16 11 2018

Նախընտրական ցուցակների մասին․ «Հայոց աշխարհ»

Նախընտրական ցուցակների մասին․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Եվ այսպես. վերջապես հրապարակվեցին խորհրդարանական ընտրությունների մասնակիցների նախընտրական ցուցակները։  

Բնականաբար քաղաքական ուժերից յուրաքանչյուրի ներկայացուցիչները չհապաղեցին հպարտությամբ հայտարարել, թե հենց իրենց ցուցակն է «ամենից լավը»։ Թեեւ այդ բառի հետ պետք է զգույշ վարվել։ Դեռեւս Հենրի Չեստերտոնն է ժամանակին նկատել, որ «լավ» բառը ունի բազմաթիվ նշանակություններ։ Օրինակ, եթե մարդը գնդակահարի մորը 500 յարդ հեռավորությունից, ապա ես կարող եմ անվանել նրան լավ հրաձիգ, բայց բնավ ոչ՝ լավ մարդ»։   

Այժմ լրատվամիջոցները որոշ ժամանակ.

ա) կքննադատեն նախընտրական ցուցակները եւ խոշորացույցով կփնտրեն խոցելի ազգանուններ,

բ) հարցազրույցներ կտպագրեն ցուցակներում անցողիկ տեղեր զբաղեցնողների հետ, որոնք կպատմեն, թե անձամբ իրենք բնավ չեն երազում պատգամավորական մանդատի մասին, բայց եթե դա անհրաժեշտ է ընդհանուր գործի համար, ապա ի՜նչ արած։  

Դե ինչ, օրինակ, խորհրդային դիվանագիտական հուշագրությունների ընդարձակ հավաքածուի գրքերից յուրաքանչյուրը պարունակում է դրվագ, երբ հեղինակը, որին առաջարկում են դեսպանի պաշտոն, սկզբում անպայման հրաժարվում է, որոշակիորեն ցուցադրաբար բացատրում, որ ցանկանում է աշխատել միմիայն հայրենիքում, ու սրտի կսկիծով մեկնում Լոնդոն, Փարիզ կամ Հռոմ՝ միայն ղեկավարության հրամանին ենթարկվելով։   

Որից հետո նստում օտար երկրում տասը եւ ավելի տարի, ու չես ասի, թե դրանից առանձնակի տառապում է։  

Թեեւ հանուն արդարության հարկ է նշել, որ ոչ բոլոր մեծերն են երազել փառքի մասին։ Այ, օրինակ, Նյուտոնը։ Նա իր ողջ կյանքը նվիրեց գիտական երկու արմատական խնդրի լուծմանը. մեխանիկայի ստեղծմանն ու Ապոկալիպսիսի մեկնությանը։ Չամուսնացավ, հարստություն չկուտակեց, ոչ մի բանով չէր հետաքրքրվում, բացի սեփական գաղափարներից, ապրում էր տանը` տնտեսուհու հետ ու աշխատում։   Եվ երբ Անգլիայի թագավոր Կառլոս II-ը նրան պերի տիտղոս շնորհեց, Նյուտոնը, որպես բարեխիղճ մարդ, գնում էր պառլամենտ ու ներկա լինում բոլոր նիստերին, բայց ողջ այդ ընթացքում այնտեղ արտաբերել է միայն երկու բառ. «Փակեք լուսամուտը»։ Մնացյալը նրան պարզապես չէր հետաքրքրում։  

Ինչ վերաբերում է նախընտրական ցուցակների քննադատությանը, ապա այստեղ ընդդիմախոսների ուշադիր հայացքից թաքնվելը դժվար կլինի։ Կնկատեն այն, ինչի մասին մյուսների մտքով անգամ չի անցնում։  

Հին խորհրդային անեկդոտ կա առ այն, թե ինչպես է մի մարդ միլիցիա կանչում ու սկսում գանգատվել. «Խայտառակությո՛ւն, այս ի՞նչ է կատարվում, դիմացի շենքի պատուհանից մշտապես մերկ կին է երեւում»։   Միլիցիոներն ասում է. «Որտե՞ղ։ Ես ոչ մեկին չեմ տեսնում»։ Քաղաքացին՝ նրան. «Իսկ դուք պահարանի՛ն, պահարանի՛ն բարձրացեք»։    

Բայց այնուամենայնիվ, կարծում ենք, պաշտպանել նախընտրական ցուցակներում տեղ գտածների նուրբ ու խոցելի հոգիները հնարավոր է։   

Ժամանակին բեւեռային արջերին ոչնչացնող որսագողերի դեմ պայքարող բնապահպանները օգտագործեցին, այսպես կոչված, անձնավորման էֆեկտը։ Նրանք մարդկային անուններ տվեցին արջերին եւ, քնեցնելով խեղճերին ամպուլաներով, չջնջվող ներկով գրեցին այդ անունները կենդանիների սպիտակ կողերին մեծ-մեծ տառերով։ Եվ պարզվեց, որ մորթու եւ ճարպի անանուն կրողին հեշտությամբ սպանող որսագողի ձեռքը չգիտես ինչու չի բարձրանում «Ջիմի», «Մերիի» կամ «Մայքլի» վրա։  

Միանգամայն հնարավոր է, որ եթե չջնջվող ներկով գրենք թեկնածուների թիկունքին կուսցուցակում նրանց զբաղեցրած տեղերը, ապա դրանով զերծ կպահենք ավելորդ քննադատությունից։ Ո՞ւմ ձեռքը կբարձրանա, ասենք, 9 համարի տակ գտնվող մարդու վրա։ Չենք խոսում արդեն թիվ 119-ի մասին։  

Սակայն ճամբարը փոխածների վրա այս միջոցը չպետք է տարածվի։ Այնուամենայնիվ դժվար է ձերբազատվել նողկանքի զգացումից, երբ հանդիպում ես ազգանունների, որոնք նախորդ ընտրությունների ժամանակ, ասենք, ՀՀԿ ցուցակում էին, իսկ այսօր տեղեր են գտել «Քաղպայմանագրի» ցուցակում։  

Թեպետ, ո՞վ գիտե։ Մի քանի տարի առաջ հրապարակվեց «Հուդայի ավետարանը», որը դեռեւս Հռոմեական կայսրության ժամանակներում եկեղեցու կողմից համարվել էր հերետիկոսական։  

Նոր ապոկրիֆը արդարացնում է բոլոր ժամանակների ու ժողովուրդների ամենահայտնի դավաճանին։ Այսինքն՝ փորձում է տպավորություն ստեղծել, թե Հուդան ամենեւին էլ չի գայթակղվել 30 արծաթով, ստորաքարշություն չի արել իշխանության առջեւ, չի դավաճանել Ուսուցչին, այլ եղել է Աստվածային մտահղացման մասը, որը տարավ Հիսուսին դեպի խաչելություն, իսկ աշխարհին՝ քրիստոնեություն։  

Ո՞վ է իրական զոհը։ Նա, ով խաչի՞ն էր գամված, թե՞ նա, ով կախվեց կաղամախուց։ Ո՞վ է իսկական Փրկիչը. գուցե նա, ով Մակլաուդի պես դատապարտեց իրեն հավերժական անեծքի եւ զոհաբերեց ոչ թե կյանքը, այլ հոգի՞ն։   

Ինչպես նկատել է մի առիթով Ալբերտ Էյնշտեյնը. «Մարդկանց նստարան է պետք, որ նստեն ու մտածեն»։  

Ամեն դեպքում նախընտրական ցուցակներում հայտնվածները հիմա երջանիկ են։ Գիտնականները համարում են, որ երջանկության զգացումի համար պատասխանատու է մարդու տասնյոթերորդ քրոմոսոմը. հենց այնտեղ էլ զետեղված է 5-HTTLPR գենը։ Այն պատասխանատու է դեպի նյարդային բջիջներ սերոտոնինի նեյրոտրանսմիտտերի փոխադրման համար, որն այդպես էլ անվանում են. երջանկության հորմոն։   

Վերջինս օգնում է ուղեղի նյարդային բջիջներին, որ նորմալ փոխգործակցեն միմյանց հետ՝ ապահովելով նյարդային համակարգի գործունեությունն ընդհանրապես։   

Կասկած չունենք, որ երջանկության հորմոններն այսօր շատերի պարագայում գործում են ծայրահեղ ակտիվությամբ։ Եվ մենք այդ մարդկանց համար անկեղծորեն ուրախ ենք։  

Այժմ քարոզարշավի ընթացքում նրանք նույնքան անկեղծորեն կերդվեն, թե հանուն սիրելի ժողովրդի կզոհաբերեն ամեն ինչ, մինչեւ արյան վերջին կաթիլը։ Կարծում ենք, ճիշտ կլիներ, եթե նրանք այդուհետ գոնե օրը մեջ գնային դոնորական կետ ու արյուն հանձնեին։ Ոչ շատ։ Մոտ հարյուր գրամ։ Այդպիսով՝ ամեն տեսակի արտակարգ դեպքերի համար կստեղծվեր արյան ռազմավարական պաշար, որը կարելի կլիներ զոհաբերել հանուն ժողովրդի։  

Իսկ «սեւ ուժերի» արյունը կարելի կլինի մեծ գավաթով դուրս բերել Հանրապետության հրապարակում անցկացվող նախընտրական միտինգների ժամանակ ու տալ ներկաներին ըմպելու»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ