23 11 2018

Իշխանությունը պետք է կազմակերպի քաղաքացիական անհնազանդության ակցիաներ․ «Հայոց աշխարհ»

Իշխանությունը պետք է կազմակերպի քաղաքացիական անհնազանդության ակցիաներ․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Մեծ ուսուցիչ Մաո Ցզեդունը ասում էր. «Հոսող ջուրը չի հոտում, դռան ծխնու մեջ որդ չի բնակվում»։    Ասվածի իմաստն այն է, որ շարժումը կյանք է, իսկ դադարը՝ ասես վերջին ախտորոշում։ Դրա համար էլ հեղափոխական գործիչները կանգնած չեն մնում այնտեղ, որտեղ նրանց դրել են։ Հակառակը, վաննայից դուրս ցատկած Արքիմեդի կրքով շարունակ բացահայտում են իրենց մեջ նորանոր հատկանիշներ։   

Հիշելով Մաոյի իմաստուն միտքը, որ շարժումը կյանք է, վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը որոշեց վաղը երթ կազմակերպել Երեւանի փողոցներով։ Ճիշտ է, ինչ-որ նոր հատկանիշ սույն քայլով իր մեջ չբացահայտեց, քանզի երթը ավանդաբար նրա հարազատ տարերքն է։   

Դե ինչ, պաշտոնակատարին հասկանալ կարելի է։ Վարչապետի պաշտոնում անցկացրած վեց-յոթ ամիսները չէին կարող հոգնածություն չառաջացնել իրականության հետ փոխազդեցությունից։ Եվ այդ փոխազդեցությունը կարելի է համեմատել շփման ուժի հետ՝ մեքենաների եւ մեխանիզմների մաշվողության գլխավոր գործոնի։  

Այ, եթե հնարավոր լիներ չփոխազդել, ոչ մի բանի հետ չշփվել... Անիրագործելի երազանք երկրի ղեկավարի համար։   

Դատելով ամենից, փողոցային ակցիաները Փաշինյանի խաչն են, որից անհնար է ազատվել։ Կա մի հին պատմություն, թե ինչպես մարդը գանգատվեց իր խաչը կրել շարունակելու անհնարինությունից, տրտունջը լսվեց եւ հայտնվեց նա պահեստում. ընտրիր՝ որն ուզում ես։ Բայց ոչ մեկը պիտանի չէր, եւ գանգատվողն ընտրեց կարծես թե անտաշ, կոպիտ, բայց ասես հատուկ իր ուսին հարմարեցրած խաչը։   Ինչի առիթով Տերը նկատեց. «Դու նորից ընտրեցիր քո սեփական խաչը»։  

Գոյություն ունի տեսակետ, որ տեղի փոփոխությունը բարենպաստ է ազդում մարդու վրա։ Արթնանում է նա այլ բնապատկերով շրջապատված, ձանձրացրած մռութներից ու նատյուրմորտներից հեռու, հրճվալից ներշնչում-արտաշնչում ու այնպիսի՜ բան գլուխ բերում, որ շրջապատն ուշագնաց է լինում։ Գոգենը Թաիթիում մեծագույն վերելք ապրեց գեղանկարչության առումով, Գոգոլը Հռոմում գրեց «Մեռած հոգիները» եւ այդպես շարունակ։  

Բայց Փաշինյանը ի վիճակի չեղավ։ Փոխարինեց փողոցը վարչապետի աշխատասենյակով, արթնացավ բոլորովին այլ բնապատկերով շրջապատված, հպարտ քաղաքացիները պատրաստվում էին ուշագնաց լինել կատարած գործերից, սակայն ոչ մի գլուխգործոց չստացվեց։ Եվ նորից ընտրեց սեփական խաչը։  

Կարծում ենք, պաշտոնակատարը ոչ մի դեպքում չպետք է սահմանափակվի երթերով։ Հիշենք Մաոյին. շարժումը կյանք է։ Մենք նրա տեղը լինեինք, ավելի հեռուն կգնայինք ու կկազմակերպեինք, օրինակ, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ։ Քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, որոնք գլխավորում է պետության ղեկավարը. սա իսկապես նոր խոսք կլինեն համաշխարհային պատմության մեջ։  

Ի դեպ, քչերին է հայտնի, որ քաղաքացիական անհնազանդության առաջին տեսաբանը XIX դարի առաջին կեսի ամերիկացի գործիչ Հենրի Դեւիդ Թորոն էր։ Նրա մոտ եկան 1 դոլար հարկը վճարելու խնդրանքով։ Թորոն հրաժարվեց եւ բանտ ընկավ։ Ճիշտ է, նստեց ընդամենը մեկ գիշեր, քանի որ հարազատները վճարեցին տուգանքը։  

Թվում է, ծիծաղելի վիճակ է. մարդն ընդամենը մեկ գիշեր անցկացրեց բանտախցում։ Բայց ամերիկյան հասարակության համար բուն գաղափարը, որ հարկ վճարելուց կարելի է հրաժարվել ոչ թե աղքատ լինելու պատճառով, այլ որովհետեւ չես ուզում փող տալ պետությանը, արմատական է։  

Թորոն դատում էր այսպես. ես վճարում եմ հարկ, բայց չգիտեմ, թե ինչի համար է այն ծախսվում։ Միգուցե այդ փողերը հատկացնում են բանակ պահելուն, որը սպանում է բացարձակ անմեղ մարդկանց։ Իսկ հնարավոր է, որ ծախսում են փախած ստրուկներին բռնելու եւ կրկին հարավ ուղարկելու համար։ Այդ պատճառով էլ չեմ վճարի։  

Այսպես ասած՝ բանտարկությունից մի քանի տարի անց Թորոն գրեց էսսե, որտեղ առաջին անգամ գործածվեց civil disobedience, այսինքն՝ «քաղաքացիական անհնազանդություն» արտահայտությունը։ Այնտեղ նա բացատրեց, թե ինչու չպետք է հնազանդվել պետությանը։ «Միակ պարտականությունը, որ ես կարող եմ հանձն առնել, այն է, որ ամեն պահի անեմ այն, ինչ արդար եմ համարում»։   

Կարծում ենք, պետության ղեկավարի անհնազանդության ակցիան պետությանը կարող է ցնցել ողջ աշխարհն ու հուսահատեցնել «սեւ ուժերին», որոնք վերջապես կըմբռնեն հետագա դիմադրության ողջ անիմաստությունը եւ կենթարկվեն անհապաղ կապիտուլյացիայի։ Դա կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների թռուցիկի պես մի բան. «Հանձնվե՛ք։ Արդեն բազմիցս զգացել եք ձեր մաշկի վրա վերմախտի դիվիզիաների կործանիչ ուժը»։  

Այստեղ խոսք արդեն կարող է լինել կապիտուլյացիայի սոսկ բնույթի մասին։ Օրինակ, անիմաստ արյունահեղությունից խուսափելու նպատակով բանակը դադարեցնում է դիմադրությունը՝ պահպանելով դրոշները, շքանշաններն ու անձնական զենքը։  

Նման պատվավոր կապիտուլյացիան որոշ դեպքերում կարող է համարվել անհուսալիորեն պրկված քաղաքական հանգույցները քանդելու ամենանպատակահարմար միջոց։ Բայց միայն այն ժամանակ, երբ կապիտուլյացիայի պայմաններն իսկապես պահպանվում են։    Բայց եթե երաշխիքներ այսօր կան, իսկ վաղը հայտարարվում է, թե ոչ մի պայմանավորվածության մասին մենք ոչինչ չգիտենք, ապա այդօրինակ իրավիճակում հանձնվել ցանկացողներն անհամեմատ քիչ կլինեն։  

Ինչ վերաբերում է վաղվա երթին, ապա հաստատապես խորհուրդ ենք տալիս կազմակերպչին՝ մի լավ քունն առնել միջոցառումից հետո։ Հիշենք «Դոն Կիխոտ» հանճարեղ վեպի ավարտը. «Դոն Կիխոտը խնդրեց մենակ թողնել իրեն՝ ասելով, թե քունը տանում է։ Նա քնեց ավելի քան վեց ժամ շարունակ, այնպես որ զարմուհին արդեն անհանգստացավ, թե՝ հո չի՞ մահացել քնի մեջ։   

Նշյալ ժամանակահատվածից հետո նա, սակայն, արթնացավ ու բարձրաձայն բացականչեց. «Օրհնյա՛լ է ամենազոր Աստված, որ այսչափ մեծ շնորհ պարգեւեց ինձ։ Իմ գիտակցությունը պարզվեց։ Շնորհավորեք ինձ, թանկագիններս. ես արդեն ոչ թե Դոն Կիխոտ Լամանչեցին եմ, այլ Ալոնսո Կիխանոն, որին իր բնավորության ու բարքերի համար կոչում են Բարի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ