03 11 2018

Կառավարելի քաոսի բեմականացումը․ «Հայոց աշխարհ»

Կառավարելի քաոսի բեմականացումը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Թավշյա հեղափոխությունը կարող է փոխակերպվել ազգայինի։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման իշխանական սցենարը, որ այդչափ արծարծվում էր վերջին ամիսներին, իրականություն է դառնում, ուստի դեկտեմբերի 9-ին Հայաստանի ընտրողներին պարտադրվելու է անհասկանալի մի ընտրություն՝ անորոշ ներկայի եւ լիովին անհայտ ապագայի միջեւ։  

Այն թույլ դիմադրությունը, որը ցույց տվեց Հայաստանի քաղաքական դաշտը նման ակնհայտ պարտադրանքին, վկայում է, որ մայիսին քաղաքական ասպարեզ վերադարձած «ժողովրդի գործոնը» աշնան ամիսներին վարպետորեն խաղարկեց երկրի առջեւ այնպիսի քաղաքական օրակարգ դնելու համար, որը մեր ժողովուրդը երբեք չէր տեսել։   

Ու թեպետ հիմա նրա գիտակից մասը սկսել է կամաց-կամաց դուրս գալ հետհեղափոխական խումարից, բայց գնացքն արդեն հեռացել է կառամատույցից։   

Քաոսը, որը ակնհայտորեն ծավալվում է երկրում ու նրա շուրջը, տանում է ոչ թե մեր երիտասարդ պետականության ամենեւին էլ ոչ կատարյալ ինստիտուտների բարեփոխմանը, այլ դրանց փոխակերպմանը՝ երկրի արտաքին կառավարելիության ապահովման պարզունակ գործիքների։ Որովհետեւ քաոսի միջոցով կառավարելու արվեստը ժողովրդավարությունը նպատակից վերածում է միջոցի, իսկ քաղաքականությունը՝ մեկ դերասանի թատրոնի։   

Մեզանում նախապես թերեւս միայն այդ դերասանը գիտեր իր «ռեժիսորների» կամքը։ Ուստի պատահական չէ, որ աշնան սկզբներին նա հանկարծ «փոշմանեց» ու պահանջեց Ազգային ժողովի ընտրությունները կազմակերպել դեկտեմբերին։   

Մենք էլ, դժբախտաբար, ուշադրություն դարձրինք միայն տեղի ունեցող գործընթացի տեսանելի մակերեսին, այն ակնհայտ իրողությունը, որ հրապարակը պալատներով փոխարինած նոր քաղաքական թիմը ճգնում է սոսկ մի քանի տարով երկարաձգել իր անգործունակությունը։ Մինչդեռ «հեղափոխականների» թիմն իրականում իր գոյության իմաստը տեսնում է ոչ թե լավ կամ վատ կառավարման, այլ գոյություն ունեցող ինստիտուտների գործունեությանը նոր ուղղվածություն հաղորդելու մեջ։ Որովհետեւ նրա առաջ դրված իրական խնդիրը Հայաստանի ներսում ծավալվող գործընթացները մեր սահմաններին նկատվող քաոսային զարգացումների հետ սինքրոնացնելն է։  

«Քաոս՝ մեր ներսում, քաոս՝ մեր շուրջը» բանաձեւի կիրարկման պարագայում Հայաստանը ոչ միայն չպետք է դիմադրի իրեն պարտադրվող սցենարներին, այլեւ ինքը պետք է դառնա դրանց կատալիզատորը։ Իսկ դրա համար հարկավոր է ձերբազատվել ազգային ինքնության հիմքը կազմող «ավանդական կաղապարներից»՝ Եկեղեցուց, Ընտանիքից, Հայրենիքի գաղափարից, ապաեւ վերածվել Մեծ Մերձավոր Արեւելքի փոխակերպման հնոցում այրվող դյուրավառ հեղուկի։   

Ուստի պատահական չէ, որ երկրի ներսում սկիզբ առած ազգային մնայուն արժեքների վարկաբեկմանը զուգընթաց սկիզբ է առել նաեւ այն արտաքին թիրախների հստակեցումը, որոնցից պետք է սահմանազատվի մեր երկիրը։ Հայ-ռուսական հարաբերություններում պարբերաբար բռնկվող փոխադարձ անհասկացողության տեսարանները, Վրաստանում հակառուսական տրամադրություններ ունեցող սահակաշվիլիականների ռեւանշի հավանականությունը, Իրանի հետ մեր երկրի սահմանների փակվելու մասին պաշտոնապես ազդարարվող սպառնալիքը, Հայաստանի մասնակի շրջափակման փաստը խոստանում են վերածվել լիակատար շրջափակման հեռանկարի։   

Եվ հենց նման պայմանների հասունացման համատեքստում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը շաղկապվում առաջիկա ընտրություններում բացարձակ վստահության մանդատ ստանալու նոր իշխանությունների ցանկության հետ։   

Առաջադրանքը տրված է, ժամանակային պատուհանը՝ բացված, ուստի դրա իրականացման իշխանության կամքին ու վճռականությանը կարող է հակազդել միայն ազգի ինքնապահպանության բնազդի արթնացումը։  

Որովհետեւ երկրի ներսում՝ Եկեղեցուց, Ընտանիքից, Հայրենիքի գաղափարից ժողովրդին օտարելու միտումը նպատակ ունի մեզ համար գտնել այնպիսի «լայն շրջապատ», որը հիմնված կլինի ոչ թե հայերիս էթնիկ կամ կրոնական պատկանելության, այլ քաղաքացիության ինստիտուտի վրա։   

Եթե գտնվեինք Եվրոպայի սրտում՝ մեզ շրջապատող Մերձավոր-Միջինարեւելյան տարածաշրջանի նման ընդլայնումը առանձնակի անհանգստության պատճառ չէր դառնա։ Բայց քանի որ մենք քաղաքակրթական սահմանագիծ ենք, ապա տասնամյակներով ձեւավորված պատնեշների խորտակումը եւ պոլիէթնիկ միջավայրերի ստեղծումը կարող է ուղղակի ցրել ու փոշիացնել հայ հանրույթը մեր շուրջն ալեկոծվող մահմեդական օվկիանոսում։  

Կարծում ենք, թավշյա հեղափոխության միջոցով Հայաստանը «ավանդական կաղապարներից» ձերբազատելու, միաժամանակ թշնամական շրջապատի հետ արհեստականորեն «հաշտեցնելու» քաղաքականությունը առաջիկա խորհրդարանական ընտրությունների օգնությամբ լեգիտիմացնելու նոր իշխանությունների անթաքույց ցանկության բացահայտումը հիմնավորապես փոխում է ապրիլ-մայիսյան իշխանափոխության ազդարարած «երջանկության» տեսլականը։   

Եթե իշխանափոխության ճարտարապետները շարունակելու են ժողովրդին տանել միանգամայն օտար ու թշնամական նպատակների հունով, ապա վաղ թե ուշ արժանանալու են ոչ թե իրենց երազած «թավշյա երջանկությանը», այլ ազգային հեղափոխության հստակ ու կոշտ հակահարվածին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ