09 11 2018

Այս իշխանությունը 1-2 տարուց նույնքան չսիրված է լինելու, որքան ՀՀԿ-ն․ Եսայան․ «Իրատես»

Այս իշխանությունը 1-2 տարուց նույնքան չսիրված է լինելու, որքան ՀՀԿ-ն․ Եսայան․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ՀՀԿ-ն կենտրոնացնում է բոլոր ուժերը, ծանրութեթև անում իշխանափոխությունից հետո մնացած ռեսուրսները և պատրաստվում ընտրապայքարի։ Սակայն թիկունքում ունենալով բավականին մեծ բացասական բեռ, դժվար է լինելու այսօրվա իրողություններում համոզել հասարակությանը, որ նախկին գործելաոճն այլևս չի կրկնվի։ Կարճ ժամանակում պետք է կարողանալ համախմբվել և գործի դնել ողջ ներուժը, թե ինչ կստացվի, կերևա ոչ միայն ընտրությունից հետո, այլև նախընտրական քարոզչության օրերին` հանրային տրամադրություններից։

Մինչ այդ ՀՀԿ խորհրդի անդամ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` ինչպես են փորձելու դրական լույսի ներքո ներկայանալ հանրությանը։

-Չեմ ցանկանում Ձեզ հետ համաձայնել, թե անցած տարիներին բացասական բեռ ունենք,- ասաց պատգամավորը։-

Ցանկացած իշխանություն ունենում է և՛ դրականը, և՛ բացասականը, այսինքն, ցանկացած իշխանություն և՛ սիրված է, և՛ չսիրված։ Հիմնականում սիրված չէ։ Վստահեցնում եմ ձեզ, որ այսօր ձևավորված իշխանությունը, որ ընտրությունից հետո իր մեթաստազները կտարածի և ամբողջական իշխանություն կունենա, ամենաշատը 1-2 տարուց նույնքան չսիրված է լինելու, որքան «Հանրապետականը»։

Այստեղ երկրորդ կարծիք չկա։ Հիշենք, թե ինչպիսի փառահեղ արդար ընտրություններով Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀՇ-ն եկան իշխանության, բայց ինչպիսի անփառունակ վախճան ունեցավ այդ իշխանությունը։ Հիշենք` Ռոբերտ Քոչարյանի կառավարման տասը տարիներին ինչպես էին հայհոյում Լևոն Տեր-Պետրոսյանին և ՀՀՇ-ին՝ մոռանալով, որ այսօր իշխանության գլուխ Քոչարյանն է, դրանից հետո ՀՀԿ-ն էր իշխանության, ու հայհոյում էին Քոչարյանի իշխանությանը։ Ցավոք, բոլոր հասարակություններին է սա բնորոշ։ Չեն սիրում իշխանություններին հատկապես հայերը, որովհետև մենք պետության, պետականության զգացողություն չունենք։

-Ամեն դեպքում, իշխանություններն իրենց քայլերով չե՞ն նպաստում հանրային վերաբերմունքի ձևավորմանը։

-Միանշանակ նպաստում են։ ՀՀԿ-ն ուներ իր սխալները, առաջինն այն էր, որ ինչ-որ պահից կտրվեց ժողովրդից, ինքս մեր խորհրդի նիստում այդ մասին բազմիցս ասել եմ։ Փոխանակ գնայինք ժողովրդի մեջ, կանգնեինք չարքաշ աշխատող գյուղացիների կողքին, նրանց հետ ցեխոտվեինք, մրսեինք, տեսնեինք քարուքանդ ճանապարհները (մի անգամ «նարոդնիկություն» շարժումն եմ անգամ օգտագործել), որպեսզի նրանց խնդիրները հասկանայինք և լուծեինք։

Սահմանադրական բարեփոխման «Այո/Ոչ»-ի քարոզարշավի ժամանակ, լրագրողական գործունեության ընթացքում ես այդ խնդիրներին մշտապես բախվում էի։ Միշտ էլ իրատես եմ եղել։ Ինչ-որ մարդիկ ինչ-որ պահից սկսեցին կյանքին նայել իրենց մեքենայի պատուհանից, և կտրվեց ժողովրդի հետ կապը։ Այնպես չէ, որ մենք անսխալական ենք, ու հանկարծ ժողովուրդը սկսեց իշխանությանը չսիրել։ Չսիրելն աստիճանաբար եղավ, ինչը սպառնում է նաև այսօրվա իշխանությանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ