19 10 2018

Մի՛ ընդունեք դավաճաններին ձեր գիրկը․ «Հրապարակ»

Մի՛ ընդունեք դավաճաններին ձեր գիրկը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մարդը պիտի ողնաշար ունենա, սկզբունքներ, ասելիք, սեփական ընտրությանը, իր անցած ճանապարհին հավատարիմ մնալու, խորտակվող նավը չլքելու կամք ու հաստատակամություն։ Դա է պատճառը, որ խելացի մարդիկ այս օրերին շատ ավելի հարգալից են արտահայտվում Արմեն Աշոտյանի ու Էդուարդ Շարմազանովի, քան Գեւորգ Կոստանյանի ու Ֆելիքս Ցոլակյանի մասին, թեեւ նորմալ պայմաններում գուցե հակառակը լիներ։ Երբ հասարակության արժեհամակարգում կայուն տեղ ունեն հավատարմության, նվիրումի, գաղափարականության դրսեւորումները, մարդիկ գնահատում են ժամանակի ու իշխանության հետ գույնը չփոխողներին։

Հասկանում են, որ անգամ եթե մարդը սխալվում է՝ պնդելով իր սխալը եւ չհարմարվելով նոր ժամանակներին ու նոր տերերին, նա մի օր կուղղի իր սխալը։ Բայց նրանք, որոնց կարծիքը մշտապես համընկնում է վերեւում կանգնածների դիրքորոշման հետ, ամենավտանգավոր էակներն են։ Այնպես, ինչպես վտանգավոր են վախկոտները։ Չէ՞ որ վախի զգացում բոլորն ունեն՝ մեկը մահվանից է վախենում, մյուսը՝ զավակին կորցնելուց, երրորդը՝ բնության արհավիրքներից, բայց երբ մարդը վախենում է աշխատանքը կորցնելուց, շեֆի զայրույթից, ինչ-որ մեկի շանտաժից ու կոմպրոմատներից, նա դառնում է ընդունակ ամեն ինչի։

Օրինակ, կարող է դավաճանել հայրենիքն ու մերձավորներին, կուսակցափոխ լինել, անցնել հակառակորդի կողմը, դանոսներ գրել, ստել ու զրպարտել։ Վախը վատ խորհրդատու է եւ վտանգավոր կողմնորոշիչ։ Վախեցեք վախկոտներից, իրենց սկզբունքը չունեցող, իրենց նավը լքող, ուժեղին քծնող, ճամբարափոխ մարդկանցից, այլ ոչ թե սեփական սխալին տեր կանգնող, հոսանքին դեմ գնացողներից։ Մի ընդունեք դավաճաններին ձեր գիրկը եւ մի խրախուսեք դավաճանությունը։ Իր ընկերներին դավաճանած անձն անպայման մի օր դավաճանելու է նաեւ ձեզ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ