25 10 2018

Այս ո՞ւր ենք գնում, հպարտ քաղաքացիներ․ «Հայոց աշխարհ»

Այս ո՞ւր ենք գնում, հպարտ քաղաքացիներ․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Վարչապետի պաշտոնակատար, վարչապետի ֆորմալ թեկնածու եւ, դատելով դեպքերի ընթացքից, ամենայն հավանականությամբ՝ հաջորդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց ծանր է տարել, որ Կապանում անցած կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ոչ թե իր պաշտպանած «Քաղպայմանագրի» թեկնածու Նարեկ Բաբայանն է հաղթել, այլ նրա անկուսակցական մրցակից Գեւորգ Փարսյանը:  

Եվ, դատելով երեկ խորհրդարանում ունեցած ելույթի տոնայնությունից ու որոշ շեշտադրումներից, Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը կապանցիներին դեռ հիշեցնելու է այդ մասին։ Այնպես է հիշեցնելու, որ փոշմանեն:   

Հարցը, ավելի ճիշտ, այդ հարցին Նիկոլ Փաշինյանի արձագանքն ու գնահատականները ոչ միայն լուրջ են, այլեւ լրջորեն մտահոգվելու հիմնավոր առիթներ են տալիս: Նա, «միանշանակ ու աներկբա» (շատ է սիրում այս կապակցությունը, երեկ մի 4-5 անգամ կրկնեց), հայտարարեց, թե՝ նախկին իշխանությունները, այսինքն՝ ՀՀԿ-ն, ռեւանշիստական նպատակներ է հետապնդել, որպեսզի... «Նախ, հնարավորինս կոնսոլիդացված պահել երկար տարիներ Հայաստանում գործած պետական կոռումպացված համակարգը:   

Երկրորդ՝ Հայաստանում հաստատված մթնոլորտը դարձնել հնարավորինս նյարդային: Այսինքն՝ մարդկանց անընդհատ «տոկի տալ», որ մարդիկ հանդարտ, իրենց կյանքով ապրելու հնարավորություն չունենան: Հնարավորինս խաթարել տնտեսական եւ ներդրումային միջավայրը, եւ հնարավորինս մեծ խոչընդոտներ ստեղծել գործող կառավարության համար:  

Եվ սպասել հարմար պահի՝ ռեւանշի հասնելու համար»։  

Նկատենք, «նախկին կոռումպացված համակարգի» ներկայացուցիչներից Նիկոլ Փաշինյանի չ-կոռումպացված իշխանությունը ներկայացնող ոստիկանությունը, ԱԱԾ-ն ու քննչական մարմինները ում ցանկացել են, նրան էլ անկաշկանդ մեղադրել, ձերբակալել ու կալանավորել են: Ի՞նչ «կոնսոլիդացված» պահելու մասին կարող է խոսք լինել:  

Երկրորդ՝ եթե վարչապետ դառնալուց հետո Հայաստանում եղել է որեւէ գործիչ, որ շարունակաբար ներքաղաքական լարվածություն է հրահրել ու «մարդկանց տոկի է տվել», եղել է անձամբ ինքը՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնող ու այդ պաշտոնում վերահաստատվել կամ վերարտադրվել ձգտող Նիկոլ Փաշինյանը:  

Տնտեսական եւ ներդրումային միջավայրի համար խոչընդոտներ ստեղծելու մասին ԱԺ երբեմնի կամ նախկին մեծամասնությանն ուղղված մեղադրանքն ուղղակի անհեթեթ է: Հա, դա երեւի ՀՀԿ-ական ակտիվիստներն են ամիսներով շրջափակում եւ կաթվածահար անում օտարերկրյա խոշոր ներդրմամբ ընկերության աշխատանքը...   

Իսկ միգուցե «հեղափոխության կողմն անցած» եւ դրա համար աջակցության ու խրախուսանքի արժանի (Փաշինյանն էր, չէ՞, ասում) գործարար-պատգամավորնե՞րը չեն հարկերն ամբողջությամբ մուծում:  

Ըստ Նիկոլ Փաշինյանի, ռեւանշի երեք իրական փորձ է եղել...  

Չէ, լուրջ: «Առաջինը Ռոբերտ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացիա իրականացնելու փորձն էր, որը սակայն ձախողվեց, հիմնական քաղաքական գործոնի՝ ժողովրդի միանշանակ եւ հուժկու մերժման պատճառով»,- նշեց Ն.Փաշինյանը:   

Իրականում հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է որոշակի ուշադրություն սեւեռել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա, նրան սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելով ու կալանավորելով: Նախկին նախագահի կալանավորումը չէր կարող անարձագանք մնալ ու չմնաց էլ: Ընդամենը:   

Ինչ վերաբերում է «ժողովրդի միանշանակ եւ հուժկու մերժման» մասին արտահայտությանը, ապա Նիկոլ Փաշինյանը թերեւս նկատի ունի այն խայտառակությունը, երբ իր անմիջական օգնական-կողմնակիցների ու տեր-պետրոսյանական ակտիվիստների «գրոհով» տապալվեց, ավելի ճիշտ` տեղի չունեցավ Ռոբերտ Քոչարյանի նախատեսված ասուլիսը:  

Պարզվում է, «ռեւանշի» երկրորդ փորձը հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում տեղի ունեցածն էր, այսինքն՝ «ԱԺ կանոնակարգ օրենքում այնպիսի փոփոխություններ էին իրականացվում, որ ժողովրդի գործոնը զրոյացվի...», բայց՝ չստացվեց: Դե, երրորդ ռեւանշիստական փորձն էլ՝ «երկուշաբթի օրը ԱԺ-ում տեղի ունեցածն էր, երբ ՀՀԿ-ն բոյկոտեց եւ տապալեց ԸՕ-ում առաջադրվող փոփոխությունները»:  

Նկատենք. ՀՀԿ-ն գործող Ազգային ժողովում այլեւս մեծամասնություն չէ՛: Փոքրամասնություն է: Մեծ խմբակցություն է, այո, բայց փոքրամասնություն է: Հետեւաբար անհեթեթ է մեղադրանքը, թե քաղաքական փոքրամասնությունը, թեկուզ բոյկոտով տապալեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ընդունումը կամ որեւէ նախագծի քվեարկությունը: Առավել եւս, երբ մարդիկ ի սկզբանե էլ նշել էին, որ դեմ են ու բացատրել, թե՝ ինչու:  

Փաշինյանն, իհարկե, իր բացատրություններն ունի, ինչպես միշտ, մերկապարանոց ու նաեւ՝ անպատասխանատվության տարրերով հագեցած: Նաեւ՝ սաստիկ թույլ հիմնավորումներով: Խայտառակորե՛ն թույլ հիմնավորումներով:   

Խնդրեմ՝ «Սա արվում էր նրա համար, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան գործող Ընտրական օրենսգրքով, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգով, որովհետեւ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների եւ նրանց հետ ասոցացվող ուժերի եւ անձանց շրջանում հանկարծակի հույս ծագեց, թե ռեյտինգային ընտրակարգը նրանց կարող է շանս տալ առաջիկա արտահերթ ընտրություններին հասնել ռեւանշի: Իսկ պատճառը պետք է ուղիղ կապել Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների հետ»։  

Շա՜տ հետաքրքիր է: Բայց չէ՞ որ, նախ, ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան նաեւ Հրազդանում, Էջմիածնում, Արմավիրում: Այստեղ ուրեմն հարցեր չկային, քանզի՝ ՔՊ պաշտպանած թեկնածուները, մի դեպքում էլ՝ ՔՊ-ական գործչի որդին ընտրություններով «անցան»: Իսկ այ, Կապանո՜ւմ...   

«Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում: Պարզվել է, որ հին ընտրական համակարգը, հին ընտրական մշակույթը Սյունիքի մարզում դեռեւս կենսունակության ինչ-որ նշաններ է ցույց տալիս: Ի՞նչ է սա նշանակում գործնականում:   

Սա նշանակում է, որ Սյունիքի գործող քրեական, քաղաքական եւ տնտեսական էլիտան իր ձեռքում շարունակելով պահել բավականին շոշափելի լծակներ, կարողացել է կոնսոլիդացիա ապահովել եւ, ի վերջո, մարդկանց մի որոշակի հատվածի, հին մշակույթի եւ արժեքների տրամաբանությամբ կամ ավելի ճիշտ՝ հին մոդելների մոդիֆիկացված ձեւերով, նրանց ուղղորդել որոշակի քվեարկության, ի վերջո հասնելով իրենց համար ցանկալի արդյունքի»,- հայտարարում է Փաշինյանը:   

Հարց է ծագում. ի՞նչ շոշափելի լծակներ է պահել այդ, իր ասած էլիտան: Այս 5 ամսում ամենազոր ԱԱԾ-ն չի կարողացե՞լ հասնել այդ լծակներին: Հրազդանում, ի՞նչ է, չկայի՞ն նման լծակներ կամ մեկ ուրիշ տեղում: Ի՞նչ է նշանակում՝ ուղղորդել ընտրություններում, եթե այդ ընտրությունների արդյունքներն ընդունում եք:   

Եվ հետո, Կապանը Սյունիքի մարզկենտրոնն է, քաղաքներից մեկը: Սյունիքում կան եւ այլ քաղաքներ՝ Մեղրի, Ագարակ, Քաջարան, Գորիս, Սիսիան: Կապանի քաղաքապետի ընտրության արդյունքը տարածելի է ամբողջ Սյունիքի՞ վրա:   

Բայց ո՞ւմ ես ասում: Փաշինյանը բորբոքվել է, որ հանկարծ ու հանկարծ Հայաստանում հայտնվել է մի քաղաք, հայտնվել են մի 10000 ընտրող, որ քվեարկել են ոչ թե իր ուզած, այլ մեկ ուրիշ թեկնածուի օգտին, այն էլ՝ անկուսակցական: Ո՜նց, ինչպե՜ս կարելի է:   

Հիացեք՝ պետության գործող ու, հնարավոր է, ապագա ղեկավարի այս շքեղ հայտարարությամբ. «Իմ համոզմունքը հետեւյալն է՝ Սյունիքում հեղափոխություն տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ մարզում կան տնտեսական եւ քրեական ուժեր, ովքեր մտածում են, թե իրենք ավելի հզոր են ու կարող, քան պետական, ժողովրդական իշխանությունը: Սյունիքում պետական իշխանությունը պետք է այլընտրանք չունենա: Սյունիքում պետք է հաստատվի, անառարկելի, աներկբա, պետական ժողովրդական իշխանություն, ու սա ոչ թե քաղաքական խնդիր է, այլ ազգային անվտանգության կարեւորագույն հիմնահարց...»:  

Մի բան էր պակասում այս կրակոտ ելույթում: Այն, որ կարող էր ԱԺ ամբիոնից պարոնայք Օսիպյանին, Վանեցյանին, գումարած նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին կարգադրել, որ «սխալ քվեարկած», քրեական ուժերի ուղղորդմամբ ընտրած կապանցիներին ծեփեն պատերին ու փռեն ասֆալտներին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ