12  09  2018

Կադրային ջարդ՝ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում. Hraparak.am

Կադրային ջարդ՝ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում. Hraparak.am

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն մեկ ամիս աշխատում էր առանց ղեկավարի։ Այս մեկ ամսում աշխատանքից ազատվողներ չեղան, սակայն նոր պետի Սահրատ Պետրոսյանի գալով՝ համակարգում իսկական կադրային կոտորած սկսվեց։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը: Անգամ մի քանի ամսվա աշխատողներին է առաջարկվում դիմում գրել։

Պատճառաբանությունը մեկն է՝ մենք ձեզ հետ չենք կարող աշխատել։ «Ես ընդամենը վեց ամիս առաջ էի ընդունվել գործի, հազիվ էի այդ աշխատանքը գտել։ Կանչեցին ասեցին՝ պետք է դիմում գրես»,- գանգատվում էր երիտասարդ քաղծառայողներից մեկը։ Կադաստրի համակարգը Հայաստանում ամենակայացած պետական մարմիններից էր։ Ցանկացած փաստաթուղթ կարելի էր ստանալ մեկ-երկու ժամում, առանց ավելորդ քաշքշուկի։ 2012 թվականից կադաստրը վարվում է ավտոմատացված համակարգով, սպասարկման գրասենյակներն աշխատում են ժամացույցի ճշգրտությամբ։ Համակարգն այս շատ առաջ էր քաղաքացիներին սպասարկող այլ կառույցներից, օրինակ, ԴԱՀԿ-ից։

«Մենք միշտ օրինակ էինք մյուսների համար։ Այո, պետտուրքերը բարձր էին, բայց մենք ինքներս բարձրաձայնում էինք բարձր պետտուրքերի մասին»,- մեզ հետ կիսվեց նախկին աշխատողներից մեկը։ Նա չցանկացավ անունը հայտնել՝ ասելով․ «Չեմ ուզում մտածեն, թե նեղացածներից եմ։ Խոսում եմ, որովհետեւ մասնագետների հետ այսպես չի կարելի վարվել»։ Մենք հարցեր ուղարկեցինք Կադաստրի կոմիտեի ղեկավարին եւ կոմիտեի տեղեկատվության բաժնից ստացանք պատասխաններ։ Ի դեպ, այս բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է Ռուզան Խաչատրյանը, որը նախկինում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսնակն էր։

Նա հայտնում է, որ Սարհատ Պետրոսյանի օրոք աշխատանքից ազատվել են 21 նախկին աշխատակիցներ, իսկ ընդունվել են 7-ը։

«Նույն ժամանակահատվածում եղել է ևս 8 նշանակում։ Այդ 8 պաշտոնները թափուր էին մինչև Սարհատ Պետրոսյանի նշանակումը»։

ՀԳ․ Հարցերին լիարժեք պատասխան չստացանք, ինչը հաստատում են մեր տեղեկությունները կադրային ջարդի մասին եւ համոզմունքը, որ կադրերը Նիկոլ Փաշինյանի աքիլեսյան գարշապարն են։ Նրա օրոք ավելի է խորացել նախկին իշխանություններից ժառանգած ծանոթ-բարեկամ, քավոր-սանիկության հիմունքներով մարդկանց գործի ընդունելու սկզբունքը։ Փաստորեն, եթե Սարհատ Պետրոսյանի պաշտոնավարման առաջին օրն ու շաբաթ-կիրակիները հանենք, ապա կստացվի, որ նա օրական մի մարդ է ազատել աշխատանքից։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ