21 11 2018

Համատարած ամնեզիա, մեղա Տեր․ «Հայոց աշխարհ»

Համատարած ամնեզիա, մեղա Տեր․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Եվ այսպես. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին որոշում կայացրեց գրանցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր 11 քաղաքական ուժերին, եւ մեզ սպասում է բավական հետաքրքիր ընտրապայքար։  

Կանխատեսումների ու ամպագոռգոռ հայտարարությունների պակաս, բնականաբար, չի զգացվում։ Թեեւ այս ընտրություններն ունեն աչքի զարնող մի առանձնահատկություն. բոլոր մասնակիցներն անխտիր տալիս են անվերապահ հաղթանակը Փաշինյանի «Քաղպայմանագրին», հայտարարելով, որ պայքարը կընթանա մնացած տեղերի համար՝ սկսած երկրորդից։   

Համաձայնելով, որ «Քաղպայմանագիրը» կհաղթի, ըստ որում՝ մեծ առավելությամբ, կհամարձակվենք ենթադրել, որ պայքարը կծավալվի մնացած տեղերի համար՝ սկսած այնուամենայնիվ ոչ թե երկրորդից, այլ երրորդից։ Երկրորդ տեղը, կարծում ենք, կզբաղեցնի Հանրապետականը։   

3-11-րդ տեղերի հավակնորդներն այս կարծիքին կարող են, իհարկե, չհամաձայնել։ Ինչը միանգամայն հասկանալի է, քանզի բոլոր ընտրություններից առաջ, որպես կանոն, քաղաքական ուժերին համակում է վեհության մոլուցքի համաճարակը։ Մարդիկ, որոնք նույնիսկ իրադարձությունների ամենաբարենպաստ դասավորության դեպքում ի վիճակի չեն հավաքել ընտրողների ձայների 0,5%-ը, սկսում են լրջորեն դատողություններ անել սեփական հաղթանակի անխուսափելիության մասին։   

Նման պատրանքներով մարդկանց հոգեբույժների մոտ սովորաբար թողնում են առանց հերթի։ Մեծագույն ցանկություն է առաջանում բացականչել. «Պարոնայք, մոտեցե՛ք վերջապես հայելուն»։  

Ի դեպ, ամենահաճախադեպ հիվանդությունը, որի դեպքում հանդիպում է վեհության զառանցանքը, շիզոֆրենիան է, առավել հաճախ՝ դրա վերջին, պարաֆրեն փուլը։ Ի տարբերություն պրոգրեսիվ կաթվածի, որի պարագայում այդ սինդրոմը, որպես կանոն, գոյություն ունի, շիզոֆրենիայի դեպքում վեհության զառանցանքը հաճախ կարող է զուգորդվել հետապնդման զառանցանքով։  

Պատճառները, որոնց շնորհիվ Հանրապետականը կգրավի երկրորդ տեղը, շատ են. նրա թիմը ամենից ուժեղն ու փորձառուն է, կուսակցությանը հաջողվեց, չնայած զգալի կորուստներին, այնուամենայնիվ, պահպանել իր կառույցը, կա հստակ գաղափարախոսություն, չնայած թույլ տրված սխալներին ու թերություններին, այս տարիների ընթացքում չափազանց շատ բան է արվել երկրի համար եւ այլն։    Անչափ կարեւոր է նաեւ, որ այսօրվա դրությամբ Հանրապետականը միակ իրական ընդդիմադիր ուժն է։ Իսկ այն մասին, որ ընդդիմությունը խորհրդարանում, այն էլ խորհրդարանական կառավարման համակարգով երկրում, պետք է ներկայացված լինի բավական ծանրակշիռ, երկու կարծիք լինել չի կարող։ Դա հենց ժողովրդավարությունն է, որ կա։     

Հակառակ գործընթացը կարելի է անվանել «ջերմաչափերի կոտրման քաղաքականություն»։   

Ինչպես հայտնի է, ջերմությունը օրգանիզմում ընթացող հիվանդագին պրոցեսի վկայությունն է։ Եվ եթե կոտրենք բոլոր ջերմաչափերը, ապա կարելի է բաց թողնել այն պահը, երբ ջերմությունը կհասնի վտանգավոր աստիճանի։ Հասարակության մեջ անպայման պիտի լինի ինչ-որ մեկը, որը կբղավի. «Թագավորը մե՛րկ է», եւ կպախարակի ղեկավարությանը վատ խոսքերով։  

Դա պետք է ոչ միայն բղավողներին, այլեւ հենց ղեկավարներին։ Ի դեպ, հեքիաթը լռում է, թե ինչ եղավ տղայի հետ, որը ճշմարտությունն ասաց թագավորի մասին։ Գուցե քրեական գործ հարուցեցին Նորին մեծության անարգման փաստով եւ ընտրեցին ձերբակալությունը որպես խափանման միջո՞ց։  

Մեզ կարող են առարկել, թե ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերից 10-ը հայտարարում է իրեն ընդդիմություն, եւ ինչո՞ւ միայն Հանրապետականը կարող է համարվել այդպիսին։   

Բայց հայտարարել կարելի է ինչ մտքովդ անցնի։ Իշխանությունը նույնպես հայտարարում է, թե հոգ է տանում ժողովրդի մասին։ Թեեւ, ո՜վ գիտե։ Միգուցե, գիշերները, մենության մեջ, հույժ գաղտնի... Երբ ոչ ոք չի տեսնում... Իշխանավորներն այնուամենայնիվ շրջում են երկրով մեկ ու բարիք գործում։   

Որպեսզի չգովազդեն իրենց, ընտրազանգված չնվաճեն, չչարաշահեն սուրբ հասկացությունները, համեստ ու լուռ շրջում են հեռավոր մարզերով, ողորմություն տալիս աղքատներին, հոգ տանում որբերի մասին... Հանդուրժում է, չէ՞, նրանց Աստված ինչ-որ բանի համար։   Բայց ինչ վերաբերում է իրենց ընդդիմություն հայտարարած բոլոր այդ «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ, «Հանրապետություն» եւ ուրիշներին, ապա մենք գործ ունենք դասական ամնեզիայի հետ։  

Նախընտրական շրջանում շատերը համերաշխորեն մոռանում են, թե ինչ էին ասում ու անում նախկինում։ Համատարած ամնեզիա, մեղա Տեր։  

Հիշեցնենք, որ ամնեզիա է կոչվում նախկին վերապրումը մտաբերելու կամ նույնականացնելու մասնակի կամ լիակատար անկարողությունը։ Կայուն ամնեզիան կարող է զարգանալ նեւրոտիկ եւ պսիխոտիկ խանգարումների, ինչպես նաեւ գլխուղեղի սահմանափակ պաթոլոգիայի դեպքում, ներառյալ գանգուղեղի վնասվածքն ու կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունները։  

Պսիխոգեն կամ դիսոցիատիվ ամնեզիան սովորաբար սահմանափակվում է մտաբերման անկարողությամբ։   

Ճանաչված է պսիխոգեն ամնեզիայի չորս միջոցի գոյություն, որոնցից են՝ տեղայնացված (անհատը ոչինչ չի հիշում որոշակի ժամանակահատվածում, սովորաբար վնասվածք պատճառած ինչ-որ իրադարձությանը հաջորդած առաջին ժամերին տեղի ունեցածից), ընտրողական (անհատը մոռանում է որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցածից ինչ-որ բան, բայց ոչ ամենը), ընդհանրացված (մարդն իսպառ մոռանում է իր կյանքի պատմությունը), կոնտինուալ (ոչինչ չի հիշում անցյալի իրադարձություններից, որոնք տեղի են ունեցել մինչեւ ինչ-որ որոշակի պահ)։   

Մարդը կարող է է՛լ ավելի հեռանալ իրական կյանքի խնդիրներից` ընկնելով ֆուգա կոչվող ամնեզիայի վիճակի մեջ, որը, ինչպես հետեւում է անվանումից (fugue ֆրանսերեն նշանակում է «փախուստ»), պաշտպանություն է փաստացի փախուստի միջոցով։  

Լավ, դուք ի՞նչ ընդդիմություն, աղավնյակներս։ Առանց վարանելու աջակցում եք Փաշինյանի ամեն քայլին, քննադատական մի բառ անգամ մինչ օրս չեք ասել կառավարության հասցեին, բաց չեք թողնում ոչ մի առիթ՝ ՀՀԿ-ի վրա հարձակվելու համար, եւ հանկարծ՝ ընդդիմությո՞ւն։   Առաջին դասարանում երեխաները վայրկենապես պատռում են տետրի էջը, եթե վրան թանաքաբիծ է ստացվում. ուզում են նոր կյանք սկսել։ Ավելի ուշ, մոտավորապես երրորդ կամ չորրորդ դասարանում արդեն, պատռվում են օրագրի վատ թվանշաններով էջերը։   

Մանկությունը հենց դրա համար էլ գոյություն ունի, որ հավատաս, թե ոչնչացնելով ու մոռանալով չարաճճիություններիդ հետքերը, դառնում ես ավելի լավն ու խելացի։ Քանի՞ տարեկան եք, ընդդիմադիրներ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ