11  09  2018

Աբսուրդ է գազի գնագոյացման շուրջ Պուտինի հետ զրուցելը, եթե դա քո իրավասության ներքո գտնվող հարց է. առաջին կարգի խորհրդական․ «168 ժամ»

Աբսուրդ է գազի գնագոյացման շուրջ Պուտինի հետ զրուցելը, եթե դա քո իրավասության ներքո գտնվող հարց է. առաջին կարգի խորհրդական․ «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է․ ««Ես չնկատեցի, որ այն խնդիրները, որոնք հնչել էին ռուսական կողմից, դուրս եկան օրակարգից, որովհետև Լավրովի դժգոհությունները, ՀԱՊԿ-ի դժգոհությունները չեզոքացած չեն: Ղեկավարները, կարծում եմ, հարցերի բավականին լայն սպեկտր են քննարկել, բայց չտեսա, որ Մոսկվային անհանգստություն պատճառող հարցերը վերացած են: Ուստի խոսքերն այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են՝ Փաշինյանինն են»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով սեպտեմբերի 8-ի Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքներին: 

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ Ռուսաստանի գազն էժան սակագնով ստանում է «Գազպրոմ» ընկերությունը, ոչ թե Հայաստանի քաղաքացին, այսինքն՝ սահմանին գազը թանկանում է: Հարցին, թե իսկապե՞ս ՌԴ նախագահը տեղյակ չի եղել, թե ինչ փոփոխություններ է կրել գազի գինը սահմանին, Կոլերովը պատասխանել է. «Չեմ կարծում, որ Պուտինը չի քնում և օրուգիշեր Հայաստանում գազի գնի մասին է մտածում: Նրան այդ դետալները, բնականաբար, չեն հետաքրքրում: Այս հարցը գտնվում է ՀՀ իշխանությունների տիրույթում: Ներկայումս գլխավոր հարցը ՀՀ-ի համար գազի գների հարցում հետևյալն է՝ ով է ստանում օգուտ գազի գնի սահմանին բարձրացված արժեքից, ովքեր են այդ գնի շահառուները: Բնականաբար, ես կարծում եմ, որ սահմանի գինը պետք է կենցաղային գնից տարբերվի, բայց տարբերությունը մեծ չպետք է լինի:

Պետք է հասկանալ՝ ինչպես է օգուտը բաշխվում, ինչպես է գնագոյացումը տեղի ունենում: Աբսուրդ է այդ մասին Պուտինի հետ զրուցելը, երբ դա քո իրավասության ներքո գտնվող հարց է: «Գազպրոմ Արմենիային» պետք է ուղղել այդ հարցերը»: 

Դիտարկմանը, թե երևի այդ հարցը քննարկվել է նման մակարդակով, քանի որ «Գազպրոմ Արմենիան» ռուսական ընկերություն է, «Գազպրոմի» 100 տոկոսանոց դուստր ընկերությունը և հարցն անուղղակիորեն առնչվում է նաև Ռուսաստանին և նման առանցքային ընկերության, ինչպիսին «Գազպրոմն» է, նա այսպես է արձագանքել. «Բայց այդ ընկերությունը Հայաստանի ռեժիմով է, չէ՞, աշխատում, ՀՀ իշխանությունների ներքո: ՀՀ իշխանությունը կարող է «բացել», ուսումնասիրել այս հարցը, բացահայտել նման գնագոյացման հետևանքով մեծ շահույթներ ստացողներին: Այս տրամաբանությամբ կարելի է հարցը քննարկել Թրամփի հետ»»,-գրում է թերթը:Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ