29 09 2018

Վերջին ամիսներին համոզվեցինք՝ մեր երկրում ոչ մի ինստիտուտ չի կայացել․ «Հրապարակ»

Վերջին ամիսներին համոզվեցինք՝ մեր երկրում ոչ մի ինստիտուտ չի կայացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Վերջին ամիսները ոչ միայն հեղափոխական էյֆորիայի եւ հաղթական բերկրանքի ժամանակաշրջան էին, այլեւ բացահայտումների եւ դառը հիասթափությունների։ Ճիշտ է՝ հակակոռուպցիոն պայքարը շեշտակի հաջողություններ չի արձանագրել, եւ Մանվելի «տուշոնկաներից» բացի այլ քիչ թե շատ նշանակալի բացահայտում չի եղել, բայց խորքային բացահայտումներ՝ ինչքան ասես։

Օրինակ, մենք համոզվեցինք, որ մեր երկրում գրեթե ոչ մի ինստիտուտ չի կայացել․ ո՛չ քաղաքական կուսակցություններն ու խորհրդարանն են կայացած, ո՛չ տեղական ինքնակառավարման մարմինները, ո՛չ դատական համակարգն ու քննչական մարմինները, ո՛չ հասարակական ու քաղաքացիական սեկտորը, ո՛չ դիվանագիտական կառույցներն ու պետական կառավարումը։ Որտեղ մատդ դնում ես, պարզվում է՝ տակը փուչ է։ Որ կառույցին ձեռք են տալիս, պարզվում է՝ ոչ նորմալ մասնագետներ կան, ո՛չ համակարգերն ու մեխանիզմներն են գործում, ո՛չ էլ անգամ տարրական ինքնապաշտպանական բնազդ ունեն, որ քանդման պրոցեսի դեմ պայքարեն։

Ազգային ժողովը՝ երկրի գլխավոր քաղաքական մարմինը, պարզվեց, անդեմ ու անողնաշար, ամորֆ զանգվածից է կազմված։ Սահմանադրական դատարանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Բարձրագույն դատական խորհուրդը, Հանրային խորհուրդը, արհմիությունները, բուհերը՝ իրենց կառավարման խորհուրդներով, Գիտությունների ակադեմիան՝ իր բազում ինստիտուտներով, նախագահի աշխատակազմը, Քաղծառայության խորհուրդը, ստեղծագործական միությունները եւ շատ այլ կառույցներ հեղափոխությունից հետո հայտնվեցին կաթվածահար, շփոթահար վիճակում՝ իրենց անելիքը չգիտեն, բացարձակ անորոշության մեջ են։

Եվ այնքան հողը խախուտ է ոտքերի տակ, որ միայն մի բան են այս ընթացքում փորձում անել՝ հանդիպել Նիկոլին, տեղեկանալ, թե ինչ է սպասվում իրենց, շահել բարյացակամությունը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ