14  09  2018

ՀՀ-ում փոքրիկ զինված խմբավորումներ ստեղծվել են օրենսդրական բացի պատճառով․ «Ժողովուրդ»

ՀՀ-ում փոքրիկ զինված խմբավորումներ ստեղծվել են օրենսդրական բացի պատճառով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ռեյդեր» իրականացնելու, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին «ասֆալտներին պառկեցնելու և զինաթափելու» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին տված հանձնարարականից հետո հետաքրքիր պատկեր է բացահայտվել:

Շատ օլիգարխներ կամ նախկին պաշտոնյաներ ստեղծել են իրենց մասնավոր պահնորդական կազմակերպություններն ու օգտվում են դրանց ծառայությունից: Ընդ որում, այդ ամենը նրանք հիմնադրել են միանգամայն օրինական ճանապարհով. այդպիսի բան է նախատեսված ՀՀ օրենսդրությամբ:

Արդյունքում ստացվում է, որ պետության մեջ ստեղծվել են փոքրիկ զինված խմբավորումներ (որոշ դեպքերում՝ բանդաներ հիշեցնող), և սա օրենսդրական բացի պատճառով: Եթե նախկինում թիկնապահ տրամադրում էր ոստիկանության ՊՊԳՎ-ն, ապա 2012թ. ուժի մեջ է մտել «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենք, համաձայն որի` 500 հազար դրամ պետական տուրք մուծելուց հետո կարելի է ոստիկանությունից լիցենզիա ստանալ ու բացել պահնորդական ընկերություն, զինված մարդիկ։

Արդյունքում ստացվել է այնպես, որ նախկին իշխանության շատ ներկայացուցիչներ այսօր ունեն նման կազմակերպություններ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Ալֆա Դելտա» ընկերության իրական տերն, օրինակ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին է՝ Արման Սահակյանը, «Երկրապահ սեքյուրիթի» պահնորդական ընկերության անունից պարզ է՝ այն առնչվում է ԵԿՄ-ին, հիմնադիրը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի որդին է՝ Արմանը:

«Լեգիոն» պահնորդական ընկերությունը, որ նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տների պահպանությունն է իրականացնում, պատկանում է Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի մորաքրոջ որդուն` Եղիշե Սիմոնյանին: ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանին են պատկանում «Գրիֆ» և «Միհր» պահնորդական ընկերությունները:

Իսկ «Սպեցնազ» ՍՊԸ-ն պատկանում է Պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանին, հիմնադիրն էլ նրա կինն է՝ Գայանե Մինասյանը: Ու հիմա ստացվում է, որ Փաշինյանի իշխանությունը բացի «ռեյդեր» անելուց, պետք է օրենսդրությունը փոխի և ոլորտը ոստիկանության կամ ԱԱԾ-ի տրամադրության տակ դնի: Այլընտրանքը զինված խմբավորումների գոյությունն է «օրենքի» սահմաններում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ