15 11 2018

Ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում․ «Հայոց աշխարհ»

Ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Արդեն առիթ եղել է եւ անկասկած դեռ էլի են առիթներ լինելու՝ անդրադառնալու այն ակներեւ երեւույթին, որ ընտրապայքարի մեջ մտած մի շարք ուժեր եւ գործիչներ իրենց նախընտրական հիմնական նպատակադրումը համարում են նախկին իշխանություններին քննադատելը, ավելի ճիշտ՝ պախարակելը, ընդհանուր առմամբ, ՀՀԿ-ի դեմ պայքարը:   

Սա, իհարկե, շատ ավելի հանգամանալի դիտարկման նյութ է, քան կարող է թույլ տալ լրագրային նույնիսկ մի քանի հրապարակումը: Պարզ է սակայն, որ գոնե մենք ամենեւին մտադիր չենք լռությամբ շրջանցել այդ «պոլիտէկզոտիկան», որի վերաբերյալ հետեւողականորեն արտահայտվում ենք, բնականաբար:   

Երեկ այդ երեւույթին անդրադարձավ նաեւ ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես նշելով. «Ընտրությունները չեն կարող եւ չպետք է լինեն անցյալի մասին: Դրանք պետք է միտված լինեն ապագային եւ նախանշեն քաղաքական ուժերի ճիշտ դերաբաշխումն այդ ապագայի կերտման մեջ:   

Երբ «ընդդիմադիր» լինելու հայտ ներկայացնող ուժերը օրվա իշխանությունները թողած կենտրոնանում են նախորդ իշխանությունը քննադատելու վրա, մեծ վտանգ է առաջանում ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի: Ժողովրդավարությունը միաբեւեռ չի լինում»:   Փորձենք, այնուամենայնիվ, մի քիչ էլ բացել փակագծերը: Ի՞նչ ենք այսօր տեսնում հայրենի քաղաքական ուժերի մեծ մասի հրապարակային վարքում ու դրսեւորումներում: Առնվազն ՔՊ-ն, որպես «Իմ քայլը» դաշինք, դեռ որ դիրքավորվում է որպես փաստացի իշխող եւ ընտրություններից հետո կարծես անվիճարկելիորեն իշխանության եկող (այն պահպանող) ուժ:   

Մյուս ուժը, որի դիրքավորումը գոնե վերջին կես տարում ու մինչ օրս հստակ է, Հանրապետականն է, որ ընդգծված ընդդիմադիր է գործող ու, ըստ ամենայնի, նաեւ ապագա իշխանություններին: Որոշ վերապահումներով նաեւ ընդդիմադիր է ՀՅ Դաշնակցությունը:   

Ինչ վերաբերում է պայքարի մեջ մտնող մյուս ուժերի 99 տոկոսին, ապա գրեթե բոլորը հայտարարում են, թե ընդդիմադիր ուժ են, բայց գրեթե բոլորի քննադատական սլաքներն ուղղված են այս տարվա ապրիլին իշխանությունը խաղաղաբար զիջած ՀՀԿ-ի դեմ: Ավելին՝ հիշյալ ուժերի 99 տոկոսը փառաբանել, գովերգել ու որոշակի չափով նաեւ շարունակում է գովաբանել գործող փաստացի իշխանություններին ու հատկապես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:   

Հզոր ընդդիմություն են: Նույնիսկ՝ գերհզո՛ր: Առաջին արձագանքն այն է, որ նման պահվածքով աչքի ընկնող ուժերի ու գործիչների հայտարարությունները տեսնելով՝ ոչինչ չես ասի: Մինչդեռ ասելու շատ բան կա:  

Սկսենք նրանից, որ արդեն ավելի քան կես տարի իշխանությունը զիջած, ըստ այդմ՝ նախկին իշխանությանը հիմա քննադատելով ընդդիմադիր չեն դառնում եւ չեն կարող այդպիսին ընկալվել:   

Այդպիսով միգուցե հնարավոր է փշրանքներ քաղել Նիկոլ Փաշինյանի՝ ժամանակին ստացած դիվիդենտներից ու նրա «Իմ քայլի» շողքի տակ հայտնվել խորհրդարանում: Բայց դա յուրօրինակ քաղաքական հացկատակություն է ավելի շուտ հիշեցնում, քան քիչ թե շատ կշիռ ունեցող ուժին հարիր վարքագիծ։   

Քիչ թե շատ կշիռ ու ասելիք ունեցող ուժը, կուսակցությունը առաջին հերթին իր գաղափարաքաղաքական հենքն է ներկայացնում, իր անելիքներն ու պատկերացումները առաջիկա զարգացումների ու, ըստ իրենց պատկերացման, հնարավորությունների վերաբերյալ: Մինչդեռ մենք դեռ տեսնում ենք անցյալի գնահատման, հաճախ խիստ սուբյեկտիվ ու կանխակալ վերագնահատման, այսպես ասած՝ ռեւիզիոնիզմի դրսեւորումներ:   

Հարկավ, ոչ ոք չի ասում (կամ որ ասի էլ՝ ինչ փույթ), թե պետք չէ կամ չարժե գնահատել անցյալում կատարվածը, նախորդ իշխանությունների գործունեությունը: Ի վերջո, հրապարակած հայտարարության նախագծով հենց այդ նախորդ իշխանությունը ներկայացրած ՀՀԿ-ն ինքն է որոշակի գնահատականներ ու ամփոփումներ ներկայացնում, ըստ որում՝ թե՛ ձեռքբերումների, թե՛ սխալների ու բացթողումների մասին խոսում: Մյուսներն էլ, իհարկե, ազատ են այդ հարցում:   

Այո, բայց ինչ-որ չենք հիշում, որ այժմ սոխակ, իսկ երբեմն անգամ դեղձանիկ կտրած անցյալաքննադատ ուժերը նախ իրենք իրենց սխալներից խոսեին: Բայց դա էլ դեռ մի կողմ: Տվյալ դեպքում ուշադրություն է գրավում այն, որ այդ անձանց եւ ուժերի ամբո՛ղջ ասելիքն է հանգում միմիայն անցյալից խոսելուն: Լավ, դուք անցյալին ներկա ժամանակում ընդդիմանալուց բացի այլ տարբերակ ու ասելիք չունե՞ք:    Մեկ այլ կարեւոր նրբերանգ: Ներկա ժամանակում անցյալը դատափետողներից շատերը, եթե հրապարակավ ու բացահայտ հաճախ չեն ասում, ապա առնվազն չեն թաքցնում, որ իրենց հիմնական «փորացավն» ու ցանկությունն այն է կամ այն էր, որ ՀՀԿ-ն կդադարի գոյություն ունենալ որպես կազմակերպություն, որպես քաղաքական ուժ, որպես կոնկրետ գաղափարներ, մոտեցումներ, ավելին՝ ծրագրեր ունեցող, իր առջեւ անելիք ու առաքելություն տեսնող ու ասելիք, հատուկ շեշտենք՝ քաղաքակա՛ն ասելիք ունեցող ուժ:   

Նշված վայ-մրցակիցների՝ ՀՀԿ-ին դաշտից ու քաղաքական կյանքից բացակա տեսնելու անթաքույց ցանկության մասին են վկայում ինչպես երբեմն-երբեմն արվող կեսբերան արտահայտությունները, այնպես էլ, իբր, լավամարդությունից ելնելով արված ակնարկները՝ ՀՀԿ-ի ռեբրենդինգի, վերանվանման եւ նման այլ թեմաներով:   

Հատկանշական է, որ քաղաքական մեկ այլ ուժի, ասպարեզում եղած քաղաքական մրցակցի ֆիզիկական վերացման մասին խոսում կամ դաշտ «ցեցեր են գցում» այնպիսի կերպարներ ու շրջանակներ, որոնք, երբ ՀՀԿ-ն էր հիմնական իշխող ուժը, ազատորեն գործել են, քանի դեռ չեն անցել անթույլատրելիի սահմանը, պարզ ասած՝ ներքին քաղաքական հարցերը չեն փորձել լուծել բռնի ուժի եւ զենքի գործադրման միջոցով:    Ավելին՝ ՀՀԿ-ի գործունեության դադարեցման մասին պատատակերին արտահայտվում են այն շրջանակները, որոնք, եթե թողնես, օրնիբուն միայն ժողովրդավարությունից, ազատականությունից, արդար մրցակցությունից, նման այլ «արեւմտաժողովրդավարական» բաներից կխոսեն, իսկ ոմանք՝ կբարբաջեն:   

Ի դեպ, որոշ ազատասեր ու իբր թունդ ժողովրդավարական ներկայացողների ստուգապես արժե հիշեցնել, որ անկախության վերականգնումից ի վեր մեկ անգամ է եղել, որ իշխող կուսակցության ղեկավարը, ապօրինաբար ու կամայականորեն կասեցնի մրցակից կուսակցության գործունեությունը: Դա արել է Տեր-Պետրոսյանը՝ 1994-ի դեկտեմբերին, ՀՅԴ-ի դեմ, 1995-ի հուլիսի ԱԺ ընտրություններին ընդառաջ:   

Ավելին, իր՝ Տեր-Պետրոսյանի ներկայացրած քաղաքական ուժի դեմ նույնիսկ նման հակադարձ քայլ չի արել, ըստ որում՝ անգամ «Մարտի 1»-ի արկածախնդրությունից ու արյունահեղությունից հետո:   

Եվ հիմա, երբ ՀՀԿ-ն կարողացավ բավարար կազմակերպվածություն, տոկունություն ու քաղաքական կամք դրսեւորել եւ կես տարի առաջվա ցնցումային վիճակն ու ածանցյալ դրսեւորումները հաղթահարելով՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնել, ոմանք ոչ միայն մրմուռով են դրան արձագանքում, այլեւ «մենք ընդդիմադիր ենք, ընդդիմադիր ենք...» ասելով՝ պայքարի են ելել իրապես ընդդիմադիր դիրքորոշում ունեցող ուժի դեմ:   

Դա եւս իր հերթին մի շարք ենթադրությունների տեղիք է տալիս, բայց այդ մասին, ինչպես համապատասխան «դասականը» կասեր՝ հաջորդ դասին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ