14 11 2018

«Բանտարկյալները» և «վերակացուները»․ «Հայոց աշխարհ»

«Բանտարկյալները» և «վերակացուները»․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ժամանակին հոգեբանության պրոֆեսոր Ֆիլիպ Զիմբարդոն Սթենֆորդի համալսարանում անցկացրեց չափազանց հետաքրքիր գիտափորձ, որը մասնագիտական գրականության մեջ ստացավ «Լյուցիֆերի էֆեկտ» անվանումը։   

Ուսանողների ոչ մեծ խմբին պատահական սկզբունքով բաժանեցին երկու թիմի՝ բանտարկյալների եւ վերակացուների։ Իրենց դերերը ուսանողները պիտի խաղային երկու շաբաթ շարունակ, իսկական քաղաքային բանտում։ Յուրաքանչյուրը ստանում էր ժամում 15-ական դոլար պարգեւատրում (համալսարանի հոգեբանության ֆակուլտետը գիտափորձի համար ոչ մեծ գրանտ էր ստացել)։   Վերակացու լինել ոչ ոք չէր ուզում, եւ նշանակվածների մեջ չկային առանձնակի իշխանատենչ ու ավտորիտարիզմի հակված անձինք։ Սկզբում միանգամայն հնարավոր էր փոխել «բանտարկյալների» եւ «վերակացուների» տեղերը։ «Բանտարկյալները» ինն էին, «վերակացուները»՝ տասնմեկը (նրանցից երկուսը՝ պահեստային)։   

«Ձերբակալությունները» անցկացրին իսկական ոստիկաններ, «կասկածյալներին» կալանավորեցին գործողության շրջանակներում, փողոցային անկարգությունների մոտ հարյուր մասնակիցների ձերբակալության ընթացքում։ Գիտափորձի բոլոր մասնակիցներին բերեցին քաղաքային բանտ եւ զգեստափոխեցին։   

«Բանտարկյալների» հագին սովորական հագուստի եւ ներքնաշորի փոխարեն լայն շապիկներ էին՝ մերկ մարմին, մազերը գլխին սեղմեցին կապրոնե գուլպայով (սափրած գլխի իմիտացիա), իսկ ոտքին շղթա ամրացրին։ Անունները փոխարինեցին համարներով։    «Բանտարկյալներին» ուղարկեցին խցեր։ Նրանցից ոչ մեկը չէր ենթադրում, որ Պալո-Ալտո դրախտային քաղաքից իջնելու է ուղիղ դժոխք։    Առաջին օրը բոլորի համար դեռ զվարճալի էր, բայց մթնոլորտը սրընթաց վատանում էր։ Համազգեստավոր «վերակացուները», աչքերը սեւ ակնոցի հետեւում թաքցրած, վզին սուլիչ կախած եւ ռետինե մահակներով զինված, շատ շուտով սկսեցին ահաբեկել «բանտարկյալներին», ծաղրի ենթարկել նրանց, անարգել ու նսեմացնել։   

Ապշեցուցիչ էր արագությունը, որով «վերակացուները» սկսեցին զգալ իրենց գերազանցությունը «բանտարկյալների» նկատմամբ։ Երբ գիտափորձը սկսվում էր, բոլոր մասնակիցները իրենց շրջապատի կիրթ մարդկանց նորմալ պահվածքից որեւէ շեղում չունեցող անհատներ էին։ Երկու խմբերն էլ ի սկզբանե համանման էին։ Բայց մեկ շաբաթ անց նրանց միջեւ ոչ մի ընդհանուր բան չկար։    Արդեն մի քանի օր անց «վերակացուները», մասնավորապես գիշերային ժամերին, երբ իրենց չէին հետեւում գիտափորձի վերահսկիչ խմբի գիտնականները, գնալով ավելի վատ էին վարվում «բանտարկյալների» հետ։ «Վերակացուները» արթնացնում էին նրանց գիշերվա կեսին, որպեսզի հաշվառման ենթարկեին, ստիպում բազմիցս ձգվել ձեռքերի վրա, եթե ինչ-որ բան դուր չէր գալիս նրանց վարքի մեջ, կամ ստիպում էին երգել միեւնույն երգը՝ ազատության մասին։   

Նրանք սահմանափակում էին «բանտարկյալների» մուտքը զուգարան, իսկ երբ տանում էին նրանց կարիքը հոգալու, ապա գլխին պարկ էին հագցնում, ուտելիք եւ վերմակ չէին տալիս, ինչպես նաեւ՝ նվաստացնում սեռական առումով։ «Վերակացուների» մեջ բառացիորեն սատանա էր մտնում, իսկ որոշ բանտարկյալներ վերածվում էին հնազանդ զոհերի։   

Գիտափորձի հեղինակներին հետաքրքրում էր, թե ինչպես է փոխվում «բանտարկյալների» եւ «վերակացուների» անհատականությունը։ Բանտախցերում միկրոֆոններ, տեսախցիկներ կային, եւ ամեն ինչ տեսագրվում էր։   

Ընդհանուր առմամբ, գիտափորձը հաջողվեց. եղավ ե՛ւ «բանտարկյալների» խռովություն, ե՛ւ արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու փորձ, ե՛ւ փախուստի ձախողված ծրագիր։   

Բայց ամենազարմանալին «վերակացուների» պաթոլոգիկ պահվածքն էր, որոնք դեռ երեկ ոչ մի բանով չէին տարբերվում իրենց խնամարկյալներից։ Նրանց մեջ անմիջապես բացահայտվեցին սադիստներ, որոնք սկսեցին այն աստիճան սարսափելի բաներ անել, որ գիտափորձը հարկ եղավ վաղաժամկետ դադարեցնել։   

Դատելով ամենից, Նոր Հայաստանի «հեղափոխական» իշխանությունը իսկապես մտել է «վերակացուի» դերի մեջ։ Բայց մի՞թե այդչափ մեղավոր է նա։ Գուցե դա տեղի ունեցավ ավելի շատ «բանտարկյալների՞» մեղքով։ Միգուցե արժե՞ այս գիտափորձը դադարեցնել վաղաժամկետ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ