09  11  2018

Քաղաքական թմրամոլության մասին․ «Հայոց աշխարհ»

Քաղաքական թմրամոլության մասին․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Հաճախ ասում են, թե քաղաքականությունը թմրանյութ է։ Երբ հետեւում ես նախընտրական շրջանում հայրենի քաղաքական գործիչների վարքին, համոզվում ես, որ դա ոչ թե պատկերավոր արտահայտություն է, այլ բժշկական փաստ։    Քաղաքական գործիչների վարքագիծը շատ բանով նախորոշվում է բնական թմրանյութերի ազդեցությամբ։ Գիտնականները վաղուց էին ենթադրում, որ մարդու օգրանիզմն ի վիճակի է արտադրել հատկանիշներով թմրանյութերին մոտ ինչ-որ բան։ Ուղտի հիպոֆիզից արտազատեցին սեփական, ոչ մի տեղից չներարկված մորֆին։ Այն անվանեցին էնդորֆին։ Այնուհետ ափիոնային համակարգ հայտնաբերեցին նաեւ մարդու օրգանիզմում։  

 Հարց է ծագում. բնության ինչի՞ն է դա պետք։   

Վերցնենք, օրինակ, սկյուռին։ Նա բնականաբար չգիտի, որ ցրտեր են գալու եւ ձմռան համար կոները հավաքում է բնազդաբար։ Ահա ուրեմն. կա վարկած, համաձայն որի՝ որպեսզի բնազդը չմարի, փչակ բերած յուրաքանչյուր կոնի դիմաց հաջորդում է պարգեւը՝ էնդոգեն թմրանյութի չափաբաժնի «ներարկումը»։  

Նույնը տեղի է ունենում նաեւ մարդու պարագայում։ Ամեն մի գործունեություն առաջացնում է արյան մեջ էնդոգեն թմրանյութերի կամ, ինչպես այլ կերպ ընդունված է անվանել դրանք՝ «ուրախության հորմոնների» մակարդակի բարձրացում։   

Այդ դեպքում ինչո՞ւ բոլոր մարդիկ չեն դառնում թմրամոլ։ Բանն այն է, որ գործունեության տարբեր տեսակներն ապահովվում են էնդորֆինի տարբեր դոզաներով։ Մարդկանց մեծամասնությունը բավարարվում է փոքր դոզաներով։ Բնական թմրանյութերի ամենամեծ դոզաները լինում են այն մարդկանց պարագայում, որոնք կլանված են գաղափարով, գործով եւ այլն։   

Է՛լ ավելի մեծ քանակության էնդորֆին են ստանում ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդիկ. գրողները, նկարիչները, երաժիշտները։ Հանդիսատեսի ծափերը, քննադատների հիացական գրախոսությունները նրանց համար ապահովում են արյան մեջ բնական թմրանյութերի չափազանց բարձր մակարդակ։   

Իսկ քաղաքականությունը մարդուն տալիս է ստեղծագործության հնարավորություն, երբ նրա համար նյութ է ծառայում ողջ աշխարհը, այնպիսի մակարդակի փառք, որ անհասանելի է դերասանների մեծ մասի համար, այնպիսի ռիսկ, որ անմատչելի է անգամ լեռնագնացներին։ Պարզ է, որ քաղաքականությունը տալիս է նաեւ արյան մեջ էնդորֆինի համապատասխան մակարդակ։   

Փաստորեն քաղաքականությունն իսկապես փչացնում է մարդկանց։ Տեսնենք, թե ինչ է կատարվում նրանց հետ։   

Թմրանյութի ազդեցությանը պսիխիկայի առաջին արձագանքը ինքնաքննադատության նվազումն է։ Սեփական հզորության զգացումից մարդը կորցնում է իրեն սթափ գնահատելու կարողությունը։ Միաժամանակ թերահավատություն է առաջանում մերձավոր շրջապատի նկատմամբ։   

Այնուհետ քաղաքական գործիչը սկսում է խոտորված ընկալել իրականությունը։ Հաճույք չպատճառող ամեն ինչ գիտակցության հետին պլան մղելը հատուկ է բոլոր մարդկանց, բայց տվյալ դեպքում գործիչը հասնում է լրիվ ինքնակուրացման։   

Եվս որոշ ժամանակ անց առաջանում է վարժվածության էֆեկտը։ Դոզան, որը բավականացնում էր երեկ, դադարում է ազդել։ Եվ ամեն օր պետք է անել մի այնպիսի բան, որ այն ավելանա։ Պսիխիկան ըստ որում, բնականաբար, հետադիմում է։ Անհետանում է աշխարհի հետ միասնության զգացումը, վերանում ապրումակցման ունակությունը, մարում են կենդանի հույզերը։   

Էնդորֆինային կախվածություն ունեցողներին դժվարությամբ է հաջողվում համագործակցել այլ մարդկանց հետ, բոլոր որոշումները նրանք ուզում են ընդունել ինքնուրույն։ Իսկ նա, ով փորձում է ոտնձգություն կատարել ուրախության աղբյուրի՝ նրանց իշխանության նկատմամբ, առաջացնում է պարզապես կենդանական կատաղության պոռթկումներ։   

Հայրենի գործիչների մեծ մասը ամենաիսկական քաղաքական թմրամոլներ են։ Նրանք ընկել են էնդորֆինային սաստիկ կախվածության մեջ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ