14 11 2018

Ո՞վ կմտածեր, որ ընդդիմության ահռելի քանակ կհայտնվի․ «Հայոց աշխարհ»

Ո՞վ կմտածեր, որ ընդդիմության ահռելի քանակ կհայտնվի․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Գոյություն ունի, այսպես կոչված, «Մոնտե Կառլոյի թյուր եզրահանգումը»։ Համառոտ բացատրենք, թե որն է դրա էությունը։  

Մենք բոլորս գիտենք, որ պտտախաղի անիվի վրա մասնահատվածների կեսը սեւ է, կեսը՝ կարմիր, իսկ դա նշանակում է՝ ունենք 50% հավանականություն, որ անիվի պտույտի հետեւանքով գնդիկը կկանգնի կարմիրի վրա։ Եթե իրար հետեւից պտտենք անիվը բազմիցս, ասենք, հազար անգամ, ըստ որում՝ այն լինի սարքին ու խորամանկ հարմարանքներից զուրկ, ապա կարմիր կընկնի մոտավորապես 500 անգամ։  

Համապատասխանաբար, եթե պտտենք անիվը վեց անգամ, եւ վեց անգամն էլ ընկնի սեւը, ապա կարող ենք մտածել, որ խաղագումար դնելով կարմրի վրա, մենք զգալիորեն կավելացնենք շահելու հնարավորությունները։ Չէ՞ որ կարմիր էլ պիտի ընկնի, ճի՞շտ է։  

Ո՛չ, ճիշտ չէ։ Յոթերորդ անգամ հավանականությունը, թե կարմիր կընկնի, կլինի նույն 50%-ը, ինչպեսեւ յուրաքանչյուր հաջորդ անգամ։ Դա ճիշտ է՝ անկախ նրանից, թե քանի անգամ է հաջորդաբար սեւ ընկել։  

Գրեթե նույն իրադրությունն է նաեւ քաղաքական կուսակցությունների դիրքորոշումների պարագայում։ Քաղաքականությունը հայոց աշխարհում պտտախաղ է, եւ ոչ ոք չի կարող կանխագուշակել, թե ինչպես կվարվի այս կամ այն ուժը։ Սխալվելու հավանականությունն այստեղ 50 տոկոս է։  

Օրինակ, ո՞վ կմտածեր, որ խորհրդարանական ընտրությունների նախօրեին մեզանում կհայտնվի ընդդիմադիր կուսակցությունների այսչափ ահռելի քանակ։ Վերջին օրերին բոլորը հայտարարում են իրենց ընդդիմություն։ Ե՛վ «Լուսավոր Հայաստանը», եւ՛ «Հանրապետությունը», որոնք ներկայացուցիչներ ունեն կառավարությունում։ Ե՛վ «Բարգավաճ Հայաստանը», որի առաջնորդը օրական մի քանի անգամ հավատարմության երդում է տալիս Փաշինյանին։ Ե՛վ ավելի մանր խաղացողները, որոնք հայտարարում են, թե կլինեն վարչապետի պաշտոնակատարի կողքին, բայց որպես ընդդիմություն։ Ասում են, որ առաջիկա օրերին իրեն ընդդիմություն է պատրաստվում հայտարարել նաեւ «Քաղպայմանագիրը»։  

Անհեթեթ է այս ամենը, իհարկե։ Ֆիլմ՝ ֆիլմի մեջ։ Գոյություն ունեն բազմաթիվ կինոնկարներ. Ֆելինիի «Ութուկեսը», Գոդարի «Կիրքը», Վայդայի «Ամեն ինչ՝ վաճառքի» եւ այլն, որոնց թեման ֆիլմի նկարահանումներն են, ֆիլմի ներսում տեղի ունեցող իրականությունը արտատեքստային իրականությունից սահմանազատելու անհնարինությունը։  

Այնպիսի տպավորություն է, թե Նոր Հայաստանում ստեղծվում է քաղաքական թատրոն, եւ դրա անվանումն արդեն իսկ մտածված է. «Իշխանությանը սիրող ընդդիմություն»։ Անվանումը կա, կարելի է վերջապես գործի անցնել, այսինքն՝ մինչեւ ընտրությունները փորձեր անցկացնել։   Սա, իհարկե, էկզոտիկա է նույնիսկ մեր չափանիշներով։ Սա, պարոնայք, պարզապես ինչ-որ Աֆրիկա է, Գաբոն ամենաիսկական։ Տարե՛րք, հասկանում ես... Բնության կույր ուժեր։ Եվ, դատելով ամենից, այս սողանքով կարկուտի վերջը չի երեւում։   

Շնորհակալություն քեզ, սիրելի իշխանություն, մեր շանթարձակ Զեւս, այս տարերային աղետի կազմակերպիչ ու ոգեւորիչ։   

Եվ ո՞րն է ամենաուշագրավը։ Այն օրվանից, երբ լսեցի, որ, ասենք, «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» ընդդիմություն են, ծիծաղում եմ նույնիսկ քնի մեջ։ Բայց երբ բացատրում ես նրանց, որ չի կարելի, աղավնյակներս, միաժամանակ լինել ե՛ւ կառավարության կազմում, ե՛ւ ընդդիմության ճամբարում, սաստիկ նեղանում են։   Լավ, ո՞ւմ հավատանք. սեփական աչքերի՞ն, թե՞ սրանց հայտարարություններին։ Ինչպես հին անեկդոտում։  

Մի մարդ տուն է գալիս ու հայտնաբերում կնոջը անկողնում՝ ինչ-որ անծանոթ տղամարդու հետ։ Նա զարմացած բացում է բերանը, եւ այդ պահին մերկ կինը, ցատկելով մահճակալից, բղավում է.   -Լսիր, մինչ որեւէ բան կասես, խոստովանի՛ր. ո՞ւմ ես ավելի շատ հավատում. ի՞նձ, թե՞ սեփական անամոթ աչքերիդ։  

Մարդիկ վաղուց արդեն վիճում են. գոյություն ունի՞ ուղեղը ջրիկացնելու ունակ հոգեներգործուն զենք։ Ահա՛ դա, խնդրեմ. ձեր առջեւ է՝ նորաթուխ «ընդդիմադիրների» հայտարարությունների տեսքով։ Ուրիշ ի՞նչ հոգեներգործուն զենք է ձեզ պետք, Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներ։   

Իշխանությանը պաշտող ընդդիմադիրների լիակատար միասնություն ժողովրդի հետ՝ ամնեզիայի հողի վրա։ Քաղաքական կյանքը մեզանում վերջնականապես թեւակոխում է շրջիկ կրկեսի փուլ։  

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ տվյալ հալյուցինացիայով «ընդդիմադիրների» երեւակայությունը չի սահմանափակվի, եւ նրանք կսկսեն անկանոն վերարտադրել նույնքան հրապուրիչ այլ նատյուրմորտներ։   Մի շարք բարձր պաշտոններ զբաղեցնես իշխանության մեջ, իսկ հետո ահա այսպես, հեշտ ու գեղեցիկ, կարելի է ասել՝ մատի մի շարժումով վերցնես ու հայտարարես, թե իրականում ընդդիմությո՞ւն ես։ Սա, համաձայնեք, արա՛րք է։ Ասենք, ինչո՞ւ մանրանալ. նույնիսկ ոչ թե արարք, այլ սխրանք։ Քաղաքացիական արիության նմուշ, կարճ ասած։  

Ի դեպ, Փաշինյանի կառավարության հասցեին ոչ մի քննադատություն մինչ այժմ սույն «ընդդիմադիրների» շուրթերից ոչ ոք չի լսել։ Հավանաբար քննադատում էին թավուտներում ու քարանձավներում թաքնված։   

Չէ, սրանք պիտի ժամանակին դառնային բարմեններ. կփառաբանվեին կոկտեյլներով։ Կամ էլ՝ բալետի պարուհիներ. տեսնո՞ւմ եք, ինչպես են սովորել պտտել իրենց 32 ֆուետեն բալետային արվեստի բոլոր կանոններով. տեղում մխված, չեն լարվում, շնչառությունը՝ հանգիստ ու թեթեւ, ինչպես նորածնինը։  

Ու ո՜նց են մտել դերի մեջ։ 1959 թվականին իտալացի հանրահայտ ռեժիսոր Ռոսելինին փայլուն էկրանավորեց «Գեներալ դելլա Ռովերե» վիպակը։ Պատմությունն այնտեղ շատ պարզ է. 1944 թվականին իտալական հակաֆաշիստական ընդհատակի բանտարկված անդամների մոտ բանտախուց են գցում մի արկածախնդրի, որպեսզի կորզի պարտիզանական գաղտնիքները։ Մարդուն շանտաժի են ենթարկում. եթե հրաժարվես մեզ հետ համագործակցել, կփտես բանտում։  

Եվ ահա արիստոկրատ արտաքինով տարեց ալֆոնսը բանտարկված պարտիզանների առջեւ ձեւանում է հրամանատար՝ գեներալ դելլա Ռովերե։ Հետզհետե նա այնքան է տարվում, այնպես մտնում դերի մեջ, որ ինքն էլ է սկսում հավատալ, թե Դիմադրության հերոս է։ Ի վերջո նրան գնդակահարում են, իսկ «գեներալը» պատռում է վերնաշապիկն ու ինչ-որ բան գոչում Իտալիան ֆաշիստներից ազատագրելու մասին։  

Եկեք հուսանք, որ բանը չի հասնի այդչափ ողբերգական ավարտի, եւ կեղծ ընդդիմությունը իշխանության հետ կկիսի ավարն ընտրություններից հետո։ Թեեւ, մյուս կողմից, որսն այնքան վտանգավոր չէ, որքան մորթին բաժանելը, այնպես որ սրտակեղեք տեսարաններից գուցեեւ չհաջողվի խուսափել։  

Իսկ մեզ առայժմ մնում է ընտրության սուղ հնարավորություն։ Կա՛մ քթի տակ անուշադրով բամբակ պահել ու վերջապես ուշքի գալ «ընդդիմադիրների» հայտարարություններից հետո, կա՛մ հնարավորինս խորը մտցնել գլուխը ավազաթմբի մեջ, որպեսզի չլսենք ողջ այս մառազմը։   

Քանզի սրանց հետեւելու ուժ արդեն չկա։ Ճիշտ է, մեր բարձրագույն նյարդային գործունեությունը բթացած է, բայց նյարդային ծայրելուստները դեռեւս պահպանվել են»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ