20 09 2018

Ադրբեջանը գտնում է, որ ՀՀ-ում ստեղծված իրավիճակը բարենպաստ է պատերազմ սկսելու համար. ռուս փորձագետ․ «168 ժամ»

Ադրբեջանը գտնում է, որ ՀՀ-ում ստեղծված իրավիճակը բարենպաստ է պատերազմ սկսելու համար. ռուս փորձագետ․ «168 ժամ»

«168 Ժամի» զրուցակիցն է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն,  ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը․

– Պարոն Եվսեև, վերջին մի քանի օրերի ընթացքում չեն դադարում մտահոգիչլուրերը հայ–ադրբեջանական սահմանից: Ադրբեջանական կողմը կրկին սկսել էակտիվորեն գնդակոծել հայկական կողմը և՛ Ադրբեջանից, և՛ Նախիջևանից: Ըստ Ձեզ` այս փուլում ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի նմանատիպակտիվությունը, և ինչի՞ պետք է պատրաստ լինել:

– Նման զարգացումների հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պետք էր սպասել: Պատահական չէր նաև այն, որ վերջերս Նախիջևանում ադրբեջանական կողմը դիրքերի փոփոխման գործողություններ նախաձեռնեց` նոր դիրքեր գրավեց, առաջ մղեց նախկին դիրքերը, դուրս եկավ ուղիղ կրակային դիրքի, կարևոր ճանապարհներն առավ նշանառության տակ: Ուստի ընդհանուր առմամբ սրումը սպասելի էր, այդ հատվածում ակտիվությունը՝ ևս: Նախիջևանի ուղղության պարագայում կխոսեի նաև թուրքական գործոնի մասին, որովհետև Թուրքիան ունի ներկայություն Նախիջևանում, ունի շահեր` ազատ առևտրի գոտի, երկաթուղի, և այլն: Իհարկե, առանց Ադրբեջանի դա տեղի չի ունենում, երկու կողմից էլ կա հստակ հետաքրքրություն:

Թուրքիայի հետաքրքրությունն Ադրբեջանին աջակցելն ու Հայաստանի նկատմամբ ճնշման նոր բաղադրիչ ստեղծելն է, այդ մասին Թուրքիայի նախագահը նաև հրապարակային է արտահայտվում: Կարծում եմ` այս ուղղությունից նախաձեռնվող գործողությունների նպատակը ՀՀ ԶՈՒ ուշադրությունը ԼՂՀ-ից շեղելն է, թուլացնելը ԼՂՀ պաշտպանությունը: Սա ցանկություն է՝ մաքսիմալ կերպով թուլացնել Արցախի պաշտպանությունը, քանի որ չեմ կարծում, թե Նախիջևանից մասշտաբային հարձակում տեղի ունենա: Հայաստանը պետք է կարողանա տվյալներ, փաստեր հավաքել այդ խախտումների մասին, ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է պնդի հետաքննական մեխանիզմների ներդրման հարցը, պետք է Ադրբեջանից պահանջել համաձայնություն այս հարցում:

Ծայրաստիճան վտանգավոր է թուլացնել արցախյան ուղղությունը, որը կարող է հանգեցնել 2016 թվականի ապրիլյան պատերազմի կրկնությանը, առանց այն էլ դրա հավանականությունը բավականին բարձր է, չի կարելի թուլացնել Արցախը, պետք է ֆիքսել բոլոր խախտումները տեխնիկական միջոցներով և միջազգային հանրության հետ աշխատանք իրականացնել՝ պահանջելով պատժել իրավիճակի սրման մեղավորներին:

– Կարծիքներ են շրջանառվում, որ Ադրբեջանին ձեռնտու չէ պատերազմը, և Ադրբեջանը պատերազմ չի սկսի:

– Բնականաբար, որևէ երկրի ձեռնտու չէ պատերազմը որևէ երկրի հետ: Բայց պատերազմի վերսկսման հավանականությունը չափազանց բարձր է այն պատճառով, որ Ադրբեջանը ստեղծված իրավիճակը բարենպաստ է համարում, կարծում, որ գուցե չլինի համարժեք պատասխան:

-Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և նման ագրեսիայի դեպքում կարող է դիմել ՀԱՊԿ–ին՝ համապատասխան աջակցություն ստանալու նպատակով: Նման իրավիճակներում այս թեման Հայաստանում շատ է արծարծվում: Մեկ այլտեսակետի համաձայն, թիրախավորելով հայկական գյուղերը ՀՀ նորիշխանությունների օրոք՝ Ադրբեջանը ստուգում է ՀՀ նոր իշխանությունների ու ՀԱՊԿ–ի, Մոսկվայի միջև համաձայնությունների, հարաբերությունների ամրությունը: Հայաստանը դեռ չի դիմել ՀԱՊԿ–ին, բայց չի բացառվում, որ ինչ–որ պահի դիմի: Ինչպիսի՞ արձագանք է պետք սպասել ՀԱՊԿ–ից:

– ՀԱՊԿ-ին այս հարցում օգտագործելը դժվար է, ԼՂ հակամարտության հետ կապված հարցերում Ղազախստանը կպաշտպանի Ադրբեջանին: ՀԱՊԿ ներկայիս գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեպքը ՀԱՊԿ անդամ երկրների մոտ խիստ բացասական վերաբերմունք է առաջացրել ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ: Ուստի ՀԱՊԿ ներուժն այս հարցում օգտագործելու հավանականությունը շատ քիչ է, հայկական կողմն ավելորդ հույսեր չպետք է ունենա:

Սակայն Հայաստանն այլ տարբերակ ունի, կարող է Ռուսաստանի հետ աշխատել լարումը թուլացնելու համար, ՌԴ-ն ՄԽ անդամ է, Հայաստանի գործընկերն է, հայ-ռուսական համատեղ զորամիավորում կա, հայ-ռուսական հարաբերություններում առկա են անհրաժեշտ հիմքեր Ռուսաստանի միջոցով Ադրբեջանի ագրեսիան թուլացնելու համար: ՀՀ-ն պետք է աշխատի նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ՝ սադրանքներ թույլ չտալու համար: Սա առաջնահերթություն է:

Չնայած ՀԱՊԿ-ը չի աջակցի Հայաստանին, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ում այս հարցը պետք է բարձրացնի: Սա պետք է Հայաստանի անվտանգային քաղաքականության մի բաղադրիչը լինի: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ստուգումներին, կարծում եմ` Ադրբեջանը դրա կարիքը չունի: Ինչպես ասացի, շատ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանի հակառակորդ երկիրն այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ համարում է բարենպաստ ռազմական գործողությունների վերսկսման համար: Ադրբեջանը հիանալի կերպով հասկանում է, թե ինչպիսին կարող է լինել ՀԱՊԿ-ի արձագանքը կամ ՀԱՊԿ-ում ԼՂ հակամարտության հետ կապված հարցի քննարկումները։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ