15 11 2018

Սադրա՞նք, թե բանակցություններից առաջ «Գազպրոմին» խեղճացնելու փորձ. «Ժողովուրդ»

Սադրա՞նք, թե բանակցություններից առաջ «Գազպրոմին» խեղճացնելու փորձ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՊԵԿ-ը երեկ հայտարարություն է տարածել՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մեղադրելով առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորություններից խուսափելու մեջ: «Հարկային համալիր ստուգման ընթացքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:

Գազպրոմ Արմենիա» ընկերությունն էլ անմիջապես հերքում է տարածել, տեղեկացնելով, որ ստուգումները դեռ ընթացքի մեջ են, և որ ՊԵԿ համեմատական հետազոտությունները կատարվել են ոչ համադրելի ժամանակաշրջանների և ոչ համադրելի մեծությունների հիման վրա:

«Ընկերությանը ներկայացված չէ վարչական մարմնի կողմից ձեռք բերված որևէ ապացուցողական փաստ, ինչը, ընկերության կարծիքով, հանգեցրել է անհեթեթ եզրահանգումների»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Թե ով է ճիշտ այս բանավեճում, ժամանակը ցույց կտա: ՊԵԿ-ը դեռ պետք է կարողանա ապացուցել հնչեցրած մեղադրանքները: Բայց այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. ինչո՞ւ է ՊԵԿ-ը ռուսական «Գազպրոմ» ընկերության հայաստանյան դուստր ձեռնարկության՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դեմ նման քայլ անում այս պահին:

Ինչպես հայտնի է, կրկին օրակարգում է հայտնվել ՀՀ-ին տրամադրվելիք գազի սակագնի նվազեցման հարցը: Ենթադրվում է՝ գազի սակագնի նվազեցման հարցը քննարկվելու է դեկտեմբերի 6-ին Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ:

Ու այդ հանդիպումից առաջ նման քայլը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ՝ առիթ հանդիսանալով ՌԴ իշխանությունների համար, որ հրաժարվեն գազի սակագինն իջեցնելուց: Սա սադրա՞նք է, թե բանակցություններից առաջ «Գազպրոմին» անկյուն մղելու և խեղճացնելու փորձ, դժվար է ասել: Ամեն դեպքում այս հարցերում ավելորդ զգուշավորությունը չէր խանգարի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ