09 11 2018

Անպատասխանատու գործողությունների հետևանքները․ «Հայոց աշխարհ»

Անպատասխանատու գործողությունների հետևանքները․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում երեկ տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովն այդպես էլ չլուծեց ամիսներ շարունակ քննարկվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցի շուրջ ստեղծված քաղաքական կազուսը։  

Հայտնի է, որ 2017 թվականի մայիսին Հայաստանի ու նրան որոշակի աջակցություն ցուցաբերած Ռուսաստանի ղեկավարության ջանքերով այդ պաշտոնում 3 տարի ժամկետով թեկնածու առաջադրելու իրավունքն անցել էր մեր երկրին։ Հայաստանը որոշակի դժվարությամբ էր ստանձնել ՀԱՊԿ-ի ղեկավարությունը՝ առաջ քաշելով փորձառու գեներալ Յու.Խաչատուրովի թեկնածությունը։   

Պատճառն այն է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ՀԱՊԿ շրջանակներում Ադրբեջանի ստվերային դեսպանի դերը ստանձնած Ղազախստանն ու նրան աջակից Բելառուսը համառորեն դիմադրում էին Հայաստանի թեկնածության առաջադրմանը՝ ճգնելով որոշակի զիջումներ կորզել մեր երկրից։   

Դրանից հետո թվում էր, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի ղեկավարության հարցը լուծված է մինչեւ 2020 թվականը։ Եվ ուղիղ մեկ տարի անց՝ 2018-ի մայիսին, իշխանափոխությունից հետո Հայաստանի նոր ղեկավարները պարտավոր էին գիտակցել, որ սեփական հայրենիքի անվտանգության ապահովման հարցում կարեւոր դերակատարություն ունեցող նման կառույցում իրենց նախորդների կողմից մեծ դժվարությամբ ձեռք բերված դիրքերը ամրապնդման եւ ոչ թե խարխլման կարիք ունեն։   

Սակայն քիչ անց, 2008թ. «Մարտի 1»-ի գործի շրջանակներում միջազգային կարեւոր ռազմաքաղաքական կառույցը ղեկավարող Յու.Խաչատուրովին հապշտապ առաջադրված մեղադրանքները եւ ապա՝ կալանքն ու գրավի դիմաց ազատումը կատարյալ խառնաշփոթ ստեղծեցին մեր դաշնակիցների հետ հարաբերություններում։  

Խնդիրն այստեղ Յու.Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով ներգրավելը չէր, այլ մեր նոր իշխանավորների անպատասխանատու եւ ակնհայտորեն ոչ գրագետ պահվածքը։ Նման պարագաներում հարցը նախապես բարձրացվում է գործընկեր երկրների առջեւ, քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պատասխանատու է ոչ միայն Հայաստանի, այլեւ մյուս անդամ պետությունների անվտանգության համար։   Պատկերացնել միայն կարելի է, թե ինչպիսի լուրջ ճգնաժամ կարող է առաջանալ, եթե առանց հարցը Միացյալ Նահանգների եւ անդամ այլ երկրների հետ քննարկելու փոքրիկ Նորվեգիան վերցնի ու ձերբակալի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։   

Առավել եւս, որ մինչ օրս ՀԱՊԿ անդամ երկրները գլխավոր քարտուղարի հետկանչի ընթացակարգի եւ նորին նշանակելու սկզբունքները մանրամասնող որեւէ որոշում չունեն։ Ուստի հոկտեմբերի 30-ին Յու.Խաչատուրովին ազատելուց հետո, ՀԱՊԿ անդամների միջեւ սկսվեց մի իսկական ինֆորմացիոն պատերազմ՝ նոր գլխավոր քարտուղարի նշանակման տարբերակների շուրջ։ Այդ պատերազմում ներգրավվել էր նաեւ Ադրբեջանը՝ ռուսական «Կոմերսանտի» իր հայտնի խմբագրով հանդերձ։   

Նախապես ասպարեզ նետելով Բելառուսի ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասին ընտրելու միջոցով Հայաստանին պատժելու դրույթը՝ այդ պարբերականը նման սցենարի իրականացման հող էր նախապատրաստում։  

Դրան հետեւեց մեկ այլ տեղեկատվական արտանետում՝ իբր Ղազախստանի նախագահը ցանկացել է ՀԱՊԿ գագաթնաժողովին հրավիրել Ադրբեջանի նախագահին, սակայն Հայաստանը դեմ է եղել այդ առաջարկությանը։ Այս ամենը ցույց էր տալիս, որ Աստանայում մեր երկրի համար լուրջ սյուրպրիզներ էին պատրաստվել։   

ՀԱՊԿ Աստանայի գագաթնաժողովի նախօրեին հնչեց նաեւ ՌԴ նախագահի օգնական Յու.Ուշակովի խոսքը, որը նոյեմբերի 8-ին փակ ռեժիմով նախատեսվող նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցում հնարավոր էր համարում միանգամից երեք տարբերակ՝ գլխավոր քարտուղարի պարտականությունները ներկայումս կատարող Վալերի Սեմերիկովի պաշտոնավարումը մինչեւ 2020 թվականը, Հայաստանի նոր ներկայացուցչի ընտրությունը, կամ էլ «Կոմերսանտի» կողմից հիմնավորվող բելառուսական տարբերակը։ Ռուսական կողմի առաջադրած այս երեք անհայտով հավասարումը ցույց է տալիս, որ փակ ռեժիմով՝ երկրների առաջին դեմքերի միջեւ սպասվող քննարկումը բարդ է լինելու։   

Երեկ մինչեւ կեսգիշեր ստացված սահմանափակ տեղեկատվությունը ցույց է տալիս, որ հենց այդպես էլ եղել է։ Ուստի գագաթնաժողովի փակ նիստից հետո Ռուսաստանը ներկայացնող պաշտոնյաները հայտարարեցին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում սպասվող հանդիպումը, իսկ այդ ընթացքում, բնականաբար, գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Յու Խաչատուրովի հետկանչից հետո ժամանակավորապես նրան փոխարինած Վալերի Սեմերիկովը։  

Այսինքն՝ նախօրեին ՌԴ նախագահի օգնական Յու.Ուշակովի նշած երեք տարբերակից ոչ մեկն էլ չի ընդունվել, ուստի Վալերի Սեմերիկովը պաշտոնավարելու է ոչ թե մինչեւ 2020 թվականը, այլ ընդամենը եւս մեկ ամիս։  

Այս ամենից հետո մեր իշխանական քարոզչամեքենան կպնդի, թե Հայաստանի վարչապետը Աստանայում հերոսական կռիվ է տվել ՀԱՊԿ-ական զառամյալ բռնապետների դեմ եւ չի զիջել մինչեւ 2020 թվականը Հայաստանին պատկանող իրավունքը, որը նախատեսվում է փոխանցել գեներալ Վաղարշակ Հարությունյանին։   

Չենք վիճարկում՝ միգուցե իսկապես՝ շատ «դուխով» էլ կռվել է, բայց ինչի՞ համար. սեփական կոպիտ սխալը գոնե մասնակիորեն ուղղելու համար։ Իսկ կարողացե՞լ է ուղղել. անշուշտ՝ ո՛չ։    Դե ինչ՝ փառք տանք Աստծուն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը գոնե հետաձգվել է, որովհետեւ կարող էր նաեւ ավելի վատ լինել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ