11  10  2018

Երկրի առաջին դեմքերը պետք է հրաժարվեն ագրեսիայից․ «Հրապարակ»

Երկրի առաջին դեմքերը պետք է հրաժարվեն ագրեսիայից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ինչպե՞ս անել, որ մեր կյանքից՝ ընտանիքից, քաղաքականությունից, առօրյայից, անգամ կալանավայրերից վերանա բռնությունը։ Նախեւառաջ, իհարկե՝ ֆիզիկական բռնությունը, ապա՝ հոգեւոր։ Որ ոչ միայն կենցաղում հարցերը բռնության ճանապարհով չլուծվեն, այլեւ որպես դաստիարակության մեթոդ, որպես սեփական գերազանցությունը հաստատելու միջոց չկիրառվեն։ Խոսքը, անշուշտ, բռնության ու ագրեսիայի մասին է լայն իմաստով, այդ թվում՝ խոսքի ու գործողությունների։

Մի օր արթնանանք ու պարզենք, որ անգամ իրավապահները գործերի քննությունների ժամանակ, անգամ հանցագործների նկատմամբ բռնություն չեն կիրառում։ Ագրեսիան ու բռնությունը վերանան նաեւ սոցցանցերից։ Չէ՞ որ այն հայհոյախոսությունն ու չարությունը, որոնց հանդիպում ենք համացանցում, նույնպես ագրեսիա են եւ բռնություն։ Բռնություն մարդկանց ազատ կամքի, ազատ արտահայտման դեմ։ Բռնություն են նաեւ այն քաղաքական սպառնալիքներն ու շանտաժը, որին ականատես ենք մենք գրեթե ամեն օր։ Եթե համակարգչի առջեւ նստած գիտաշխատողն իր ներսում կուտակված չարությունն արտահայտում է ֆեյք պրոֆիլով հայհոյանքներ գրելով, ապա քաղաքական այրերը դա անում են բարձր ամբիոններից։

Եվ այս հարցում առաջինը քաղաքական շանտաժից ու ագրեսիվ պահվածքից պետք է հրաժարվեն երկրի առաջին դեմքերը, հատկապես՝ վարչապետը։ Եթե կառավարության ղեկավարի իմիջի վրա աշխատող մասնագետներ կան, որոնք խորհուրդ են տալիս, թե ինչ հագնի, ինչպես հարդարվի, ապա շատ ավելի կարեւոր է, որ նրան խորհուրդ տան՝ խոսելիս չբղավել, քաղաքական հակառակորդներին չվիրավորել, չսպառնալ ու շանտաժի չդիմել։ Առհասարակ՝ քաղաքականությունը կոմպրոմիսների ու դիվանագիտության արվեստ է, եւ հիստերիան ու անհամբերությունը, ուզածն ամեն կերպ անցկացնելու մեթոդներն արդարացված չեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ