03 11 2018

Կառավարությունը չի հավատում նաև 6․5 տոկոս աճին․ «Հայոց աշխարհ»

Կառավարությունը չի հավատում նաև 6․5 տոկոս աճին․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Չնայած Ազգային ժողովի հանձնաժողովներում մեկնարկել են հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները, այնուհանդերձ այլեւս պարզ է, որ այս խորհրդարանը չի հասցնի այն ընդունել։   

Կառավարությունն ամեն ինչ արեց, որ երկիրը գալիք տարին մտնի առանց գլխավոր ֆինանսական փաստաթղթի։ Անշուշտ ուներ իր պատճառները։ Հեղափոխական փոփոխություններ խոստացող իշխանությունը խորհրդարան է բերել բյուջեի մի տարբերակ, որը մեծագույն ցանկության դեպքում անգամ հազիվ թե կարելի է հեղափոխական անվանել։   

Ավելին՝ չնայած նախագիծը ներկայացնելուց անցել է ընդամենը մեկ ամիս, այնուհանդերձ կառավարությունն արդեն սկսել է վերանայել տնտեսական աճի այս տարվա կանխատեսումները։ Այն այլեւս չի հավատում, որ հնարավոր կլինի ապահովել 6,5 տոկոս աճ, ինչպես կանխատեսվում էր բյուջեի ի սկզբանե ներկայացված նախագծում։ Սպասումները հիմա էլ 4,9-5,9 տոկոսի սահմաններում են։ Այսինքն՝ նվազել են 1,6-0,6 տոկոսով։   

Հիշեցնենք, որ առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել էր 8,3 տոկոս տնտեսական աճ։ Ակնհայտ է, որ տարվա երկրորդ կեսի ինչպես զարգացումները, այնպես էլ առաջիկա սպասումները լավատեսական չեն։   

Այս տարվա տնտեսական աճի կանխատեսումների վերանայված առավելագույն եւ նվազագույն ցուցանիշների տարբերությունը վկայում է տնտեսության մեջ տեղ գտած բարձր անորոշությունների մասին։   

Անգամ տարեվերջից երկու ամիս առաջ կառավարությունը դժվարանում է գնահատել, թե ինչպիսին կլինի տնտեսական աճը։ Եվ դա պատահական չէ, եթե նկատի ունենանք, որ վերջին ամիսներին տնտեսական գործընթացները Հայաստանում արագորեն հետընթաց են ապրում։ Կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում արձագանքել այդ դրսեւորումներին եւ իրականացնել քայլեր իրավիճակի շտկման համար։   

Ավելին՝ զավեշտը հասել է այնտեղ, որ վերջին շրջանում կառավարությունը սկսել է արդարացնել այդ վիճակը՝ համարելով, որ տեղի է ունենում տնտեսության առողջացման եւ տրանսֆորմացիայի գործընթաց։ Եթե տնտեսական ցուցանիշների վատացումը առողջացման նշան է, ապա առնվազն կարելի է նախանձել կառավարության լավատեսությանը։ Թեեւ հարց է առաջանում, թե այդ դեպքում, ինչո՞ւ այդ լավատեսությունը որեւէ կերպ չի արտահայտվել հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում։   

Տնտեսության թռիչքաձեւ աճ խոստացող կառավարությունը 2019թ. համար նախատեսում է աճի ավելի ցածր մակարդակ, քան կանխատեսվում է այս տարվա համար։ Եթե տնտեսության մեջ ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ սպասելիքները չեն բարելավվում։    Պատճառները հարկավոր է փնտրել կառավարության գործողությունների մեջ, որը վեց ամսում ամեն ինչ արեց տնտեսությանը փաստի առաջ կանգնեցնելու համար։ Չկան ներդրումներ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հատվածից։ Իշխանափոխությունը Հայաստանում ոչ միայն ներդրումային բում չապահովեց, այլեւ արտաքին կապիտալի հոսքերը կտրուկ կրճատվեցին։ Միայն երկրորդ եռամսյակում առաջինի համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 9 անգամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բացասական տարբերությունը 3 անգամ է։   

Թեպետ դեռեւս չեն հրապարակվել երրորդ եռամսյակի ցուցանիշները, այնուհանդերձ կասկած չկա, որ միտումները նույնն են լինելու։ Այս պայմաններում անիմաստ է տնտեսական աճի լուրջ ակնկալիքներ փայփայելը։ Առանց մասնավոր կապիտալի հոսքերի անհնար է պատկերացնել Հայաստանի տնտեսության զարգացումն ու առաջընթացը։   

Այս ամենի հետեւանքները շատ ավելի առարկայական կդրսեւորվեն հատկապես հաջորդ տարվա ընթացքում։ Խզումը տնտեսության մեջ զգալիորեն կմեծանա։   

Հաջորդ բյուջետային տարում լուրջ ակնկալիքներ չկան նաեւ եկամուտների մասով։ Նախատեսվում է ստանալ հավելյալ 158 մլրդ դրամ, ինչը համարժեք է շուրջ 330 մլն դոլարի։ Այն շատ չի տարբերվում նախորդ տարիների ցուցանիշներից։ Բայց որ առավել կարեւոր է, սպասվում է համախառն ներքին արդյունքի մեջ հարկերի տեսակարար կշռի նույնիսկ նվազում, ինչը նշանակում է ստվերային շրջանառության ավելացում։   

Ներկայացված բյուջեի նախագծով սոցիալական ոլորտում նույնիսկ ոչ հեղափոխական փոփոխությունների մասին դժվար է խոսել։ Ընդհակառակը, դատելով բյուջետային ցուցանիշներից՝ սոցիալական լարվածությունը կխորանա։ Չի սպասվում աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացում։ Սոցիալական այլ հատկացումները, մասնավորապես նպաստները եւս, կմնան անփոփոխ։   

Չի նախատեսում ինչպես նվազագույն, այնպես էլ բազային աշխատավարձի բարձրացում։ Նվազագույն աշխատավարձը Հայաստանում եւս մեկ տարի կշարունակի մնալ 55 հազար դրամ։ Ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները չեն կարողանա ակնկալիքներ ունենալ նաեւ եկամտային հարկի հնարավոր փոփոխությունից։   

Հակառակ այս ամենի, կանխատեսվում է գնաճային ֆոնի ակտիվացում, որը, ինչպես հայտնի է, դրսեւորվում է հիմնականում առաջին անհրաժեշտության լայն սպառման ապրանքների շուկաներում։ Մի կողմից սպասվող գնաճը, մյուս կողմից՝ հասարակության եկամուտների դանդաղ աճը, խորացնելու են աղքատության մակարդակը, որն առանց այն էլ բարձր է։ Նվազագույն շեմից ցածր կենսաթոշակ ստացող մի քանի հազար քաղաքացիների կենսաթոշակներն ավելացնելով՝ կառավարությունը հույս ունի ազդել աղքատության մակարդակի վրա։ Բայց դա չի կարող հարցի լուծում լինել։   

Հաջորդ բյուջետային տարվա սպասումները հեղափոխական չեն նաեւ այլ ոլորտներում։    Թե ո՞ւր մնացին խոստումները, կարելի է միայն գուշակել։ Իշխանափոխությունից հետո դրանք կառավարության համար այլեւս կորցրել են իրենց արդիականությունը։ Որքան էլ խոսվում է ցուցանիշները հընթացս բարելավելու մտադրությունների մասին, այնուհանդերձ դրա հավանականությունը գրեթե չկա։ Ընդհակառակը, ռիսկերը շատ ավելին են նվազման ուղղությամբ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ