05 12 2018

Մանր կսմիթներից դեպի արժեքների քննարկում․ «Առավոտ»

Մանր կսմիթներից դեպի արժեքների քննարկում․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Այս ընտրարշավի ամենադիտարժան մասը, իհարկե, «Իմ քայլը»-ՀՀԿ փոխհրաձգությունն է: «Հանդիսատեսին» հուզում է, թե ինչպես են նրանք իրար մրոտում, ինչ մեղադրանքներ են առաջ քաշում, ինչ պատասխաններ են տալիս եւ այլն: Այստեղ ուժեղ խաղաքարտերը, իհարկե, «Իմ քայլի» ձեռքին են՝ մարդկանց հետաքրքրում են բացահայտումները, ձերբակալությունները, միջնորդությունները, խափանման միջոցները եւ այլն: Ընտրարշավի վերջին փուլում իշխանությունն իհարկե ամեն ինչ անում է, որ մենք այս առումով չձանձրանանք:

Շատ ավելի պակաս հետաքրքիր են Գագիկ Ծառուկյանի բիզնես նախագծերը, որոնք ներկայացվում են որպես կուսակցության ծրագիր, ինչպես նաեւ ՕԵԿ-ի՝ 1000-րդ հիշեցումն այն մասին, թե ում շնորհիվ են վերադարձվել ավանդները: Դրամատիզմի այս կամ այն աստիճանն ունեցող նախընտրական իրադարձությունների ֆոնի վրա գրեթե նկատելի չէ նոր ձեւավորված քաղաքական ուժերի («Քաղաքացու որոշումը» սոցիալ-դեմոկրատական, «Ազգային առաջընթաց» եւ «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունների) գործունեությունը: Նախ՝ այդ կուսակցությունների անդամներն այնքան էլ թրծված չեն ցանկացած քաղաքական պայքարի համար անհրաժեշտ ցինիզմի, պոպուլիզմի եւ դեմագոգիայի ասպարեզում: Երկրորդ՝ այդ կուսակցություններում գրեթե չկան ճանաչելի, խարիզմատիկ դեմքեր: Երրորդ՝ քաղաքացիներին նրանց ասածներն առանձնապես չեն հետաքրքրում: Ընտրողներին պետք է իմանալ միայն մի բան՝ «դու Նիկոլի հե՞տ ես, թե՞ Նիկոլին դեմ ես»: Եթե «Նիկոլի հետ ես», ուրեմն «ժողովրդի կողքին ես», եթե «Նիկոլին դեմ ես», ուրեմն «թալանչի ես»: Այդ ոչ

բարդ այլընտրանքի պարագայում դժվար է խոսել քրիստոնեական, պահպանողական կամ սոցիալ-դեմոկրատական արժեքների մասին: Բայց քանի որ ես լուսաբանում եմ արդեն 10-րդ ընտրարշավը եւ անգիր գիտեմ, թե ինչ է ասվելու «Ղարաբաղը ծախել-չծախելու», «թալանել-չթալանելու», «երկիրը քանդել-չքանդելու», «մեղավորներին պատժել-չպատժելու», ինչպես նաեւ աշխատատեղերի եւ ներդրումների մասին, ինձ համար արժեքների մասին խոսակցություններն ավելի հետաքրքիր են:

Որքան շատ եմ ես մտածում այս խնդիրների շուրջ, այնքան հստակ եմ գիտակցում, որ պետությունը, եթե ցանկանում է կայուն եւ կենսունակ լինել, պետք է էթիկական, հոգեւոր հիմքեր ունենա, եւ, ի դեպ, բոլոր հաջողակ պետությունները՝ ԱՄՆ-ից մինչեւ Ճապոնիա, Իսլանդիայից մինչեւ Չինաստան, նման հիմք ունեն: Օրինակ՝ պետությունը հարկադրում է քաղաքացուն ինչ-որ բան անել կամ չանել. եթե չկա դրա բարոյական, հոգեւոր հիմքը, ապա մարդիկ չեն հասկանում, թե ինչու պետք է անեն կամ չանեն, եւ թքում են պետության վրա: «Կեսարինը՝ կեսարին, Աստծունը՝ Աստծուն». դա, իհարկե, սրամիտ պատասխան է՝ ընդդիմախոսներին 10:0 անելու համար, բայց իրականում պետությունը պետք է բացատրի անհատներին, քաղաքացիներին, թե ինչու, հանուն ինչի է հարկադրանքի դիմում անհատների նկատմամբ: Հակառակ դեպքում մենք մնալու ենք պարզունակ այլընտրանքների տիրույթում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ