեցնել էշին Ղուրան կարդալ։   

Խելամիտ կանխավարկածով, որ այդ ընթացքում ինչ-որ մեկը անպայման կսատկի. կա՛մ փադիշահը, կա՛մ Նասրեդդինը, կա՛մ էշը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ