14 11 2018

Մարդկանց ծուլության մեջ մեղադրելն անընդունելի է․ «Հայոց աշխարհ»

Մարդկանց ծուլության մեջ մեղադրելն անընդունելի է․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Լրատվամիջոցներում եւ փորձագիտական շրջանակներում չեն դադարում քննարկել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հայաստանում 350 հազար աշխատողների եւ 800 հազար չաշխատողների, վերջիններիս աշխատել չցանկանալու մասին Աստանայում արած հայտարարությունը։ Իրականում խնդիրը տարողունակ է եւ ունի տարբեր կողմեր։ Այն ներկայացնել որպես ոմանց աշխատել չցանկանալու երեւույթ՝ առնվազն պարզունակ մոտեցում է։  

Անհասկանալի է, թե այդ ի՞նչ 350 հազար աշխատողի եւ 800 հազար չաշխատողի մասին է խոսքը։ Ազգային վիճակագրական ծառայության ցուցանիշներում բոլորովին այլ թվեր են ներկայացված։ Համաձայն դրանց, Հայաստանի աշխատանքային ռեսուրսը 2017-ին 2 մլն 21 հազար մարդ է եղել։ Այսինքն՝ այդքան մարդ աշխատունակ է։   

Դրանից տնտեսապես ակտիվ է 1 մլն 230 հազար մարդ, որից էլ զբաղված է համարվում 1 մլն 11 հազար մարդ, գործազուրկ է 219 հազար մարդ։ Դա նշանակում է, որ աշխատողների թիվը կազմում է վերոնշյալ 1 մլն 11 հազարը (ներառյալ գյուղատնտեսության մեջ ներգրավված շուրջ 340 հազարը), այլ ոչ թե 350 հազարը։   

Թե որտեղի՞ց է վերցրել վերջին թիվը Նիկոլ Փաշինյանը, այդպես էլ անհայտ է, թեեւ նրա համար առանց մեթոդաբանության, առանց համադրության եւ առանց որեւէ տրամաբանության թվեր բերելը նորություն չէ։  

Ինչ վերաբերում է 800 հազար չաշխատողներին, հավանաբար, խոսքը տնտեսապես ոչ ակտիվ 790 հազար մարդկանց մասին է։ Սակայն այդ մարդկանց ծուլության մեջ մեղադրելը եւս անընդունելի է։ Նախ՝ նրանց շարքին են դասվում ինչպես ստվերային աշխատատեղերում ընդգրկվածները, այնպես էլ արտերկրում աշխատողները։ Այս երկու խոշոր խմբերում առնվազն 200-300 հազար աշխատող կա, որոնք նույնպես նպաստում են երկրում արժեք ստեղծելուն։ Անտարակույս աշխատողներն ավելի շատ են, քան չաշխատողները։   

Կասկած չի հարուցում, որ աշխատանքի նկատմամբ ապամոտիվացման քարոզչության պատճառով, որի հեղինակներից մեկը նախկինում եղել է հենց ինքը՝ ներկայիս վարչապետը, մեր բնակչության մի հատված իսկապես չի կամենում աշխատել եւ նախընտրում է կա՛մ նպաստ ստանալ, կա՛մ արտերկրից իր հարազատների ուղարկած գումարներով ապրել։   

Եթե երկրորդ դեպքում դա զուտ այդ մարդկանց հարազատների խնդիրն է, ապա առաջին դեպքում մարդկանց պետք է մոտիվացնի պետությունը։ Ահա այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկի Նիկոլ Փաշինյանը, մարդկանց ծուլության մեջ մեղադրելու եւ դժգոհություն արտահայտելու փոխարեն։  

Այժմ Հայաստանում ավելի շուտ գոյություն ունի ոչ այնքան աշխատանքի բացակայության, որքան աշխատանքի վարձատրության խնդիր։ Եթե մարդն աշխատում է 10-12 ժամ խանութում, արտադրությունում կամ ծառայության ոլորտում եւ ստանում է 70-80 հազար դրամ, ապա պարզ է, որ նման պայմանները ոչ մի կերպ չի կարող առաջացնել աշխատելու ցանկություն։  

Նման աշխատանք ունեցող մարդիկ անգամ առօրյա հոգսերը չեն կարողանում լուծել, ինչ մնաց՝ եթե նման աշխատանքով առողջական խնդիրներ «վաստակելու» դեպքում կարողանան սեփական բուժման համար վճարել։   

Հետեւաբար հիմնական խնդիրը աշխատանքի վարձատրությանն է վերաբերում, որը կարող է լուծվել միայն կառավարության, գործատուների եւ աշխատողների համատեղ ջանքերով։ Վերջիններս կարող են կիրառել ամբողջ աշխարհում ընդունված արհմիություններ ստեղծելու եւ սեփական շահերը պաշտպանելու հնարավորությունը։  

Սակայն, մինչ այդ, կարեւորագույն գործոնը դարձյալ հանգում է տնտեսության զարգացմանը եւ աշխատատեղեր ստեղծելուն, որոնց մեծաթիվ լինելու դեպքում մրցակցություն կառաջանա գործատուների միջեւ ավելի բարձր աշխատավարձով աշխատող ներգրավելու համար։ Սակայն հիմա Հայաստանում տեղի է ունենում հակառակ գործընթացը՝ աշխատատեղերն են փակվում՝ այն էլ հազարներով։    Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով աշխատանքից զրկվեց 800-1000 մարդ՝ չհաշված բուն ներդրումային ծրագրից բացի, հարակից ստեղծվող աշխատատեղերը ծառայությունների եւ առեւտրի ոլորտներում։   

Նույնը տեղի ունեցավ Ալավերդիում՝ արտանետումների թույլատրելի քանակը գերազանցելու համար տեղի կոմբինատը կառավարության համապատասխան կառույցի կողմից փակվելու հետեւանքով։ Այստեղ էլ աշխատանքից զրկվեց 630 աշխատակից, դարձյալ առանց կոմբինատի շուրջ ստեղծվող այլ ոլորտներում ներգրավվածների։   

Մի քանի ամիս առաջ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով 200 աշխատատեղ ժամանակավորապես փակվեց նաեւ «Արմենալում»։  

Այս գործընթացը շարունակվելու է՝ ներդրումների աղետալի անկման եւ որպես դրա հետեւանք տնտեսական ակտիվության նվազմանը զուգահեռ աշխատատեղերը նվազելու են։ Դրա պատճառն այն մարդիկ չեն, որոնք մնալու են առանց աշխատանքի, այլ կառավարությունը, որի առաջնահերթ պարտականությունն է երկրի տնտեսական զարգացմամբ զբաղվելը։ Մինչդեռ ներկայիս կառավարությունը՝ վարչապետն ու նախարարները, զբաղված են լայվերով, սելֆիներով եւ ինքնագովազդով, այլ ոչ թե աշխատելով։   

Հետեւաբար մինչ հարյուր հազարավոր մարդկանց աշխատել չցանկանալու մասին խոսելը, ճիշտ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը նախեւառաջ ինքն աշխատեր եւ պահանջեր իր կառավարությունից աշխատել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ