31 10 2018

Փաշինյանն իրագործում է ԱՄՆ ճանապարհային քարտեզը․ «Փաստ»

Փաշինյանն իրագործում է ԱՄՆ ճանապարհային քարտեզը․ «Փաստ»

Past.am-ը գրում է․ «ԱԺ նախագահի ղեկավարած պատվիրակությունն այս օրերին Մոսկվայում է՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և պատվիրակությունների լիագումար նիստին մասնակցելու համար: Մինչդեռ, այս նիստը պետք է գումարվեր Երևանում: Նման բարձր վստահությունից Հայաստանը զրկվել է անձամբ Փաշինյանի նկատմամբ ՀԱՊԿ ղեկավարության և անդամ երկրների նախագահների շեշտված ու անթաքույց անվստահության պատճառով:

Նիստը Երևանում չգումարելու մոտ մեկ ամիս առաջ կայացված որոշումից ակնհայտ է, որ խիստ որոշակի ու հիմնավոր մտահոգություններ են եղել, որոնք նույնքան լուրջ ու ծանրակշիռ պատճառներ են ունեցել: Միանգամայն իրազեկ աղբյուրից մեզ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ ղեկավարությունը հրաժարվել է աշխարհաքաղաքական ու ռազմավարական հույժ կարևոր խնդիրները քննարկել տեղեկատվական կազմակերպված արտահոսքի և գաղտնալսումների պայմաններում: 

Ըստ մեր իրազեկ աղբյուրի փոխանցած տվյալների, դեռ հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը առնվազն ութնապատկվել է: Միաժամանակ, ի հայտ են եկել հանգամանքներ ու գործողություններ,  որոնցից ակներև է դառնում, որ ապրիլ-մայիսին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» ընդհանուր գծերով ո՛չ միայն վաղօրոք ծրագրված է եղել, այլ նաև տրամադրվել են անհրաժեշտ բոլոր գործիքները. Ճանապարհային քարտեզ, ֆինանսական օժանդակություն, մարդկային ներուժի աջակցություն, վերլուծական ու տեխնիկական  ապահովում:

Մասկվայում մեր խորհրդարանական պատվիրակության անդամներին ևս մեկ անգամ շեշտված ներկայացվել են այս իրողությունները:  Նաև ընդգծվել է, որ ձեռք բերված հիմնավոր տվյալները և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման ամփոփ վերլուծությունը փաստացի հաստատել են, որ Փաշինյանը քայլ առ քայլ իրագործում է ԱՄՆ-ում տարիներ առաջ մշակված ճանապարհային քարտեզը: Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն ու Փաշինյանի թելադրանքն անվերապահորեն կատարող Ազգային ժողով ունենալը այս ճանապարհային քարտեզի բաղկացուցիչն է:

Ամերիկյան այս ծրագրի վերջնական նպատակը, ըստ մեր իրազեկ աղբյուրի, Վրաստանի ու Ուկրաինայի համանմանությամբ՝ Հայաստանը Ռուսաստանի ազդեցության դաշտից դուրս բերելն ու ամերիկյան վերահսկվող կառավարման համակարգ ներդնելն է: Ռուսաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք առաջացնելու և այն տևական ժամանակ անշրջելի դարձնելու նպատակով էլ այս գործընթացն անվերապահորեն ուղեկցվելու է Արցախի ու Հայաստանի տարածքային կորուստներով, որի մեղավոր է նշանակվելու Ռուսաստանը:

Մասնավորելով Ուկրաինայի ու Վրաստանի առկա վիճակը, մեր իրազեկ աղբյուրը մատնանշեց, որ Սաակաշվիլու իշխանավարությունից այսօր Վրաստանը ժառանգել է Ռուսաստանի հետ շատերին անվերականգնելի թվացող թշնամանք ու տարածքային անվերադարձ կորուստներ, իսկ Ուկրաինայում  անհամեմատ վատթար ազգամիջյան թշնամանք է հրահրվում առաջիկա նախագահական ընտրությունների միջոցով, որի ծրագրված ավարտը նշանավորվելու է երկրի մասնատմամբ: Ստացվում է, որ նույն ճակատագիրը դեռ տարիներ առաջ ԱՄՆ-ն նախապատրաստել է նաև մեր երկրի ու ժողովրդի համար, իսկ հիմա իրագործում է:

Հանգամանալիորեն անդրադառնալով ծրագրի ու ժամանակային քարտեզի որոշ մանրամասների ու հանգամանքների, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ ամերիկյան այս նախաձեռնությունը առաջին անգամ փորձ է արվել իրագործել 2011-2012 թվականներին, սակայն նախագահ Սերժ Սարգսյանը մի որոշ պահի, անձնական ու արտաքին այլ նկատառումներով, հրաժարվել է կտրուկ շրջադարձերից, Ռուսաստանի հետ հարաբերությունները անվերականգնելիորեն լարելու, ապա և՝ խզելու ծրագրից, շարունակել է ավանդական կոմպլեմենտար քաղաքականությունը:

Նախագահական երկրորդ շրջանի ավարտին, սակայն, ամերիկյան առավել ակտիվ ներգործություների, աշխարհաքաղաքական որոշակի գործոնների, բացառված չէ՝ նաև ճնշումների ու շանտաժի, անձնական հաշվարկների հետևանքով, գործող նախագահը փոխել է իր դիրքորոշումները»:

Շարունակությունը կարդացեք այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ