12  10  2018

Ի՞նչ են քննարկել Բաբլոյանը և ռուս պատգամավորը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ են քննարկել Բաբլոյանը և ռուս պատգամավորը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` կողմերը քննարկել են համագործակցության մի շարք հարցեր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Զատուլինը հանդիպել է նաեւ այլ անձանց հետ: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Կոնստանտին Զատուլինի հետ: 

-Պարո՛ն Զատուլին, դուք հանդիպել եք ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ի՞նչ հարցեր եք քննարկել: 

-Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների պետական, գիտական, մշակութային եւ հանրային ոլորտներում ոչ ֆորմալ, առավել անմիջական բնույթի հաղորդակցության նոր հարթակ ստեղծելուն վերաբերող հարցեր: Ընդ որում, այն կոչվելու է «Լազարյան ակումբ»: Նախատեսվում է այն դարձնել Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիական հասարակությունների միջեւ նոր ու յուրօրինակ հարթակ, որը կնպաստի տարբեր հարթություններում հայ-ռուսական հասարակական երկխոսությանը, երկու բարեկամ ժողովուրդների միջեւ մշակութային, աշխատանքային, տնտեսական եւ գիտական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:Մոտ ժամանակներս այդպիսի ակումբ կստեղծվի, քննարկել ենք այդ միտքը:

-Իսկ Հայաստանի ներքաղաքական հարցերին վերաբերող հարցեր չե՞ք քննարկել ԱԺ նախագահի հետ: 

-Իհարկե քննարկել ենք: Դա պարզ է, նաեւ անդրադարձ է եղել հայ-ռուսական հարաբերություններին, խորհրդարանական համագործակցությանը եւ այլն: Այդ ամենը եւս եղել են քննարկման առարկա: Իմ կարծիքով` Հայաստանում ներքաղաքական զարգացումները բավականին արագ են կատարվում:

Ինձ հայտնի է, թե ինչ եղավ նախորդ շաբաթ, երբ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունը շատ կտրուկ ընդունվեց գործող վարչապետի եւ նրա թիմի կողմից: Եվ եղավ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հայտարարություն: Մեզ անհանգստացնում է, թե ինչ է կատարվում Հայաստանում, եւ առաջին հերթին այն հանգամանքը, որ Հայաստանի ներքաղաքական զարգացումները կատարվում են պատգամավորների հանդեպ ճնշումների եւ բռնությունների փորձերի միջոցով: Դա իսկապես մեզ անհանգստացնում է եւ նաեւ ամբողջ աշխարհին: Այս իրավիճակում ես շտապեցի Հայաստան, որպեսզի հասկանամ եւ ճշտեմ` ինչ կարող է լինել: Մենք այդ ամենին շատ ուշադիր հետեւում ենք: 

-Իսկ Դուք հանդիպել եք միայն Արա Բաբլոյանի՞ն:

-Ես շատ մարդկանց հետ եմ հանդիպել, չնայած իմ այցը եղել է շատ կարճատեւ, բայց ես հասցրել եմ հանդիպել այն մարդկանց հետ, ում կարողացել եմ: Հանդիպումներ եղել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, այդ թվում` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, շփվել եմ նրա հետ, փորձ եմ արել հանդիպել Նիկոլ Փաշինյանի խորհրդականների կամ որեւէ այլ անձի հետ, բայց կարճ այցի ընթացքում` կիրակի օրով, դա չստացվեց: Բայց այդպիսի ցանկություն իսկապես կար: Փորձել եմ հավաքել շատ կարծիքներ եւ հասկանալ, թե հետագայում ինչ կարող է լինել: 

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, թե ՀՀ քաղաքացիներն են ցանկանում արտահերթ ընտրություններ, եւ խորհրդարանն այլեւս չի ներկայացնում նրանց:

-Եթե նույնիսկ նրանք ցանկանում են ընտրություններ, ապա այդ հարցերը պետք է կարգավորել օրենքի շրջանակներում, այլ ոչ թե պատգամավորների հանդեպ ճնշումներով կամ բռնություններով: Ներեցեք, ես ինքս պատգամավոր եմ, եւ ինձ դուր չի գալիս այդպիսի պահվածքը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ