29  11  2018

Նոր թանկացումներ՝ Ամանորին․ «Փաստ»

Նոր թանկացումներ՝ Ամանորին․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս վարչապետի խորհրդականներից մեկը գրառում էր կատարել, թե իրականում էական գնաճ չի արձանագրվել, իսկ ամենազգալի գնաճը վերաբերում է տավարի մսին, որը թանկացել է... 7 տոկոսով:

Դժվար է ասել՝ դեռ նախորդներից եկած ինչ մեթոդաբանությամբ են նման թվերը հաշվարկվում ու հրապարակվում, սակայն յուրաքանչյուր շարքային քաղաքացի, ով ամենեւին էլ տնտեսագիտական կրթություն չունի, հստակ գիտի, որ մեկ ամսում 2700–2800 դրամից 3800–4200 դրամ թանկացումը ոչ մի կերպ չի տեղավորվում 7 տոկոսի մեջ:

Իհարկե, մսի թանկացում ունեցել ենք նաեւ նախկինում: Այն ժամանակ ՀՀԿ–ական որոշ պատգամավորներ խորհուրդ տվեցին կարտոֆիլ ուտել: Հիմա, պարզվում է, դա էլ կարող է ճոխություն համարվել ոչ հարուստ մարդկանց համար: Ներկայումս կարտոֆիլի գինը մոտեցել է 300 դրամի սահմանին, ավելին՝ անզեն աչքով էլ նկատելի է, որ կարտոֆիլի սուր դեֆիցիտ կա, իսկ եղածն էլ, մեղմ ասած, անորակ է:

«Փաստի» հետ զրույցում գյուղոլորտի մասնագետները նշում են, որ գործ ունենք նույն խնդրի հետ, ինչ եղավ ամռանը լոլիկի պարագայում: Ավելին, ոմանց համոզմամբ, մինչեւ տարեվերջ մսի հերթական գնաճը կարձանագրվի, իսկ Ամանորից հետո հնարավոր է կարտոֆիլի գնի նոր բարձրացում: Գուցե սպասենք հերթական խորհրդին՝ ասենք, մակարոնեղեն ուտելու կոչո՞վ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ