20 11 2018

Ընդհանրացումների ծուղակը․ «Առավոտ»

Ընդհանրացումների ծուղակը․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Հասարակական կարծիքն առաջանում է ոչ թե դատողությունների, բանական փաստարկների կամ տրամաբանական եզրահանգումների, այլ պատկերների, ասոցիացիաների եւ ընդհանրացումների հիման վրա: Պատկերացրեք, օրինակ, հյուսիսային որեւէ ազգի ներկայացուցչի, որը երբեք ապակի չի տեսել: Նա գիտի, որ սառույցը թափանցիկ է եւ հալվում է բերանում: Միանգամայն սպասելի է, որ նա այդ հատկությունները տարածի բոլոր թափանցիկ առարկաների, այդ թվում՝ ապակու վրա: Մարդկային զանգվածն այդ առումով նույն վարքագիծն է դրսեւորում. առանձին հավաքարարը կամ, առավել եւս՝ առանձին ակադեմիկոսը կարող է գիտակցել, որ մեկ կամ մի քանի մարդկանց հատկանիշները չի կարելի տարածել ամբողջ խմբի կամ տեսակի վրա:

Բայց 10 հավաքարարներ կամ 10 ակադեմիկոսներ, երբ հավաքվում են միասին (նաեւ վիրտուալ տարածքում), ուզած-չուզած վարակվում են միեւնույն էմոցիաներով եւ կարող են, այսպես ասած, «մի բոխչայի մեջ հավաքել» բոլոր սեւամորթներին, բոլոր թուրքերին, բոլոր մահմեդականներին, բոլոր ակնոցավորներին կամ բոլոր ատոմային ֆիզիկոսներին:

Կուսակցությունների հանդեպ վերաբերմունքը նույնն է: Երբ ասվում է՝ «ՀՀԿ-ն, ՀՀՇ-ն, կոմունիստները թալանում էին ժողովրդին եւ կործանում էին երկիրը», նկատի ունեն, որ այդ կուսակցությունների «կրծքանշանը» կրող մարդկանց մեջ կան անձնավորություններ, որոնք խնդիրներ ունեն օրենքի հետ: (Ի դեպ, սովորաբար հենց նման անձնավորություններն են, որ իրավիճակի փոփոխությանը զուգահեռ փոխում են նաեւ իրենց «կրծքանշանները»): Սակայն հասարակական կարծիքը, միեւնույն է, տեսակի մեջ չի առանձնացնում այս կամ այն խումբը. նրա համար, եթե շարունակենք համեմատությունը, բոլոր թափանցիկ առարկաները սառույց են:

Զանգվածներին տարհամոզելը շատ բարդ է, եւ ճանապարհը թերեւս մեկն է՝ ընդունել սեփական տեսակի միջի «սեւը», դատապարտել այն եւ սահմանազատվել դրանից: ՀՀԿ-ի դեպքում կուսակցականները պետք է ասեն՝ «ահա ա՛յս մարդիկ էին թալանում ժողովրդին, եւ մենք նրանց հետ կապ չունենք»: Բայց, իհարկե, դա ավելի հեշտ է ասելը, քան անելը: Օրինակ՝ երբ ասում են՝ «բոլոր լրագրողները փողով վարկաբեկիչ նյութեր են գրում», ես, իմանալով, թե ովքեր են այդպես վարվում, այնուամենայնիվ, որեւէ ցանկություն չունեմ խորասուզվելու այդ խնդրի մեջ, քանի որ դա, ի վերջո, վերածվելու է տգեղ եւ անիմաստ լեզվակռվի:

Տարբերությունն այն է, որ ես կարող եմ ինձ վրա չվերցնել վերոհիշյալ ընդհանրացումը: Սակայն կուսակցությունները չեն կարող, որովհետեւ նրանք պարբերաբար (այդ թվում նաեւ՝ հիմա) գնում են ընտրողների մոտ եւ հայցում նրանց ձայները:

Եվս մի ընդհանրացում, որն այսօր արդիական է. իշխող կուսակցությունների վերնախավը մեծամիտ է, ամբարտավան, ինքն իրենից զարմացած: Դա ոչ միայն ընդհանրացում է, այլեւ տարիների փորձի ամփոփում: Բայց կարող է, չէ՞, լինել իշխող այլ կուսակցություն եւ այլ վերնախավ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ