12  09  2018

Խայտառակությանը հաջորդած կրկնակի խայտառակ ասուլիս․ «Հայոց աշխարհ»

Խայտառակությանը հաջորդած կրկնակի խայտառակ ասուլիս․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ու Հատուկ քննչական ծառայության պետը երեկ, ինչպեսեւ նրանց հանձնարարել էր Նիկոլ Փաշինյանը, համատեղ ասուլիս էին հրավիրել՝ փորձելով խուսանավել իրենց հեռախոսային գաղտնալսված ու հրապարակված խոսակցությունից ու ցրել դրա թողած պայթուցիկ տպավորությունը:   

Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը ասուլիսին, ի տարբերություն գաղտնալսված խոսակցության, ներկայացել էին արդեն համապատասխան դիմակներով՝ որպես օրինականության ու պարկեշտության մարմնավորում:   

Պետական կարեւորագույն մարմինների՝ հատուկ ծառայության եւ քննչական առանցքային մարմնի ղեկավարները, որ հրապարակված խայտառակ ձայնագրությամբ արձանագրված խոսակցության մեջ անկաշկանդ խոսում էին դատավորին կալանքի որոշում կայացնելու հրահանգ տալու եւ համանման բաների մասին, երեկվա ասուլիսում ճգնում էին համոզել, թե հիշյալ ձայնագրության մեջ իրենք այլ բան են ասել, կամ ընդհանրապես չեն ասել այն ամենը, ինչ ձայնագրվել է: Չնայած հաստատում են, որ այո, հենց իրենք են խոսում, եւ դա շինծու նյութ չէ:   

Իհարկե, հետաքրքիր էր, թե զուտ մասնագիտական տեսանկյունից ի՞նչ կասի իր եւ ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսման մասին ԱԱԾ տնօրեն Ա.Վանեցյանը։ «Շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի խոսակցությունը: Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված՝ կլինի մանրակրկիտ քննություն ու կպարզվի ձայնագրման աղբյուրը»,- հայտարարեց նա:   

Այն, որ ԱԱԾ տնօրենը դատավորին կարգադրում է, որ կալանքի որոշում կայացնի, լրիվ բնական ու նորմալ է ու տեղավորվում է փաշինյանական «արդարադատության» եւ «օրինականության» ընկալումներում: Դե, իհարկե, ինքը ո՛չ անձամբ, ո՛չ իր նշանակած բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով դատավորներին չի զանգում, չի հրահանգում, ՀՔԾ պետն էլ անկախ ու ինքնուրույն է գործում, բացառապես օրենքով ու համակողմանի քննություն իրականացնելու սկզբունքներից ելնելով: Ճիշտ է, անմեղության կանխավարկած ասվածի վրա թքա՛ծ ունենալով: Հետաքրքիր էին նաեւ թե՛ Արթուր Վանեցյանի, թե՛ Սասուն Խաչատրյանի այն մեկնաբանությունները, որ նշված ձայնագրությունը հրապարակվել է իրենց գործունեությունը կասեցնելու նպատակով:   

«Մենք պայքար ենք տանում կոռուպցիայի, կաշառակերությամբ հարստացած, մարդկանցից խլած եւ հարստացած մարդկանց դեմ: Այդ մարդիկ ունեն ահռելի գումարներ, հավատացեք, այն գումարները, որ հնչեցվում են, կեսի կեսն է: Այսօր մենք, ի դեմս ՀՔԾ ղեկավարի, քննչական կոմիտեի, ոստիկանության՝ սկսել ենք մի գործ եւ հասցնում ենք այն ավարտին, եկել հասել ենք մի տեղ, որ արդեն պետք է վերջակետը դրվի, ու վերջակետը դնելուց առաջ արվել է այն, ինչ ավել է»,- մասնավորապես ասած ԱԱԾ տնօրենը:   

Գրեթե նույնական ձեւակերպում էլ ՀՔԾ պետը հնչեցրեց, թե՝ ձայնագրության հրապարակման նպատակը «Մարտի 1»-ի նոր գործով քննությանը խոչընդոտելն է եւ այդպես շարունակ՝ նույն ոգով: Շա՜տ հետաքրքիր է: Իսկ իրականության մեջ դեմագոգիայի, կոնկրետ խնդրո առարկան շրջանցելու, պատասխանատվությունից խուսափելու եւ ուշադրություն շեղելու նպատակով այլ հայտարարություններ անելու դասական դեպք ու նմուշ է:   

Այդ երկու պաշտոնյաները երեկ կարող էին միայն մի բանի մասին հայտարարել՝ իրենց հրաժարականների: Թերեւս նշելով, որ գործերը հանձնում են հաջորդներին, ովքեր կշարունակեն ակնարկված պայքարը, բայց արդեն առանց հակաօրինական պահվածքի ու վերաբերմունքի:  

Ու կաշառակերության դեմ պայքարի կամ թալանվածը հետ բերելու մասին մոդայիկ բառակապակցություններով հազիվ թե կարելի է կոծկել արդեն իսկ արձանագրված խայտառակությունը: Վաղը-մյուս օրը, հնարավոր է, գաղտնալսողներին էլ բացահայտեն, պատասխանատվության էլ ենթարկեն: Խնդիր չէ: Դրանից չի չեզոքանալու եւ վերանալու այն փաստը, որ ԱԱԾ տնօրենը, պաշտոնական դիրքը չարաշահելով, ճնշում է գործադրել կոնկրետ դատավորի վրա:   

Որ ՀՔԾ պետը ընդգծված կանխակալ մոտեցում ունի մեղադրյալների նկատմամբ, չնայած քննությունը դեռ չի էլ ավարտվել, եւ բոլոր փաստերն ու տվյալներն ի մի չեն բերվել: Նա կամ իր ղեկավարած քննիչներն ինչպե՞ս կարող են որեւէ գործ համակողմանի եւ օբյեկտիվորեն քննել:   

Այո, երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլի աղմկահարույց հայտարարություններ արեց: Օրինակ, որ բանակը 2008-ի մարտի 1-ին օգտագործվել է օլիգարխների սեփականությունը պահպանելու համար կամ կրակել է հրազենից, իսկ ներքին զորքերի ծառայող Տիգրան Աբգարյանին հատուկ ջոկատայիններն են սպանել, որպեսզի ապահովեն արտակարգ դրություն սահմանելը, ու էլի նման բաներ: Բայց ո՞վ է դա հայտարարում։ Մի պաշտոնյա, որը երեկ բացահայտորեն փորձում էր համոզել, թե ինքը չի ասել այն ամենը, ինչը արձանագրվել է խայտառակ ձայնագրությամբ: Եվ հետո, այդ բոլոր ասածները դեռ դատարանում ապացուցե՛լ է պետք: Ո՛չ Արթուր Վանեցյանի հրահանգավորած դատավորի վարած դատաքննության պայմաններում, իհարկե:   

Ի դեպ, պարզվում է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ մեկ այլ գործ էլ է հարուցվել: Համենայն դեպս հայտարարվեց, որ արդեն հարուցվել է քրեական գործ՝ պարզելու, թե ինչ ծագում ունի նրա ունեցվածքը:   

Այս ամենին էլ, իհարկե, դեռ արձագանքներ ու հակադարձումներ կլինեն: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, աղմկահարույց նորանոր հայտարարությունները, կոնկրետ տվյալ պաշտոնյաների պարագայում, ընդգծված նպատակ էին հետապնդում՝ հանրության ուշադրությունը շեղել իրենց խայտառակող հրապարակված ձայնագրությունից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ