11  09  2018

Լավ ապրելու հույսերը գնալով մարում են․ «Հայոց աշխարհ»

Լավ ապրելու հույսերը գնալով մարում են․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Հասարակական կյանքում դրական փոփոխություններ մտցնելու առումով հեղափոխական ուժերի տված խոստումները որեւէ կերպ չեն իրականանում։ Ընդհակառակը, կառավարության գործունեության չորս ամիսների ընթացքում սոցիալական վիճակը Հայաստանում ոչ միայն ոչնչով չի բարելավվել, այլեւ ավելի է վատացել։   

Գործադիրի տնտեսական բլոկի ղեկավարները հայտարարում են, թե անիմաստ է արագ փոփոխությունների սպասել։ Թռիչքային աճ չի լինի։ Տնտեսական զարգացումների արդյունքները հասարակությունը կարող է զգալ լավագույն դեպքում երկու տարի հետո, եթե, իհարկե, հաջողվի պահպանել աճի տեմպը։ Իսկ դա այնքան էլ դյուրին չի լինելու։   

Վերջին շրջանում ներքին տնտեսության մեջ տեղի ունեցող ոչ ցանկալի դրսեւորումներին միացել են նաեւ արտաքին մարտահրավերները։ Դրանք կապված են հումքային որոշ ապրանքների միջազգային գների, Հայաստանի դիրքերի թուլացման, Ռուսաստանի ներքին տնտեսական վիճակի հետ։   

Միացյալ Նահանգների կիրառած նոր պատժամիջոցները բավականաչափ սրել են իրավիճակը ՌԴ տնտեսության ու ֆինանսական հատվածում։ Նկատելի է ռուբլու դիրքերի թուլացում, որը կարեւոր ազդեցություն ունի ինչպես այս շուկայում հայկական ապրանքների իրացման, այնպես էլ Հայաստանի սոցիալական ու տնտեսական միջավայրի վրա։   

Ռուբլու թուլացումը արդեն իսկ սկսել է նկատվել տրանսֆերտային հոսքերի վրա։ Անցած տարվանից սկիզբ առած վերականգնումը դադարել է։ Հուլիսին Ռուսաստանից ստացված ֆինանսական փոխանցումներն այլեւ նվազել են։   

Առաջիկայում հասարակությունը կզգա սրա սոցիալական հետեւանքը, եթե արդեն չի զգացել։ Ֆինանսական շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ռուբլին թուլացել է՝ հանգեցնելով այդ արժույթով հասարակության ստացվող եկամուտների անկման։ Սակայն սոցիալական վիճակի հետ կապված ճնշումը միայն դրանով չի սահմանափակվում։ Բազմաթիվ ապրանքային շուկաներում իշխանափոխությունից հետո նկատելի է գնաճային միջավայրի ընդլայնում։ Առանձին առաջին անհրաժեշտության լայն սպառման ապրանքներ այս տարի կրկնակի-եռակի թանկ են։   

Առաջիկայում սպասվում է հացամթերքների գների բարձրացում՝ կապված Վրաստանի կառավարության՝ ցամաքային ճանապարհով հացահատիկի եւ ալյուրի տեղափոխման արգելափակման հետ։ Թեեւ հայտարարվեց, որ Վրացական երկաթուղին պատրաստ է որոշակի զեղչեր կիրառել հայկական այդ ապրանքատեսակների տեղափոխման համար, այնուհանդերձ դեռ հարց է, թե դա որքանով հնարավորություն կտա գոնե այս փուլում խուսափել թանկացումից։ Մոտավոր հաշվարկներով, ներմուծման գինը տոննայի հաշվով կբարձրանա 25-50 դոլարով, ինչը չի կարող չհանգեցնել հացամթերքների ներքին շուկայի թանկացման։  

Ակնհայտ է, որ մինչ իշխանափոխությունից հետո հասարակությունը սպասում էր գների նվազման, այսօր հակառակն է տեղի ունենում։ Ընդ որում՝ դրա պատճառներից մեկն էլ կառավարության երբեմն չկշռադատված քայլերն են։ Իշխանափոխությունը եթե չի վնասել, ապա ոչնչով չի նպաստել աշխատատեղերի ավելացմանը։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի տնտեսությունը կորցրել է ներդրումային՝ առանց այն էլ աչքի չընկնող գրավչությունը։ Խոստացած ներդրումային բումից ոչինչ չի մնացել, չնայած կառավարությունը շարունակում է խոստումներով կերակրել հասարակությանը։ Օրերս տնտեսական զարգացման նախարարը խոսում էր 1 մլրդ դոլար ներդրումային խոստումների մասին, որոնցից իբր թե իրական է համարվում 240 միլիոնը։   

Ե՞րբ, ի՞նչ ժամկետում են լինելու այդ ներդրումները, ոչինչ հայտնի չէ։ Որեւէ կոնկրետություն չկա։ Դա կասկածի տակ է դնում հիշյալ ներդրումների իրականացման հավանականությունը։ Արդեն իսկ առանց վարանելու կարելի է ասել, որ նախանշվող 240 մլն դոլարից անգամ կեսը չի իրականանալու։ Կառավարության խոստացած աշխատավարձի բարձրացման հույսերը, որին հասարակությունը սպասում էր դեռեւս հեղափոխության առաջին օրերին, նույն արագությամբ մարեցին։   

Տեղային ինչ-ինչ լուծումներից բացի, պետական բյուջեից ֆինանսավորվող աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում նաեւ հաջորդ տարի։ Կառավարությունը մտադիր չէ փոխել նույնիսկ նվազագույն աշխատավարձի շեմը, ինչը կարող է որոշ չափով նպաստել սոցիալական առավել խոցելի խմբերի եկամուտների ավելացմանը։  

Աշխատավարձի բնականոն աճի տեմպը Հայաստանում շարունակում է ցածր մնալ։ Ավելին՝ իշխանափոխությունից հետո առանձին ամիսներին նույնիսկ միջին աշխատավարձի նվազում է արձանագրվել։   

Տարիներ շարունակ խոսելով հանրային ծառայությունների, մասնավորապես էներգակիրների բարձր սակագների առկայության մասին, կառավարության ղեկավարումը ստանձնած քաղաքական ուժերը այժմ հայտնվել են ծանր կացության առջեւ։ Ոչ մի կերպ չեն կարողանում գտնել հիմքեր՝ արդարացնելու նախկին հայտարարությունները չհիմնավորված բարձր սակագների վերաբերյալ։  

Մինչ հասարակությունը դեռ հույսով սպասում է, այլեւս ակնհայտ է, որ էներգակիրների՝ մասնավորապես հոսանքի եւ գազի սակագները եթե չբարձրանան, ապա չեն նվազի։ Այդ մասին ոչ ուղղակիորեն, բայց սկսել է ակնարկել նաեւ կառավարության ղեկավարը։ Մինչդեռ ոչ վաղ անցյալում նա բոլորովին այլ բան էր մատուցում հասարակությանը ընդդիմադիր դիրքերից։ Այնպես, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում։    Ինչեւէ, գնաճը, աշխատավարձերն ու աշխատատեղերը, հանրային ծառայությունների գները այն հիմնական ուղղություններն են, որոնք իրենց անմիջական ազդեցությունն են ունենում հասարակության սոցիալական կյանքի վրա։ Թե իշխանափոխությունից հետո ինչ է փոխվել այդ ուղղություններով, ակնհայտ է։   

Թերեւս պատահական չէ, որ հասարակության սոցիալական վիճակը լավանալու փոխարեն, ինչը մարդիկ ակնկալում էին իշխանափոխության օրերին, գնալով վատանում է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ